Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռուս-թուրքական մերձեցումը կդառնա ռազմաստրատեգիական»

Մարտ 26,2009 00:00

Սկիզբը՝ 

Հարցազրույց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի

գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ

– Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:

– Ռուս-թուրքական մերձեցումը, կարծում եմ, ի վերջո կդառնա ռազմաստրատեգիական, որովհետեւ երկուսն էլ փորձում են լուծել ոչ միայն երկկողմանի, այլեւ տարածաշրջանային խնդիրներ: Տարածաշրջան ասելով՝ նկատի ունեմ Սեւ ծովը: Երկու գլխավոր պետություններ փորձում են համատեղ համաձայնությամբ կիսել ազդեցությունը Սեւ ծովի վրա, իրենց տնտեսական հարաբերությունները կառուցում են այնպես, որ ռազմական համագործակցությունը իրական դառնա:

Թե դա ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա, ինչ-որ տեղ կախված է ե՛ւ Ադրբեջանից, ե՛ւ Հայաստանից: Կարծում եմ՝ դա կարող է նաեւ շատ ծանր ազդել Ադրբեջանի վրա, եւ կարող է Ադրբեջանի հետ միասին ծանր ազդել Հայաստանի վրա: Եթե Ադրբեջանը շատ ճկուն վարվի եւ նրանց հետ համաձայնություն կայացնի Արցախի հարցում, դա կարող է բերել Հայաստանի վրա ճնշման: Սեւ ու Կասպից ծովերն իրար խառնելով՝ նավթի, գազի ուղղությամբ համագործակցությունը կարող է բերել երեքի ռազմավարական համագործակցության, որը չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Բայց չեմ կարծում, որ ռուս-թուրքական համագործակցության նպատակը մեր տարածաշրջանում պատերազմ սկսելն է, միեւնույն է, երկուսով պիտի փորձեն պատերազմի առաջն առնել ու բացառել այն: Ադրբեջանն առնվազն սպառնում է պատերազմով, նա սկսել է պատրաստվել դրան դիվանագիտական ու քարոզչական ճանապարհով: Բայց դա ուղղակի դեմ է ռուս-թուրքական համագործակցությանն ու շահերին, որովհետեւ այդ համագործակցությունը պահանջում է կայունություն: Այս առումով դա կարող է ինչ-որ իմաստով ձեռնտու լինել Հայաստանին:

Կարեւոր է նաեւ, որպեսզի չթվա, թե Հայաստանն ուզում է սեպ խրել ռուս-թուրքական հարաբերություններում, որը չի կարող անել: Հայաստանը պետք է միշտ իր իրավունքների տերը լինի, Ռուսաստանի հետ հարաբերություններում լինի կոռեկտ, բայց նաեւ ցույց տա, որ Հայաստանի համար վտանգ կա ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման մեջ, եւ իր ռազմավարական գործընկերոջից ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերվելիս նաեւ Հայաստանի շահերի հաշվի առնելը: Իրականում այնքան էլ փայլուն չէ մեր վիճակը, եթե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները սերտանան եւ դառնան ռազմավարական: Այդ դեպքում Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարողանա Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի առաջն առնել: Դա կլինի հայկական դիվանագիտության հաջողությունը: Օգոստոսյան պատերազմը եւս ցույց տվեց, որ այն նախաձեռնությունները, որոնք Վրաստանի միջոցով կիրականացվեն Հայաստանը շրջանցելու նպատակով, փաստորեն խոցելի են՝ նույն Կարս-Ախալքալաքը, նույն Բաքու-Թբիլիսի- Ջեյհանը: Վրաստանը եւս չունի արեւելք-արեւմուտք ճանապարհ եւ պետք է հասկանա, որ Հայաստան-Ախալքալաք-Բաթում ճանապարհը հենց այդպիսին է նաեւ Վրաստանի համար, մի բան, ինչի կարիքն ունի նաեւ ինքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել