Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերանայեք ձեր որոշումը»

Մարտ 27,2009 00:00

Պատգամավորները կրկին դիմել են իրենց գործընկերներին

«Յոթի» գործով անցնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը իրենց ու նաեւ հետախուզման մեջ գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անունից դիմել են խորհրդարանի պատգամավորներին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ 2008թ. մարտի 4-ին ՀՀ ԱԺ նիստում իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը վերանայելու առաջարկով:

Կալանավորված պատգամավորները նախ հիշեցրել են, որ այդ օրը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդես գալով ՀՀ խորհրդարանում՝ միջնորդել էր իրենց զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ թույլ տալ մարտի 1-ի դեպքերի հետ կապված հարուցված քրգործի շրջանակներում որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Խորհրդարանն էլ հիմք էր ընդունել Գլխավոր դատախազի բերած, մեղմ ասած, շինծու հիմնավորումը, թե՝ «Քրեական գործով առկա են հիշյալ պատգամավորներին կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար նյութեր, այդ թվում՝ բավարար հիմքեր, որ ազատության մեջ մնալով՝ նրանք կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը», բավարարել էր դատախազի միջնորդությունն ու որոշում էր կայացրել չորս պատգամավորներին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Կալանավորված պատգամավորները իրենց գործընկերների ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ իրենք արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում են անազատության մեջ՝ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով, որոնք մարտի 18-ին ՀՀ ԱԺ-ում ընդունված եւ այլեւս օրինական ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, այլեւս ճանաչվել են ուժը կորցրած:

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 22 հոդվածը՝ «Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի», նաեւ ՀՀ ՔՕ 13-րդ հոդվածը՝ «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն», քաղկալանավոր օրենսդիրները գտել են, որ «առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, այն է՝ մեր նկատմամբ նշված հոդվածով քրեական հետապնդումը բացառող հանգամանքը: Հետեւապես գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով մեր նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»: Իսկ ահա ՀՀ ՔՕ 300 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ երեք պատգամավորները արձանագրել են, որ փոփոխված օրենսգրքում 300-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ եւ լրացվել երկու նոր կետերով, որոնք էապես տարբերվում են նախկինում գործող հիշյալ հոդվածից: Պատգամավորները պնդել են, որ ՔՕ 300-րդ հոդվածի նոր խմբագրությամբ սահմանված արարք կատարելու համար իրենց մեղադրանք չի առաջադրվել ու իրենց գործողություններում առկա չէ նման հանցակազմ: Հիմք ընդունելով այս հանգամանքն ու վկայակոչելով ՀՀ Սահմանադրության, մեր երկրի եւ միջազգային օրենսդրության, այդ թվում՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, նաեւ՝ ՀՀ իրավական ակտերի մի շարք դրույթներ, Մ. Մալխասյանը, Հ. Հակոբյանն ու Ս. Միքայելյանը հղում կատարելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 9-րդ՝ «Պատգամավորի անձեռնմխելիությունը» հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի վրա՝ հայտարարել են. «Մեր նկատմամբ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, քանի որ մեր գործողություններում առկա չէ հանցակազմ, եւ այն միջնորդությունը, որը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2008թ. մարտի 4-ին ԱԺ-ում, այլեւս չի կարող հիմք ծառայել մեր պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու համար»: Սրանից ելնելով՝ նրանք պահանջել են անհապաղ գումարել ՀՀ ԱԺ նիստ «եւ վերականգնել մեր պատգամավորական անձեռնմխելիությունը», վերացնել այն որոշումները, որոնցով բավարարվել էր Գլխավոր դատախազի միջնորդությունը, իրենց՝ որպես մեղադրյալի ներգրավելու ու իրենց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել