Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄ ԼԱՎԸ, ԿԱՄ ՈՉԻՆՉ՝ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 26,2009 00:00

\"\"Այս սկզբունքով է աշխատում նրանց PR-ով զբաղվող ու տեսահոլովակը նկարահանած «Շարմը»

Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների «Ջան-ջան» երգը, որքան էլ տարօրինակ է, հանրային բուռն քննարկումների առիթ չդարձավ: Չնայած այն բանին, որ թե երգը եւ թե, առավել եւս, տեսահոլովակն իրենց ոչ հայկականությամբ չեն զիջում Անդրեի հայտնի երգին: Ինգայի եւ Անուշի «Ջան-ջանը» այդպես էլ չարժանացավ հայրենի Ազգային ժողովում քննարկվելու պատվին: Հավանաբար, միջազգային տնտեսական ճգնաժամին կամ էլ առաջիկա քաղաքապետի ընտրություններին են Ինգան ու Անուշը պարտական, որ չդարձան ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի երաժշտագիտական զայրույթի թիրախը: Կամ էլ քույրերի տաղանդն ու մինչ այդ մատուցած բացառիկ հայեցի երգարվեստն է պատճառը, որ նույնիսկ «Ջան-ջանը» չհավանողներն իրենց դժգոհությունն այնքան էլ բուռն չեն արտահայտում:

«Ջան-ջանի» մշակված տարբերակն ու տեսահոլովակը տեղադրված են ինտերնետում, որտեղ ցանկացողները թողնում են իրենց մեկնաբանություններն ու կարծիքները: Մարտի 13-ին տեսահոլովակը դիտելուց հետո իմ կարծիքը, ընդ որում՝ ոչ դրական, բլոգում թողեցի նաեւ ես: Այդ օրն արդեն կարծիքները երեսուներկուսն էին: Երեք օր անց տեղեկացա, որ իմ թողած մեկնաբանության շուրջ բլոգում երկխոսություն է ծավալվել եւ թողեցի եւս մեկ մեկնաբանություն: Հատուկ ուզում եմ նշել, որ դրանց մեջ չկար որեւէ անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություն: Մարտի 16-ին, սակայն, նկատեցի, որ մեկնաբանությունների թիվը մնացել է գրեթե անփոփոխ, ինչից ափսոսանքով եզրակացրի, որ երգի հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ:

Հետեւելու համար ծավալված երկխոսության ընթացքին՝ կայքէջ այցելեցի եւս մեկ անգամ՝ մարտի 20-ին: Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ տեսա, որ իմ բոլոր մեկնաբանությունները դուրս են հանված: Ուշադրությամբ թերթեցի էջի բոլոր մեկնաբանությունները եւ պարզվեց, որ գրեթե բոլոր բացասական կարծիքները բացակայում են: Իսկ այն մի քանիսը, որտեղ կան նկատողություններ, կիսով չափ գովաբանական են: Ընդ որում, դա արվել էր այնքան փնթի կերպով, որ ինձ ուղղված պատասխան մեկնաբանությունները, ինչպես նաեւ այլ բլոգերների բացասական կարծիքներին պատասխան վիրավորանքները թողնված էին, եւ այդպիսով ուղղակի անհասկանալի էր դարձել, թե դրանք ում են հասցեագրված: Նման մոտեցումից տարակուսած՝ եւս մեկ մեկնաբանություն գրեցի՝ հարցնելով, թե ինչո՞ւ են բլոգից հանվում բացասական կարծիքները: Սակայն այս մեկնաբանությունս եւս արժանացավ նախորդների ճակատագրին՝ այն տարբերությամբ, որ շատ ավելի արագ դուրս հանվեց:

Այդպիսով՝ պարզվեց, որ կարծիքների փոքր թիվը պայմանավորված է ոչ թե հետաքրքրության պակասով, այլ դրանց բնույթով: Եվ դա առավել տխուր է, քանի որ ստացվում է, որ անցնող 14 օրերի ընթացքում հավաքագրվել է ընդամենը 45 դրական կարծիք, իսկ թե դրանք ընդհանուր կարծիքների տեսակարար կշռում քանի՞ տոկոս են կազմում, հայտնի է, թերեւս, միայն կայքի պատասխանատուներին:

Փորձեցինք տեղեկանալ, թե ինչպես են վերաբերվում նման գործելաոճին անձամբ երգչուհիները: Պարզվեց, որ նրանք ընդհանրապես տեղյակ չեն: Իսկ ահա նրանց PR-ով զբաղվող «Շարմ» հոլդինգի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը ոչ միայն տեղյակ էր, այլեւ նման մոտեցումը համարում էր միանգամայն գրագետ: Ըստ նրա, բոլոր երկրների մասնակիցների բլոգերում էլ զետեղվում են առավելապես դրական կարծիքները, որովհետեւ անհաջող կարծիքների առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ երգչուհիների վարկանիշի վրա: Տեղեկացնենք, որ դա այդպես չէ: «Եվրատեսիլի» բազմաթիվ մասնակիցների բլոգերում կարելի է հանդիպել տարբեր կարծիքների՝ ընդհուպ վիրավորական: Հավելենք, որ Շարմի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա. Ավանեսյանը նաեւ ասել էր. «Ինչպես դուք իրավունք ունեք չհավանելու տեսահոլովակը, այնպես էլ մենք՝ ձեր կարծիքները»: Փաստորեն, ստացվում է, որ «Ջան-ջան» տեսահոլովակի մասին բացասական կարծիքները խմբագրողները գիտակցաբար վիրավորում են Ինգայի եւ Անուշի այն երկրպագուներին, որոնք թեեւ չեն հավանում այս հոլովակը, բայց, անշուշտ, ամբողջ սրտով ցավում են քույրերի հաջողության համար: Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում միգուցե ճիշտ կլիներ նշել, որ կայքի պատասխանատուներն իրենց իրավունք են վերապահում խմբագրել կարծիքները, Ա. Ավանեսյանը պատասխանեց. «Սա «Շարմի» սկզբունքային մոտեցումն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել