Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեվարձը չի՞ թանկանա

Մարտ 27,2009 00:00

\"\"Ապրիլի 1-ից, գազի սակագի բարձրացման հայտարարությունից հետո, միջմարզային ուղեւորափոխադրողները հավաստիացրին, որ կբարձրանա նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձը, քանի որ միկրոավտոբուսները շահագործվում են գազով: «Առավոտը» փորձեց ոլորտի պատասխանատուներից պարզել, թե գազի գնաճը կանդրադառնա՞ նաեւ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի արժեքի վրա: Մեր այն հարցին, թե մինչ օրս մայրաքաղաքում երթուղիներ շահագործող որեւէ ընկերություն ուղեվարձի թանկացման հայտ ներկայացրե՞լ է, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ առայժմ, գազի սակագնի թանկացման հետ կապված, տնտեսվարողների կողմից գրավոր ոչ մի փաստաթուղթ չեն ստացել. «Ուղեվարձի սակագների բարձրացման խնդիրը մեկ տարի առաջ է բարձրացվել: Այն ժամանակ դիզելային վառելիքի եւ պահեստամասերի թանկացումներ եղան, որոնք էլ հիմնական գործոնն էին թանկացման: Իսկ գազի թանկացումը ուղեվարձի վրա՝ 3-4 դրամով կազդի: Թանկացումը, առհասարակ, ոչ միայն գազի գնի հետ է կապած, այլ՝ մեքենաների գնի, պահեստամասերի, կոմունալ եւ վարչատնտեսական ծախսերի: Տրանսպորտային տնտեսվարող ձեռնարկությունները, վերջիվերջո, էլեկտրաէներգիա, ջուր եւ այլ կոմունալ ծախսեր են անում, որոնք եւս ազդում են սակագների վրա»: Պարոն Նավասարդյանի խոսքերով՝ 5-6 տարի է, ուղեվարձը նույնն է՝ 100 դրամ, սակայն 6 տարի առաջ «Գազել» մակնիշի մեքենան արժեր 10 հազար դոլար, այսօր այն արդեն 18-19 հազար է. «Նաեւ ուղեւորաքանակի խնդիր կա, օրինակ՝ տաքսիները շատացել են, իսկ դրանից երթուղայինների ուղեւորաքանակն ընկել է: Միկրոավտոբուսներն առավոտյան լիքն են գնում, ցերեկը՝ դատարկ, սա էլ է խնդիր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել