Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական 10-րդ առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը վերադարձել է Երեւան:
Երեկ «Առավոտը» հանդիպեց նրա հետ:
– Երկրորդ անգա՞մ է, որ Եվրոպայում ճանաչվում ես երկրորդ շախմատիստուհին:
– Այո: Առաջին անգամ մայրցամաքի արծաթե մեդալը նվաճել եմ 2002 թվականին՝ Վառնայում: Այնտեղ վերջին երեք պարտիաներում տարած հաղթանակների շնորհիվ բարձրացա «մաքուր» երկրորդ հորիզոնական՝ նույնպես վաստակելով 8,5 միավոր:
– Մեր հարցազրույցներից մեկում ասել էիր, թե Հայաստանի առաջնությանը չես մասնակցելու, որովհետեւ նախապատրաստվելու ես եվրոպականին: Ստացվում է, որ ճիշտ որոշում էիր կայացրել:
– Հայաստանի առաջնությունը մեր երկրի համար նշանակալի միջոցառում է եւ այնտեղ հաղթող դառնալը՝ պատվաբեր: Բայց Եվրոպայի առաջնությունը տարվա գլխավոր մրցումներից է, որին անհրաժեշտ է հատուկ նախապատրաստվել: Այս ընթացքում անցկացրել եմ երկու հավաք՝ Արզնիում, ապա՝ Ջերմուկում, որտեղ եւ մարզվում էի, եւ խաղում իմ գործընկերուհիների հետ: Եվ քանի որ մասնակցությունս հաջող ստացվեց, կարելի է նաեւ այդպես ասել:
– Այսինքն, լինում է նաեւ այնպես, որ տեսական պարապմունքները եւ գիտելիքների ավելացումն ավելի՞ օգտակար են լինում, քան գործնական շախմատը:
– Նայած, թե ինչ մակարդակի մրցման ես նախապատրաստվում կամ մասնակցում: Հայաստանի առաջնությունը Եվրոպայի հետ չես համեմատի, չնայած այստեղ էլ մակարդակը բավականին բարձր է: Այնտեղ, իսկապես, տեսական պատրաստվածության աստիճանը կարեւոր դեր ունի: Բայց երկար ժամանակ մրցման չմասնակցելն էլ ճիշտ չէ: Այս անգամ ժամանակագրական առումով ինձ համար ամեն բան համընկավ ու Սանկտ Պետերբուրգ մեկնեցի լավ մարզավիճակով:
– Միաժամանակ Ստամբուլում ընթանում էր կանանց «Գրան պրին», որին մասնակցում էին Եվրոպայի մի քանի լավագույն շախմատիստուհիներ: Ամենեւին էլ չնսեմացնելով քո արծաթե մեդալի փայլը, անկեղծ ասա. նրանց բացակայությունը Եվրոպայի առաջնությունը չէ՞ր թուլացրել:
– Անկասկած: Ստացվել էր այնպես, որ ուժեղագույնները բաժանվել էին երկու մասի: Դրանից Եվրոպայի առաջնությունը ինչ-որ չափով տուժեց: Բայց, միեւնույն է, մեզ հետ խաղում էին ոչ քիչ թվով ուժեղագույն շախմատիստուհիներ: Բավական է ասել, որ Պիտերում, մեդալներից բացի, խաղարկվում էին նաեւ աշխարհի առաջնության ուղեգրեր:
– Առաջնությունը դու բավականին վստահ սկսեցիր ու 6-րդ տուրից հետո 5,5 միավորով միանձնյա առաջատարն էիր: Հետո տեմպերը, ասես, թուլացրիր: Բայց հիմնական մրցաշարի վերջնամասում կրկին վերագտար քո խաղը: Խաղացած 11 պարտիաներից ո՞րն ես համարում ամենահաջողվածը եւ ամենաանհաջողը:
– Հիմնական մրցաշարում ամենաանհաջողը, բնականաբար, 7-րդ տուրում Հունգարիայի դրոշի ներքո խաղացող վիետնամցի Տրանգ Տհան Հոնգի հետ պարտիան էր, որում ես կրեցի հիմնական մրցաշարի իմ միակ պարտությունը: Անհաջող էր նաեւ արդեն թայ-բրեքի առաջին պարտիան ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւայի հետ, որը նույնպես տանուլ տալով՝ այնուհետեւ հնարավոր չեղավ կորցրածը ետ բերել ու պայքարել «ոսկու» համար: Իսկ ամենահաջողը, անկասկած, հիմնական մրցաշարի վերջին տուրն էր, որտեղ մրցակիցս գրոսմայստեր Մարինա Ռոմանկոն էր: Անչափ լարված պայքար էր, որտեղ խաղում ես ամենաբարձր տեղեր զբաղեցնելու համար, հետեւաբար՝ պատասխանատվության աստիճանն անչափ մեծ է: Դրա համար էլ ընտրեցի շատ սուր սկզբնախաղ, որտեղ հաղթելը կամ պարտվելը հավասար նժարների վրա էին: Խաղը նյարդային էր, ու ամեն բան կախված էր նրանից, թե մեզանից ո՞վ կդիմանար: Իմ նյարդերը, փաստորեն, ավելի ամուր գտնվեցին:
– Թայ-բրեքի մասին ի՞նչ կասես:
– Այն բաղկացած էր կարճեցված ժամանակով (15 րոպե, որից հետո յուրաքանչյուր քայլի համար պլյուս 10 վայրկյան) երկու պարտիայից: Առաջինում, որտեղ սպիտակ խաղաքարերն իմն էին, լավ չխաղացի: Սկզբում ունեի դիրքային որոշ առավելություն, բայց միջնամասը վատ անցկացրի ու Կոսինցեւան խլեց նախաձեռնությունը: Վերջնամասում դրությունը փրկելու փոքր շանս ստեղծվեց, սակայն օգտվել չկարողացա եւ պարտվեցի: Դա էլ վճռական դեր կատարեց: Երկրորդ պարտիան ընթացավ այնպես, որ ամենաիրական ելքը ոչ-ոքին էր: Տրամադրությունս շատ էր ընկել:
– Եվրոպայի անհատական առաջնություն: Յուրաքանչյուրը պայքարում է իր միավորի, իր տեղի համար: Դուք՝ հայաստանցի աղջիկներդ, ինչպե՞ս էիք ձեզ պահում:
– Մտերիմ ընկերուհիներն իրենց ինչպե՞ս կպահեն: Յուրաքանչյուրս պատրաստվում էր հաջորդ խաղին: Բայց նաեւ միմյանց օգնում էինք: Միշտ այդպես է եղել ու այդպես էլ կշարունակվի:
– Մեր մյուս շախմատիստուհիները, երբ դու թայ-բրեքին էիր մասնակցում, վերադարձե՞լ էին, թե՞ մնացել էին քո հետ:
– Իհարկե՝ մնացել էին, ու նրանց ներկայությունն ինձ շատ էր օգնում, թեեւ ընդհանուր հաշվով պարտվեցի:
– Եվրոպայի առաջնությանը ռուսաստանցի երկու հայ շախմատիստուհի էր մասնակցում: Նրանց հետ շփվո՞ւմ էիք:
– Ալինա Բալայանին չէինք ճանաչում: Իսկ Կարինա Համբարձումովայի հետ ծանոթացել եմ Դագոմիսում անցկացված Ռուսաստանի ակումբային առաջնությունում: Նա ուրիշ տեղ էր բնակվում: Բայց մրցավայրում թեթեւ շփումներ ունենում էինք: Դրա փոխարեն, հատկապես առաջնության վերջին օրերին, միշտ իմ կողքին էին Սերգեյ Մովսիսյանը, իմ մտերիմ ընկերուհիներ Կատերինա Լահնոն՝ Ուկրաինայից եւ Յուլյա Կոչետկովան՝ Ռուսաստանից: Նրանք ինձ աջակցում ու ոգեւորում էին:
– Մեր մյուս աղջիկներն արեցին այն, ինչ ի վիճակի՞ էին:
– Ոչ, կարող էին ավելին անել: Կարծում եմ, որոշ հարցերում նրանց բախտը չբերեց: Սպորտում դա կարեւոր նշանակություն ունի:
– Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունես:
– Առայժմ՝ հանգստանալ: Ամռանը մի քանի մրցաշարեր կան: Դեռ չեմ որոշել, դրանց կմասնակցե՞մ, թե՝ ոչ: Իսկ ահա տարեվերջին աշխարհի ու Եվրոպայի թիմային առաջնություններն են ու Եվրոպայի ակումբային առաջնությունը: