Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՏԸՆԹԱՑ ՔԱՅԼ»

Մարտ 27,2009 00:00

\"\"Այսպես է կառավարությունը որակել «Ժառանգության» պատգամավորների նախաձեռնությունը՝ վերացնել հեռարձակման արտոնագրման մրցույթներ չհայտարարելու արգելքը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը 2009-ի փետրվարի 17-ին շրջանառության մեջ են դրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնություն, որով պիտի ուժը կորցրած ճանաչվի 2008-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ սահմանած արգելքը՝ մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման արտոնագրման մրցույթներ չհայտարարելու վերաբերյալ: Հիմնավորման մեջ հեղինակները մասնավորապես նշել են, թե այս օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում դրսեւորել քաղաքական կամք՝ ապահովելու ԵԽԽՎ 1643 բանաձեւի 10.2-րդ կետի պահանջի կատարումը, որի համաձայն՝ «իշխանությունները չպետք է օգտագործեն թվային հեռարձակման ներդրման տեխնիկական պահանջները՝ հեռարձակման արտոնագրերի տրամադրման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթների անցկացումն անհարկիորեն ձգձգելու նպատակով»: Հեղինակների մեկ այլ հիմնավորմամբ՝ «Այս օրենքի ընդունմամբ իշխանությունները կնպաստեն ազատ խոսքի, բազմակարծության կայացմանը, ինչպես նաեւ հասարակություն-իշխանություն փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»:

Սակայն կառավարությունը մարտի 24-ի նիստում բացասական եզրակացություն է տվել «Ժառանգության» պատգամավորների այս նախաձեռնությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրած եզրակացության մեջ մասնավորապես նշված է, թե այդ նախագիծը չի բխում կառավարության ծրագրից, «որի համաձայն՝ կապի բնագավառում պետք է ներդրվի ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների թվային համակարգ»: Նաեւ նշված է, թե ներկայումս թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել փորձագետի ներգրավման վերաբերյալ: Միջանկյալ նշենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ավելի վաղ հայտնել էր «Առավոտին». «Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ ԵԽ օժանդակությամբ տեխնիկական փորձագետ է ժամանելու, որը պետք է գույքագրի թվային հեռարձակման դեպքում Հայաստանում գործող հաճախությունները»:

«Ներկայացված նախագիծն, ըստ էության, հետընթաց քայլ է կառավարության որդեգրած նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանության եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակ ապահովող կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման ռազմավարությունից»,- պատգամավորների առաջարկած օրենքի նախագծին դեմ լինելն այսպես է հիմնավորել վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Անահիտ Բախշյանը ներկա էր եղել կառավարության այդ նիստին, որտեղ ընդունվել էր սույն բացասական եզրակացությունը, եւ մեզ պատմեց. «Ընդհանրապես, երբ որեւէ նախարար կառավարության նիստերի ժամանակ ներկայացնում է պատգամավորների նախագծերը՝ անպայման հարցնում են՝ հեղինակն ո՞վ է, եւ վարչապետն ավանդական հարց ունի, թե հեղինակների հետ քննարկե՞լ են, համաձա՞յն են այդ եզրակացությանը: Պատասխանը, որպես կանոն, դրական է լինում: Այս օրենքի նախագծի պարագայում ինքս դժվարությամբ հասկացա, որ խոսքը մեր նախաձեռնության մասին է. ո՛չ անուններ հնչեցին, ո՛չ էլ վարչապետի ավանդական հարցը, թե արդյոք հեղինակների հետ քննարկե՞լ են: Եվ իրենց բացասական եզրակացության մեջ էլ բացարձակապե՛ս չեն անդրադարձել մեր հիմնավորումներին»:

«Ժառանգության» պատգամավորը նաեւ հիշատակեց ԱԺ-կառավարություն փետրվարի 4-ի հարցուպատասխանի ժամանակ Արմեն Աշոտյանի տված հարցին՝ ինչպիսի՞ քայլեր են արված թվային հեռարձակման ռազմավարությունը մշակելու ուղղությամբ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի (նա նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարն է) պատասխանը: Ըստ նրա՝ ծրագիրը «1 ամսվա ընթացքում հիմնական ուղղություններով պատրաստ կլինի», եւ ԱԺ-ում լսումներ կհրավիրվեն, որտեղ իրենք կներկայացնեն այդ նոր մոտեցումներն ու ժամանակացույցը։

Անցած քառօրյայի ընթացքում՝ մարտի 18-ին, Անահիտ Բախշյանը կառավարությանը հիշեցրել էր, որ հայտարարված 1 ամիսը վաղուց լրացել է, սակայն ոչ մի նորություն չկա «ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ այն մասին, թե ԵԽ փորձագետն արդյոք եկե՞լ է»: Նաեւ հետաքրքրվել էր, թե արդյոք իսկապե՞ս կարծում են, որ ճգնաժամի պայմաններում հնարավոր է թվայնացման համակարգի վրա ներդրումներ անել, Համաշխարհային բանկը կամ որեւէ մեկն այդ նպատակով գումարներ հատկացրե՞լ է ՀՀ կառավարությանը: Ներսես Երիցյանը բացակայում էր այդ նիստից, ուստի պատասխանեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Նրա պատասխանը բոլորովի՛ն համոզիչ չէր,- ասաց տիկին Բախշյանը:- Խոսեց Համաշխարհային բանկի 525 մլն դոլար վարկի մասին, որը ոչ մի կապ չունի այս ծրագրի հետ»:

«Ժառանգության» պատգամավորը երեկ նամակ է ուղարկել Ներսես Երիցյանին, որտեղ մասնավորապես հարցրել է. «Ե՞րբ է վերջապես հրապարակվելու թվային հեռարձակման իրականացման ծրագիրը: Որքա՞ն ներդրում է պահանջվում այդ ծրագրի իրականացման համար, ովքե՞ր են ներդնելու: Տնտեսական ճգնաժամի ներկա պայմաններում կառավարությունն ի՞նչ միջոցներով է պատրաստվում իրականացնել թվային հեռարձակման գործընթացը»:

Առանց ծրագիր, բյուջեով այս նպատակին հատկացված եւ ընդհանրապես՝ անհրաժեշտ միջոցներ ունենալու մրցույթներն արգելելու նախաձեռնությունը եւ այս պայմաններում էլ դրանից չհրաժարվելու կառավարության դիրքորոշումը, ըստ «Ժառանգության» պատգամավորի, եւս մի ապացույց է, որ սահմանված արգելքն ունի մեն մի նպատակ՝ կանխել եթեր վերադառնալու «Ա1+»-ի հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել