Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹՐԻՔՆ ԷԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մարտ 27,2009 00:00

Երեկ «Հայելի» ակումբում «Ազատություն» ռ/կ-ի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ ընտրություններից առաջ ընդդիմությանը շատ ավելի հեշտ է լինում ջլատել, պառակտել, իսկ իշխանությունը գնում է կուռ, ամբողջական՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Իշխանության մեջ եղած քաղաքական ուժերին ինչ-որ բաներ միավորում են եւ ինչ-որ կոնկրետ հետաքրքրություններ ունեն: Ընդդիմության մեջ եղած ուժերի համար կոնկրետ հետաքրքրություններն ապագայի հարց են: Կարծում եմ, որ այստեղ ավելի շուտ են սկսում գործել անձնական շահերի մոտեցումներ»: Եվ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով ընդդիմության չներկայանալու իրողությանը՝ պրն Թորոսյանն ասաց. «Այս պարագայում միգուցե որոշիչ է եղել այն հանգամանքը, որ «Ժառանգության» նկատմամբ, իմ կարծիքով, ոչ այնքան կոռեկտ վերաբերմունք է դրսեւորվել: Ի վերջո, «Ժառանգությունը» միակ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությունն է, եւ ասել՝ սա է ձեր տեղը, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք… Գոնե մամուլից տպավորությունն այսպիսին է»:

Պատասխանելով «Կապիտալ» օրաթերթի հարցին, թե կարծո՞ւմ է, որ քաղաքապետի ընտրությունները նախագահական ընտրությունների շարունակությունն են՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Ավագանու ընտրությունները չեն կարող լինել նախագահական ընտրություն: Չեմ կիսում նաեւ այն տեսակետը, որ այս ընտրությունները չպետք է քաղաքականացվեն եւ այլն: Ուղղակի խորհուրդ կտամ հիշել, թե ով ինչպես է քվեարկել Երեւանի մասին օրենքին, որտեղ գրված է, որ կուսակցություններն են միայն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Կուսակցությունների մասնակցությամբ որեւէ միջոցառում կամ ընթրիք քաղաքական է եւ այլ կերպ լինել չի կարող: Սա քաղաքական գործընթաց է: Նաեւ շատ են ասում, որ այս կամ այն պաշտոնը մասնագետի կարիք ունի, այլ ոչ թե քաղաքական գործչի: Սա եւս հայկական քաղաքական կյանքի դրսեւորումներից է, որը գալիս է, մեղմ ասած, չիմացությունից, որովհետեւ որեւէ երկրում որեւէ մեկը չի ասում, որ քաղաքական գործիչը նա է, ով մասնագիտություն չունի կամ կառավարելու ունակություններ չունի: Այս երկուսը պետք է համատեղվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել