Շինարարական ընկերությունների ղեկավարները խոստովանում են, որ իրենց նախագծերն անժամկետ կասեցվել են:
Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող շտապ հավաքագրված մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, որտեղ ներկայացված է նաեւ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը՝ 75 700 մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի՝ 74 700-ի համեմատությամբ: Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, անցած 2 ամիսների ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է ընդամենը 1000-ով: Իրականում, սակայն, այդ թիվն ավելի մեծ է հենց միայն շինարարության ոլորտում: Վերջին տարիներին Հայաստանի երկնիշ տնտեսական աճն ապահովող տնտեսության այս ճյուղում ճգնաժամի ազդեցությունն առավել ակնառու է: Ֆինանսական միջոցների բացակայության եւ առաջիկա իրավիճակի բացարձակ անորոշության հետեւանքով, այսօր արդեն, բացի պետական միջոցներով իրականացվող փոքրաթիվ նախագծերից, մասնավոր շինարարության, հատկապես՝ բնակարանաշինության զգալի մասը դադարեցված է: Ու թեեւ շուկայում նկատվում է շինանյութերի գների անկում, այնուամենայնիվ, հատկապես բնակարանաշինական նախագծերի հաջող իրականացման համար կարեւոր է ոչ միայն շինարարության ընթացքը, այլեւ բնակարանների իրացումը: Ներկայումս բնակարանների պահանջարկը գրեթե բացակայում է, ուստի ներդրողներն առավել նպատակահարմար են համարում առայժմ սառեցնել շինարարությունը, ինչը նշանակում է՝ նաեւ հազարավոր աշխատատեղերի սառեցում:
Պաշտոնական տվյալներով, շինարարության ոլորտում զբաղված է 91 400 մարդ, որոնցից 75 400-ը՝ մասնավոր հատվածում: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության նախորդ տարի հրապարակած տվյալների՝ շինարարության ոլորտում ներգրավված անձանց 74,4%-ի զբաղվածությունը թաքնված է: Այսինքն՝ 68 000 հոգի աշխատում է առանց գրանցվելու:
Մասնագետների հավաստմամբ՝ իրականում այդ թիվն ավելի մեծ է: Շինարարական ընկերություններից շատերն աշխատողներին հավաքագրում են՝ առանց պայմանագրեր կնքելու: Դա վերաբերում է հատկապես մարզերից Երեւան եկող օրավարձով աշխատողներին, որոնք առավել անպաշտպան են գործատուի կամայականությունների առջեւ: Հաճախակի են դեպքերը, երբ շինարարական ընկերությունն ազատում է իր ստվերային վարձու աշխատողներին՝ առանց վճարելու նրանց հասանելիք գումարը: Հրազդանաբնակ շինարարների խումբը, որի հետ զրուցեցինք, եւս հայտնվել է նման իրավիճակում. երեւանյան հայտնի շինարարական ընկերություններից մեկը նրանց հայտնել է, որ ֆինանսների բացակայության պատճառով աշխատանքները անհայտ ժամանակով դադարեցվում են, եւ որ արված աշխատանքի համար նրանք իրենց վարձը կստանան միայն այն ժամանակ, երբ ընկերությունը կկարողանա ֆինանսներ հայթայթել: Իսկ թե դա երբ կլինի՝ բազմանդամ ընտանիքներ կերակրող եւ սոցիալական վատ վիճակում գտնվող շինարարներին հայտնի չէ: Չեն էլ կարող որեւէ տեղ բողոքել, որովհետեւ գրանցված չեն: Նրանք անգամ խնդրեցին չհրապարակել այդ ընկերության անունը, քանի որ չեն ուզում կորցնել իրենց, թեկուզ մազից կախված, աշխատատեղերը: Մանավանդ որ, առաջիկայում շինարարության ոլորտում աշխատատեղ գտնելն էլ ավելի է դժվարանալու նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների մեծ մասն, այնտեղ աշխատանքը կորցնելով, վերադառնում է Հայաստան:
Հրազդանցի շինարարների օրինակը, ցավոք, եզակի չէ: Սակայն նման վիճակում հայտնված բազմաթիվ վարձու աշխատողները չեն հաշվառվում պաշտոնական տեղեկագրերում, եւ հստակ հայտնի չէ, թե ինչպիսին է այսօր գործազրկության իրական պատկերը շինարարության ոլորտում: Ամեն դեպքում, մայրաքաղաքում գործող բազմաթիվ հայտնի շինարարական ընկերությունների հետ մեր զրույցի ընթացքում պարզեցինք, որ նրանցից ամենահզորներում անգամ կատարվել են աշխատատեղերի կրճատումներ: Ընկերությունների ղեկավարները նաեւ խոստովանեցին, որ ընթացիկ նախագծերը ավարտին հասցնելուց հետո՝ կրճատումները կավելանան, քանի որ նոր նախագծերը հիմնականում անժամկետ կասեցվել են: