Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԱՑԻՈՆԱԼ ՃԱՆԱՊԱՐՀ»

Մարտ 27,2009 00:00

\"\"Քաղաքապետի ընտրություններն Արման Մելիքյանը համարում է ստեղծված ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհ, քանի որ խորացնելու են փակուղու զգացողությունը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը շատերի նման գտնում է, որ մեր քաղաքացիների՝ Սահմանադրությամբ տրված իրավունքն է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ընտրել ուղիղ քվեարկությամբ եւ ոչ թե իրենց ընտրության իրավունքը ավագանուն փոխանցել: Մեր զրուցակիցը փաստում է, որ ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների ներկայիս քաղաքականացումը երկու պատճառ ունի՝ «Քաղաքապետի պաշտոնն օրենքով են քաղաքականացրել՝ այն կուսակցականացնելով, ապա՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն է: Կեղծված ընտրությունները հանգեցրին նրան, որ ցանկացած նոր ընտրություն պետք է քաղաքականացվեր: Այսօր իշխանական ճամբարից հաճախ կիսածաղրական արտահայտություններ են հնչում, թե՝ Տեր-Պետրոսյանն ուզում է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ կամ Սերժ Սարգսյանի ձեռքի տակ քաղաքապետ աշխատել. պետք չէր ընտրությունները կեղծել, որպեսզի հիմա նման որակումներ կատարելու անհրաժեշտության առջեւ չկանգնեին»: Ըստ Արման Մելիքյանի՝ առաջիկա ընտրությունները եւս «շատ կասկածելի են, որովհետեւ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում որեւէ բան, ըստ էության, չի փոխվել, եւ որեւէ նախադրյալ չի ստեղծվել, որ ընտրությունները կլինեն արժանահավատ, վստահելի եւ փոխընդունելի: Սա պարզապես նոր առիթ է՝ ուժերը չափելու եւ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու համար. կարծում եմ, կողմերը լիուլի այդ առիթից կօգտվեն, ինչն անմիջականորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների կենցաղի ու հոգեվիճակի վրա, որովհետեւ այս շրջանակում իրավական լուծումներ լինել չեն կարող: Կարող են լինել միայն քաղաքական պայմանավորվածություններ, եւ դրանք պետք է կայանան բացառապես թափանցիկ մթնոլորտում, հանրության գիտությամբ: Ցանկացած այլ տիպի պայմանավորվածությունը կլինի գործարք»:

Որոշ քաղաքական շրջանակներում կարծում են, որ այսքան ձգձգումներից հետո քաղաքապետի ընտրությունների նշանակումը, որը համընկավ ՀՀ քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության ժամանակաշրջանի հետ, ինչի արդյունքում փոխվելու է նաեւ «վեցին» ներկայացված մեղադրանքը, արդեն իսկ ընդդիմություն-իշխանություն գործարքի արդյունք է: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են հավանական նման ենթադրությունները: «Ես չեմ կարող իսպառ բացառել նման հնարավորությունը: Ելնելով ներկայումս ձեւավորված իրավիճակից՝ ես շատ փոքր եմ համարում իրական փոխպայմանավորվածության հնարավորությունը: Բայց նաեւ հստակ է, որ նման փոխպայմանավորվածությունը կարող է ուղղված լինել երրորդ կողմի դեմ, որին կարող են դարձնել մարտիմեկյան իրադարձությունների համար քավության նոխազ: Ես նկատի ունեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ ակնհայտ է, որ դեպքերի նման զարգացումը կնշանակի, որ իշխանավորները պատրաստ են հանձնել իշխանությունը, իսկ ես չեմ գտնում, որ իշխանությունը դրան պատրաստ է: Նաեւ գտնում եմ, որ նախկին նախագահը (նկատի ունի Լ. Տեր-Պետրոսյանին– Ն. Գ.) միշտ հանդես է եկել սկզբունքային դիրքերից, եւ չեմ կարծում, որ նա պատրաստ է գնալ գործարքի»,- ասում է Արման Մելիքյանը:

Իսկ թե ի՞նչ կտան այս ընտրությունները մեր հանրությանը այս հարցին պարոն Մելիքյանը պատասխանեց. «Դրանք կխորացնեն փակուղու զգացողությունը, բայց միաժամանակ կառաջացնեն փակուղուց դուրս գալու պահանջի խորացում: Սա ռացիոնալ գործընթաց է: Մենք պիտի հասնենք հատակին, որ սկսենք վեր բարձրանալ, եւ այս ընտրություններն, այդ առումով, կազդարարեն հատակին հասնելու պահը: Ես չեմ բացառում, որ կարող են լինել նոր բախումներ, եւ առայժմ թեկնածուների կողմից չեմ տեսնում դրանք կանխելու հստակ արտահայտված իրական քաղաքական կամք, որով ճշմարտությունը կգա՝ կեղծիքի եւ ստախոսության փոխարեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել