Որքան գումար են ծախսելու Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցությունները՝ իրենց հեռուստատեսությամբ գովազդելու համար:
Ըստ հեռուստագովազդով զբաղվող որոշ մասնագետների, առաջիկա ընտրություններում առավել մեծ գումարներ են ծախսելու կոալիցիոն ուժերը, եւ դրանց մեջ առաջնայինը լինելու է ՀՀԿ-ի թեկնածուն, երկրորդ տեղում ոմանք ակնկալում են տեսնել ԲՀԿ-ին: Որոշ ծախսեր կանեն նաեւ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, իսկ ՀԱԿ-ից եւ ՀԱՍԿ-ից քչերն ակնկալիք ունեն: Այդուհանդերձ, հեռուստաընկերություններն արդեն նախապատրաստվում են գովազդային հոլովակների հեռարձակմանը, արդեն հաշվել են իրենց եթերային մեկ րոպեի արժեքը եւ սպասում են «գնորդներին»: Երեկ մենք մի փոքրիկ հետաքննություն անցկացրինք՝ զանգահարեցինք հեռուստաընկերություններ եւ, ներկայանալով որպես կուսակցություններից մեկի նախընտրական շտաբի անդամ, հետաքրքրվեցինք, թե մեկ րոպե հեռուստագովազդի համար որքան է նախատեսել այս կամ այն ընկերությունը: Պատկերը բավականին հետաքրքիր էր: Ի դեպ, թվերը մենք կներկայացնենք՝ համեմատելով նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ: Այսպես՝ հեռուստագովազդի 1 րոպեի համար, ինչպես եւ նախորդ բոլոր ընտրություններում, այս անգամ էլ ամենից բարձր գինը սահմանել է ԱԼՄ-ն՝ մեկ րոպեի համար այս ընկերությունը իր «գնորդից» կվերցնի 110 հազար դրամ՝ նախորդ ընտրությունների 120 հազարի փոխարեն: Հասկանալի է, որ ինքն իրենից Տիգրան Կարապետիչը ոչ մի գումար էլ չի գանձելու, ու միանգամայն անվճար իր եթերում զրուցելու է Հեղինեի հետ. նա փորձելու է իր մրցակիցների «քսակը» դատարկել, եթե, իհարկե, որեւէ մեկի մտքով կանցնի գովազդվել ԱԼՄ-ում: Հանրային հեռուստաընկերությունը 1 րոպեի համար սահմանել է 80 հազար դրամ: Ի դեպ, այստեղ այս հարցերով զբաղվում է «Կայմ» ընկերությունը: Որպես հարկատուների հաշվին ապրող ընկերություն՝ Հանրայինում գործելու է նաեւ 30 րոպե անվճար գովազդը եւ 50 րոպե՝ վճարովին՝ օրենքով սահմանված կարգով: Հ2-ը մեկ րոպե գովազդային հոլովակ ցուցադրեու համար կուսակցություններից կգանձի 84 հազար դրամ, «Արմենիան»՝ 82, «Երկիր Մեդիան»՝ 80 հազար դրամ: «Շանթը» քաղաքական իր մեկ գովազդային րոպեն գնահատել է 90 հազար դրամ՝ նախորդ ընտրությունների 100 հազարի փոխարեն, «Կենտրոնը»՝ 84 հազար դրամ, «Հայ-ՏՎ»-ն՝ 75 հազար դրամ, «Արմ-նյուզը»՝ 81, «Երեւան» հեռուստաընկերությունից մեզ ասացին, որ իրենց քաղաքական գովազդի 1 րոպեն արժե 25 հազար դրամ:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բացի այս հրապարակային թվերից՝ գոյություն ունեն նաեւ «սեւ փողեր», որոնց մասին ոչ հարկայիններն են իմանում եւ ոչ էլ շարքայինները: Դրանք, այսպես կոչված, հաղորդման հրավիրելու համար հատկացված փողերն են: Ի դեպ, կուսակցություններից մեկի շտաբի ակտիվիստներից մեկը մեզ տեղեկացրեց, որ այս ընտրությունների վրա եւս ազդել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, քանի որ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները որոշ չափով իջեցրել են իրենց գները, այդ թվում նաեւ՝ «սեւ փող»-ի գինը: Այս ընտրություններում եւս մեկ հաղորդման մասնակցելը Երեւանի ավագանու թեկնածուի համար կարժենա 1 միլիոն դրամ, մեզ բացատրեցին, որ խոսքը «պրիստիժնի» հեռուստաընկերության մասին է, ասենք՝ Հ1, «Արմենիա», «Կենտրոն» կամ «Շանթ»: Ի դեպ, չի բացառվում, որ այս գինը եւ որոշ զեղչ կունենա, ասենք՝ 20-25 տոկոսի չափով:
Թեպետ դեռեւս ծանոթ չենք թեկնածուների նախընտրական հոլովակներին, կարծում ենք, դրանք դեռ պատրաստ էլ չեն, սակայն մի բան վստահաբար կարող ենք այսօր իսկ պնդել՝ գովազդային հոլովակներում Դաշնակցությունը փորձելու է օգտագործել Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգերը Երեւանի եւ երեւանցիների մասին, ԲՀԿ-ն առողջապահական եւ մարզական թեմաներն է ծաղկեցնելու, Հանրապետականը փորձելու է ճերմակ գույներով ներկայացնել իր թեկնածուին, ՕԵԿ-ը շեշտը դնելու է մայրության, մանկավարժության եւ գեղեցկության վրա, իսկ ՀԱԿ-ը միայն մեկ բան է ասելու, որը հնչելու է այսպես՝ Երեւանից սկսենք պայքարը ավազակապետության դեմ: