Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆԹԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑԵԼՆ ԱՐԳԵԼՎԱ՞Ծ Է

Մարտ 27,2009 00:00

\"\"Գոնե այդպես պնդում են նրա հարազատները

«Յոթի» գործով անցնող քաղկալանավոր Շանթ Հարությունյանը մարտի 17-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն՝ «Նուբարաշեն» կլինիկա, որտեղ գործի վարույթն իրականացնող մարմինը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, ի դեմս դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դեռ մարտի 9-ին որոշում էր կայացրել Շանթի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Հիշեցնենք, որ նույն օրը, դատարանի որոշմամբ, Շ. Հարությունյանի նկատմամբ քրգործի վարույթը կասեցվել էր՝ մինչեւ փորձաքննության արդյունքները ստանալը: Իհարկե, նկատի ունենալով պաշտոնական հաղորդագրության մեջ մատնանշված ձեւակերպումը՝ «մինչեւ նրա առողջանալը», պետք է ենթադրել, որ դատարանն արդեն կանխակալ վարկած ունի Շանթի փորձաքննության արդյունքի վերաբերյալ: Այսուհանդերձ, դատարանի որոշմամբ հիշյալ կլինիկայի փորձագետների հանձնաժողովին առաջադրվել է պարզել՝ արդյոք Շ. Հարությունյանը տառապել եւ տառապո՞ւմ է որեւէ հոգեկան հիվանդությամբ, թե՞ ոչ, եթե այո, ապա երբվանից եւ ինչ հիվանդությամբ, այդ հիվանդությունը հանդիսանո՞ւմ է արդյոք խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդություն, որը զրկել է կամ զրկում է նրան իր գործողությունների (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից։ Արդյոք նրան վերագրվող հանցագործությունը՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելը», կատարելու պահին նա գտնվե՞լ է անմեղսունակության վիճակում, որը նրան զրկել է գիտակցելու իր գործողությունների վտանգավորությունը կամ ղեկավարելու դրանք, թե՞ ոչ։

Արդյոք ներկա պահին Շանթը մեղսունա՞կ է, թե՞ ոչ, եւ նա հարկադրական բուժման կարիք ունի՞, իր ներկա առողջական վիճակով կարո՞ղ է ներկայանալ դատարան եւ պատասխանել հարցերին։

Ահա այս հարցադրումներին է, որ պետք է պատասխանի փորձագետների հանձնաժողովը: Իսկ մինչ այդ՝ մարտի 17-ից ի վեր, քաղբանտարկյալի հարազատները փաստացի զրկված են նրան տեսակցելու հնարավորությունից: Շ. Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե հոգեբուժարանի աշխատակիցները հրաժարվում են իրեն թույլ տալ տեսակցել ամուսնուն, հայտարարելով, թե դրա համար նա պետք է ունենա վարույթն իրականացնող մարմնի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավոր Մարտիրոսյանի թույլտվությունը: Շանթի հարազատները դեռ օրեր առաջ ահազանգել էին, թե քաղբանտարկյալի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանց մատուցմամբ, նրա հետ տեսակցելու թույլտվություն չեն տվել նույնիսկ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ ԱԺ պատգամավորներին: Կոնկրետ դեպքում խոսքը Հելսինկյան միջազգային ընկերակցության Հայաստանի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի եւ ՀՀ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի մասին է: Մ. Դանիելյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինքը օրեր առաջ իսկապես մտադիր է եղել տեսակցել Շանթի հետ, բայց քանի որ այդ պահին փորձագետների հանձնաժողովը աշխատանքային պրոցեսի մեջ է եղել, ինքը տեսակցելու թույլտվության համար որեւէ մեկին չի էլ դիմել: Իրավապաշտպանը միաժամանակ ասաց, թե առաջիկա օրերին մտադիր է Շանթի հետ տեսակցություն խնդրել: Պատգամավոր Լ. Ալավերդյանն էլ ասաց, թե իրեն չեն մերժել տեսակցել քաղբանտարկյալի հետ, պարզապես, Լ. Ալավերդյանի փոխանցմամբ, կա տեսակցության արարողակարգ, եւ ինքը փորձում է հենց այդ կարգով էլ շարժվել:

Ինչ վերաբերում է դատարանի՝ մարտի 9-ի որոշման համաձայն Շ. Հարությունյանին տրամադրված հանրային պաշտպանին՝ Կարեն Մանուչարյանին, ապա նա Շանթի հետ տեսակցել չի կարող այն պատճառով, որ Շանթն ինքն է հրաժարվել որեւէ պաշտպան ունենալուց:

Քաղկալանավորի կնոջ մատուցմամբ, մարտի 24-ին իրենք Շանթին տեսակցելու հարցով արդեն գրավոր ու պաշտոնապես դիմել են դատավոր Մարտիրոսյանին: Մինչ այդ դատավորին չէին դիմել, որովհետեւ դատարանն ու կլինիկայի բժիշկները Շանթի հարազատներին «իրար պաս տալով» ուղարկել էին մե՛կ դատարան, մե՛կ «Նուբարաշեն» կլինիկա: Տիկին Ռուզաննան ասաց, թե դատարանը տեսակցության թույլտվություն ստանալու գործը գցել էր կլինիկայի բժիշկների, իսկ վերջիններս՝ դատարանի վրա:

«Առավոտին» հայտնի դարձավ, որ երեկ Շ. Հարությունյանը բողոք է գրել՝ պահանջելով իրեն հարազատների հետ տեսակցելու հնարավորություն տալ, առավել եւս, որ դրա համար որեւէ արգելանք չկա: Թե ո՞վ է այդ գրության հասցեատերը՝ դատավո՞րը, թե՞ կլինիկայի ղեկավարությունը կամ որեւէ նախարարություն, դեռ հայտնի չէ: Շանթի հարազատները միայն կցկտուր տեղեկություններ ունեն նրա առողջական վիճակի մասին. գիտեն, որ Շանթին որեւէ դեղորայք չի տրվում, որ նա ընդունում է հարազատների տարած հանձնուքը («պերեդաչի»):

Այսուհանդերձ, Շանթի կինը շարունակում է պնդել, որ իր ամուսինը իրականում որեւէ հոգեբուժական փորձաքննության կարիք չունի: Նրան պետք է միայն չսադրել ու ինչ-ինչ գործողությունների չդրդել: Տիկին Ռուզաննան ասաց նաեւ, որ Շանթի՝ իր եւ իր ընտանիքի անդամների կյանքի անվտանգության համար անհանգստությունը դեռ չի նշանակում, որ նա հիվանդ է. «Այո, նա կասկածամիտ է, եւ դա եղել է դեռ խորհրդային տարիներից, ու պայմանավորված է որպես քաղաքական այլախոհի ընտանիքի անդամ լինելու եւ ՊԱԿ-ի կողմից անընդհատ ճնշումներն իր մաշկի վրա զգալու հանգամանքով»: Թե որքան ժամանակ Շանթը կպահվի «Նուբարաշեն» կլինիկայում՝ դժվար է ասել: Նրա հարազատների փոխանցմամբ, իրենց ասվել է, որ փորձաքննությունը կտեւի 24 օր: Այդ փորձաքննությունն ի՞նչ արդյունք կգրանցի՝ ամենեւին էլ կանխատեսելի չէ, կախված է, թերեւս, իշխանությունների կամքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել