Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում շարժվեք մեր օրենքներով

Մարտ 27,2009 00:00

Նախօրեին «Առավոտի» «Ըտենց օրենք կա» հրապարակման մեջ անդրադարձել էինք նրան, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 6 ժամ հետաձգվել էր Կուբան-Երեւան թռիչքը, սակայն ավիաընկերության աշխատակիցները նույնիսկ «նեղություն» չեն կրել ուղեւորներին այդ մասին նախապես զգուշացնելու:

Բացի այդ, «Կուբանյան ավիաընկերության» պատասխանատուները ուղեւորներին չեն ապահովել սնունդով եւ հեռահաղորդակցման միջոցներով, ինչը պահանջում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ կետը:

Այս առնչությամբ, Քաղաքացիական ավիացիայի վարչությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ թռիչքի ուշացման պատճառը եղել է անբարենպաստ եղանակը: Այդ առնչությամբ, ուղեւորների կողմից նկատելի որոշակի դժգոհությունների հետ կապված, «Կուբանյան ավիաընկերության» երեւանյան գրասենյակի տնօրեն Անդրեյ Աղաջանովը եւ ընկերության՝ օդանավակայանում աշխատող մենեջերներ Վահե Հայրապետյանն ու Արթուր Պետրոսյանը հրավիրվել են վարչություն: Քաղավիացիայի լրատվական ծառայության տեղեկացմամբ, ավիաընկերության աշխատակիցների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, որի ընթացքում «Կուբանյան ավիաընկերության» աշխատակիցներ Արթուր Պետրոսյանը եւ Վահե Հայրապետյանը ասել են, որ իրենք տեղյակ չեն եղել Հայաստանի ավիացիայի մասին օրենքին եւ առաջնորդվել են «Կուբանյան ավիաընկերության»՝ արտակարգ իրավիճակներում ուղեւորների սպասարկման կանոններով, ըստ որի՝ ուղեւորներին սնունդ եւ կապի միջոցներ տրամադրվում է թռիչքի՝ 6 եւ ավելի ժամ ուշացման դեպքում: Նրանք նշել են նաեւ, որ չնայած սնունդն ուշացումով են տրամադրել, սակայն ողջ ընթացքում ներկա են գտնվել օդանավակայանում, պարբերաբար մոտեցել են ուղեւորներին եւ հարցրել նրանց կարիքների մասին՝ հայտնելով տեղեկություններ օդանավի ժամանման վերաբերյալ: Քաղավիացիայի վարչությունը ավիաընկերության աշխատակիցներին տեղեկացրել է, որ նրանք պարտավոր են առաջնորդվել ոչ թե «Կուբանյան ավիաընկերության», այլ՝ Հայաստանի ավիացիայի օրենքի պահանջներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել