Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՆՍ ՀՐԱԶԴԱՆ Է, ԱԶԳԱՆՈՒՆՍ՝ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Մարտ 27,2009 00:00

Կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարները հայտարարում էին, որ եթե իրենց տեղի վարձը չնվազեցվի, ապա Հանրապետության հրապարակում սեղանիկ կդնեն ու իրենց ապրանքներն այնտեղ կվաճառեն:

\"\"
Ցուցարարները պատրաստվում են լքել «Հրազդան» տոնավաճառը:

Արդեն 2-րդ օրն է, ինչ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականները գործադուլ են անում: Նրանք որոշել են չբացել իրենց տաղավարները՝ այնքան ժամանակ, մինչեւ տոնավաճառի տնօրինությունը չկատարի իրենց պահանջը, այն է՝ նվազեցնի տեղի վարձը: «Հրազդանի» աշխատակիցները երեկ կառավարության շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել եւ կառավարության անդամներից պահանջում են տոնավաճառի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա տաղավարների վարձավճարները իջեցնի, քանի որ ստացած եկամուտները, իրենց իսկ խոսքերով, չեն բավարարում անգամ տեղի վարձը վճարելու համար:

Չնայած կառավարության դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը դեռ նախօրեին էր տոնավաճառի աշխատակիցներին ընդունել ու լսել, սակայն նրանց պաշտոնական ոչ մի պատասխան չէր տվել, հորդորել էր սպասել: Նշենք, որ նախօրեին «Հրազդանի» տնօրինությունը վերանայել էր հաշվարկները եւ եկել այն եզրակացության, որ տեղի համար գանձվող գումարը կարող է կրճատել 1քմ-ի համար 30 հազար դրամով, սակայն դա առեւտրականներին չէր բավարարել, եւ նրանք որոշել էին իրենց բողոքը այլ կերպ արտահայտել:

Երեկվա ցույցի մասնակիցները «Առավոտի» հետ զրույցում իրենց անունները չէին հայտնում, միայն ասում էին. «Մեր բոլորի անունները Հրազդան է, ազգանունը՝ Տոնավաճառ»: Նրանց խոսքերով, իրենք միահամուռ են ու որեւէ մեկի անունը հայտնելու դեպքում՝ պառակտվում են: Առեւտրականներից մեկի ներկայացմամբ, տոնավաճառի ղեկավարությունն իրենց հայտնել է, որ չի կարող պահանջվածի չափ իջեցնել վարձավճարները. «Երեկ հեռուստատեսությամբ ենք լսել մեր տնօրենի ելույթը: Նա ասում էր, որ մեր մուծած գումարներով մարզադաշտն են վերանորոգում, փաստորեն՝ մենք էլ ենք այդ մարզադաշտի փայատեր ու դրա մասին տեղյակ էլ չենք: Ես ինչո՞ւ պիտի էշություն անեմ, իսկ նրանք այդ գումարներով մարզադաշտ վերանորոգեն, իսկ այդ նույն մարզադաշտի զուգարանները, որ էլի մեր գումարներով են վերանորոգել, մենք իրավունք չունենք անվճար մտնելու, պետք է ամեն անգամ 100 դրամ վճարենք: Հարսով փեսուն լավություն են անում: Ես ոչ տնօրենին, ոչ էլ սեփականատիրոջը չեմ ուզում վիրավորել, իմ պահանջն է, որ մեզ ընդառաջեն: Թե չէ՝ վաղը ոչ մեկն էլ իմ երեխային չի պահելու: Մենք ոչ մեկից գործ չենք ուզում, մենք մերը ստեղծել ենք, թող թողնեն աշխատենք»:

Մեր հարցին, թե հույս ունե՞ն, որ ցույցերի միջոցով կհասնեն որեւէ արդյունքի, տոնավաճառի աշխատակիցներից մեկը պատասխանեց. «Եթե կառավարություն ունենք, ապա կհասնենք, եթե ոչ՝ չենք հասնի: Մենք մեկ բռունցք ենք, մենք միահամուռ ենք աշխատելու, եթե նրանք մեր պահանջները չբավարարեն, միասին մեկ մարդու նման 600 տաղավարի բանալիները կհանձնենք ու դուրս կգանք: Թող չկասկածեն: Եթե ես պարտավորություն ունեմ իմ երկրի առջեւ, ապա իրավունք էլ ունեմ պահանջելու: Կառավարությունից մեզ բանավոր, այսինքն՝ ոչ պաշտոնական, ասում են, որ իրենք իրավունք չունեն սեփականատիրոջը որեւէ բան ասելու, միջամտելու գործունեությանը, սակայն ինձ թվում է, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում կառավարությունն ի վիճակի է միջամտելու: Բայց ես էլ իմ ապրանքի սեփականատերն եմ, բա ինձ ի՞նչ իրավունքով են բան ասում, մտցնում այս կամ այն դաշտ: Թող ձուկը գլխից բռնեն, այլ ոչ թե խռիկները մաքրեն ու բռնեն պոչից: Եթե վարձավճարը չիջնի, ապրանքս կտամ այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն՝ ծերանոցներին ու որբանոցներին կբաժանեմ, կամ էլ իմ տնից կծախեմ, թող գան տուն ու ինձ տուգանեն: Կգամ կառավարության շենքի առջեւ սեղանիկ կդնեմ»: Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ իրենց առեւտրի նվազման պատճառ է դարձել նաեւ դոլարի արժեւորումը. «Մենք դրանից հսկայական վնասներ ենք կրել: 5000 դրամանոց ապրանքը պետք է դառնար 7000, իսկ մենք թանկացումների չենք գնացել, մի բան էլ ցածր գնով ենք վաճառել, որպեսզի կարողանանք մի կտոր հաց առնել ու տանել տուն»: Նրա հավաստմամբ, արդեն 150 հոգի հրաժարվել է աշխատել, հիմա էլ իրենք են այդ ճանապարհին. «Թող մի օղակ գտնեն սեփականատիրոջ վրա ազդելու: Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, մեր մասին պետք է մտածեն, վիճակներս բարելավեն, իրենք են մեր տերը: Օրական 5-10 հազար դրամի առեւտուր հազիվ ենք անում: Ո՞նց ապրենք: Պետք է հաշվի առնեն նաեւ այն, որ 3 օրից էլ գազն ու էլեկտրաէներգիան են թանկանում, որն ավելի մեծ թանկացումների կբերի»:

Մեր խոսակցության պահին ցուցարարներին մոտեցավ կառավարության դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: «Առավոտը» նրանից խնդրի առնչությամբ պարզաբանումներ խնդրեց, սակայն նա պատասխանեց, որ առանձնապես ասելու բան չկա, «բողոքը մուտքագրվել է, կքննարկվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել