Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի թատրոնն այլեւս «անտուն» չէ

Մարտ 26,2009 00:00

Վերջապես իր սեփական շենքն ունեցավ 74-ամյա մշակութային օջախը. Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնն իր գոյության 74 տարիների ընթացքում երբեւէ իր սեփական շենքը չի ունեցել, բայց գոյատեւել է անգամ ամենադժվար օրերին: Պատերազմական տարիներին խրամատներում, քաղաքի այս կամ այն հատվածում, որեւէ շինության հարմար մի վայրում, գորգը գետնին փռած, առանց բեմահարթակի խաղացել են, շարունակել են ներկայացումներով հանդես գալ կապանցի հանդիսատեսի առաջ: Այդ օրերն անցյալում են մնացել, եւ թատրոնը 2010 թվականին իր 75-ամյակը կնշի արդեն սեփական շենքում: Կապանի պետական դրամատիկական թատրոնին հատկացված նախկին «Սյունիք» կինոթատրոնի շենքում շարունակվում են վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Ամեն ինչ արվում է, որ աշխատանքներն ավարտվեն ամենաուշը ապրիլի 13-ին: Նախատեսված է շենքի բացումն անել հենց այդ օրը, քանի որ 2010թ. ապրիլի 14-ին հաճելի իրադարձություն է սպասվում Կապանի թատերական կյանքում. «Արմմոնո» շենքսպիրյան միջազգային փառատոնը, որին մասնակցելու են 27 երկրից ժամանած թատերական կոլեկտիվներ, ապրիլի 14-ին կմեկնարկի Կապանում: «Ամեն ինչ անում ենք, որ նախատեսված ժամկետների մեջ տեղավորվենք: Մեր թատերական կյանքում կրկնակի տոն է լինելու: Այսքան տարիներից հետո վերջապես սեփական շենք կունենանք ու միջազգային փառատոնի մասնակիցներին կհյուրընկալենք»,- ասում է Կապանի թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը:

Եկող տարի «Արմմոնո» փառատոնը կանցկացվի Երեւանում եւ Կապանում: Սա Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությունն է: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է Կապանից եւ Կապանի պատվավոր քաղաքացի է:

Կապանի պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման համար պետական բյուջեից հատկացվել էր 50 միլիոն դրամ: Աշխատանքները սկսվել էին 2008-ի օգոստոսից: Նախատեսված էր շենքը շահագործման հանձնել այս տարվա նոյեմբերին, սակայն շինարարական կազմակերպության անփույթ աշխատանքի արդյունքում՝ ձգձգումներ եղան: Կազմակերպությունը ընդամենը 39 միլիոն դրամի աշխատանքներ է իրականացրել, ու հիմա լրացվում է պակաս թողնված 11 միլիոն դրամի աշխատանքը: «Գումարը կա, բայց շինարարները թերացան: Հիմա արվում է: Թատրոնի համար շենք էր վերակառուցվում՝ առանց բեմի: Նախագծում անգամ բեմ չէին նախատեսել: Բայց կկառուցվի եւ բեմը, եւ լոկալ ջեռուցման համակարգ կտեղադրվի: Պետբյուջեի միջոցներով՝ 18 միլիոն դրամով ձեռք ենք բերել լուսային սարքավորումներ»,- նշում է Կ. Արզումանյանը:

«Արմմոնոյի» շրջանակներում Կապան ժամանող արտասահմանցի հյուրերի համար մշակված է էքսկուրսիաների ծրագիր՝ հյուրերը կլինեն պատմաճարտարապետական կոթողներով հարուստ Սյունյաց աշխարհի տեսարժան վայրերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել