Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍԻ՞Ն, ԹԵ՞ ԱՌԱՆՁԻՆ

Մարտ 26,2009 00:00

\"\"Ըստ հոգեբանի՝ որոշ ժամանակ ծնողների հետ ապրելը միայն օգուտ է նորապսակներին

Այսօր ամեն երկրորդ երիտասարդ ամուսնական զույգը մտածում է առանձին ապրելու մասին: Երիտասարդ աղջիկների համոզմամբ՝ սկեսուրն ու սկեսրայրը, առավել եւս ամուսնու քույրը կամ եղբայրը՝ իրենց միայն կխանգարեն: «Ամուսնությունից հետո զույգերը պետք է առանձին ապրեն»,- ասում է 29-ամյա Թամարան: 26-ամյա Համլետն էլ է այդ կարծիքին. «Միայն առանձին ապրելու դեպքում ընտանիքն ամուր կլինի: Ոչ ոք չպետք է խառնվի այդ ընտանիքի խոսակցություններին, վեճերին: Եթե վեճերի մեջ եղավ երրորդ անձ, ուրեմն այն արդեն անլուծելի է եւ հղի ամեն տեսակ վատ հետեւանքներով»: 25-ամյա Արմենակը ասում է. «Ես իմ կնոջ հետ պետք է առանձին ապրեմ, որպեսզի իմ կյանքի երկու կարեւորագույն կանայք՝ մայրս եւ կինս, երբեւէ միմյանց հետ չվիճեն, ես դրան չեմ դիմանա…»: 24-ամյա Նունեն էլ գտնում է. «Հարս եւ սկեսուր հարաբերությունները լավ կլինեն միայն հեռավորության վրա, մեկ տանիքի տակ մի տղամարդու սիրող ու մեծարող երկու կին՝ մայր եւ կին, չեն կարող լինել»:

Մեր հարցումներից պարզ դարձավ, որ բոլորը չէ, որ համարձակություն ունեն տղայի ծնողների խնամալակությունից հեշտությամբ հրաժարվելու: Օրինակ՝ 31-ամյա Վահրամի խոսքով. «Ամուսնության առաջին մոտ 10 տարին շատ ճիշտ է ծնողների հետ ապրելը»: 27-ամյա Էլեոնորայի կարծիքով էլ. «Զույգերի համար օգտակար է միասին մեծ ընտանիքի մեջ ապրելը: Սկզբնական շրջանում առանձնանալը իսկապես մեծ դժվարություն է: Օրինակ, աղջիկների համար շատ դժվար կլինի անմիջապես միայնակ ամուսնու հետ ապրել, որովհետեւ շատ հարցերում աղջիկները խեղճանում են, քանի որ անփորձ են լինում»:

Ճի՞շտ է, արդյոք, այն, որ ամուսնությունից հետո, հայկական ավանդության համաձայն, նորապսակներն ապրեն տղայի ծնողների հետ, կարո՞ղ է այդ ընտանիքը զերծ մնալ հարս-սկեսուր փոխհարաբերություններից առաջացած վեճերից եւ անհամաձայնություններից:

Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանի հետ: Ըստ նրա, նորապսակների համար կարեւոր պայման պետք է հանդիսանա տղայի ընտանիքում որոշ ժամանակ ապրելը: Հոգեբանն ասում է. «Կողմնակից եմ, որ մարդաշատ, մեծ ընտանիքներում նորապսակները պետք է որոշ ժամանակաշրջան ապրեն, որովհետեւ այդտեղ որոշ հատկություններ կան, կյանք կա, ինչը չափազանց կարեւոր է ապագայում առանձին ապրելու համար: Այդպես կյանքում շատ նուրբ երեւույթներ, մարդկային հատկանիշներ են մշակվում. մեծահասակի նկատմամբ վերաբերմունքը, սերնդական կապերի նկատմամբ վերաբերմունքը՝ ով որտեղ է գտնվում, ով ինչպես է իր կեցվածքը ստեղծում, ինչպես է ընտանիքը ամուր եւ կուռ լինում, եւ, վերջին հաշվով, եթե մեծ ընտանիք է, ուրեմն ամուր եւ լավ է ապրում: Նշանակում է՝ ընտանիքի ինչ-որ ավանդական հատկություններ կան, որոնք դարերի ընթացքում մշակվել, բյուրեղացել են, այդ պատճառով էլ այդ ընտանիքը ամուր է մնացել, պահպանվել է, ազգապահպան դեր է ձեռք բերել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորապսակ ընտանիք պետք է ապրի նմանատիպ ընտանիքում, որպեսզի օրինակ վերցնի մեծերից»: Ինչ վերաբերում է հարս-սկեսուր հարաբերությունների լարմանն ու ընտանիքում անառողջ մթնոլոտի ստեղծմանը՝ Ռ. Պողոսյանը հավաստիացրեց. «Չկա ընտանիք, որտեղ կոնֆլիկտ չլինի, դա հեքիաթ է… Ամեն ընտանիք իր վեպն է գրում, եւ յուրաքանչյուր անդամ էլ այդ վեպի հեղինակն է, գրողը: Գրում են՝ ինչպես է հեղաշրջում կատարում, օրինակ, նորածինը, ինչպես է մեկին հորաքույր դարձնում… Այս փոփոխությունը, սերնդական կապերի վերադասավորումը, տեղադրումը շատ կարեւոր է ցանկացած նորաստեղծ ընտանիքի համար, այսինքն՝ ապրել եւ կարողանալ նոր դիրքերից հարաբերություններ ստեղծել: Հեղաշրջումը՝ այստեղ է, որ կարող է կոնֆլիկտներ առաջացնել, որովհետեւ սերնդական կապերի տեղերի փոփոխություն է իրականանում»: Հոգեբանի կարծիքով, նորաստեղծ ընտանիքի երջանկությունն ու ամրությունը հենց նորապսակների ձեռքերում է. «Մարդաշատ ընտանիքում նորաստեղծ ընտանիքը պետք է ապրի որոշ ժամանակ, որպեսզի կարողանա այդ սերնդական կապերի մեջ իր տեղադրումներն ունենալ, ձեռք բերել, յուրացնել եւ հետո նոր տանել կյանք: Նույնիսկ կասեի, որ լիարժեք երջանիկ եւ ամուր ընտանիք լինելու համար նորապսակները, բացի տղայի ընտանիքից, նաեւ աղջկա ընտանիքի հետ պետք է ապրեն որոշ ժամանակ: Բայց փաստն այն է, որ մեր հասարակությունը այդ երեւույթը՝ տնփեսայությունը մի տեսակ բացասական է դիտում: Անգամ բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ տնփեսայությունը բերել է ընտանիքի քայքայման: Ճիշտ է՝ ես դա համարում եմ ընտանիքի լիարժեք ամրության գրավական՝ գոնե որոշ ժամանակ աղջկա ընտանիքում եւս ապրելը լավ է, բայց եւ փաստում եմ, որ այդ պարագայում տնփեսան կորցնում է իր հայրական իրավունքները, իսկ եթե ընտանիքի գլխավոր անդամ դառնալու իրավունքը կորցնում է, այլեւս ինքն իրեն չի կարողանում համարել որպես ընտանիքի լիարժեք անդամ: Ավանդական ընտանիքի պահպանման հարցը այսկերպ փորձության է ենթարկվել, եւ հայերը գտել են, որ տնփեսա լինելը լավ չէ…»: Զրույցի վերջում Ռ. Պողոսյանն ասաց. «Ամուր եւ առողջ ընտանիքի գրավականը սերն է՝ ոչ առանձին, ոչ էլ սկեսուր-սկեսրայրի հետ ապրելը ոչ մի դեր ու նշանակություն չունի: Եթե տվյալ ընտանիքում սեր կա, մնացած ամեն ինչն էլ կլինի, իսկ դժվարություններն էլ կհաղթահարվեն: Սիրուց բացի, կարեւոր է նաեւ փոխվստահությունը: Իսկ մնացածն արդեն երկրորդական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել