Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային խորհուրդը Ռոբին Հուդ չէ»

Մարտ 26,2009 00:00

Ըստ Հանրային խորհրդի համակարգող Վազգեն Մանուկյանի՝ իրենք չեն պատրաստվում հարուստների փողերը բաժանել աղքատներին:

Այսուհետեւ գիտությանը, կրթությանը, մշակույթին, սահմանադրական փոփոխություններին, հանրային ծառայություններին, քաղաքացու իրավունքներին, կուսակցություններին, մամուլին եւ այլնին վերաբերող խնդիրները կլուծվեն նաեւ նոր կառույցի՝ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Հանրային խորհրդի միջոցով:

Երեկ ԳԱԱ-ում հայտարարեց ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի աշխատանքները համակարգող Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա, բազմաթիվ երկրներ հանրային կյանքում կուտակված խնդիրների լուծման գործում հասարակության տարբեր հատվածների կառուցողական մասնակցությունը խթանելու, հանրության կարծիքը կարեւորագույն որոշումների կայացման գործում հաշվի առնելու, ինչպես նաեւ հանրության հիմնական հատվածի սպասելիքները հնարավորինս բավարարելու նպատակով հաջողությամբ օգտագործում են Հանրային խորհրդի ինստիտուտը: «Մեր երկրում առաջին անգամ փորձ է արվում կիրառել հանրային կյանքի կազմակերպման այդ հաջողակ օրինակը: Արդեն հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը»,- ոգեւորված ասաց Վ. Մանուկյանը, այնուհետեւ հավելեց, որ իբր կառույցի ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ապաքաղաքականացված է եւ բաղկացած հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներից:

Հայաստանում Հանրային խորհրդի հարցեր լուծելու հնարավոր լծակների մասին պարոն Մանուկյանն ասաց. «Այժմ պատրաստվում ենք երկու կանոնադրության փոփոխությունների՝ կառավարության եւ Ազգային ժողովի: Այդ փոփոխություններում ընդգծվելու է, որ Հանրային խորհուրդը կարող է գործուղել ցանկացած հարցի վերաբերյալ ԱԺ եւ կառավարություն՝ իր ներկայացուցչին: Երկու տեղում էլ նրանք օգտվելու են իրենց լիարժեք հնարավորություններից՝ ունենալ ելույթ, ներկայացնել իրենց կարծիքը, որը թելադրված է հասարակության կողմից եւ ազդել որոշումների վրա: Հաջորդ լծակը երկրի նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի բարի ցանկությունն է այս գործը առաջ տանելու»:

ՀՔԴՄ նախագահ, Հանրային խորհրդի ա նդամ Խոսրով Հարությունյանի խոսքով, կառույցը դեռ ամբողջական չէ. «Ըստ կանոնադրության, այն բաղկացած է 36 անդամից: Առաջին 12-ին նշանակում է նախագահն իր հրամանագրով եւ նրանք արդեն նշանակված են: Հաջորդ 12-ին ընտրում է հասարակությունը: Կանոնադրությամբ առաջին 12-ին հանձնարարված է 30 օրվա ընթացքում ստեղծել 12 հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինելու ԱԺ-ի եւ կառավարության կազմում ընդգրկված բոլոր ոլորտները: Այդ հանձնաժողովները ընտրելու են իրենց նախագահներին, որոնք մեխանիկորեն նախագահի հրամանագրով կկազմեն խորհրդի հաջորդ 12 անդամները: Իսկ հանձնաժողովների մեջ ընդգրկված են լինելու ոչ թե անհատներ, այլ՝ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երրորդ 12-ին էլ ընտրելու են ընտրված 24 անդամները»: Խ. Հարությունյանը մանրամասնեց. «Սա հավելյալ հնարավորություն է հանրության, ոչ կառավարական համակարգում ընդգրկված պրոֆեսիոնալների, գիտակների, մարդկանց համար, որոնք սրտացավ են մեզանում կուտակված խնդիրների կարգավորման հարցում, ունեն իրենց փորձառությունը եւ պատրաստ են այն կիրառել հանրային խնդիրների լուծման հարցում: Ցանկացած ոք, որը ներկայացնում է այս կամ այն հասարակական կազմակերպությունը, ունակ է իր մասնակցությամբ հանրության տարբեր սեգմենտների շահերը հասցնել այս խորհրդին, կարող է դառնալ հանձնաժողովի անդամ»:

Վերջում էլ Վ. Մանուկյանը նշեց. «Այն, ինչ որ ստեղծվում է, ստեղծվում է ո՛չ այս 12 հոգուս, ո՛չ նախագահի, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ԱԺ-ի համար, այլ՝ ողջ հանրության: Հավատացնում եմ՝ կառույցի նպատակը չէ բոլոր հարուստների փողերը հանել եւ բաժանել աղքատներին, դրա համար Ռոբին Հուդ կա… թող առաջանա այդ Ռոբին Հուդը, իսկ ովքեր ցանկանում են, թող ընդգրկվեն եւ այդ Ռոբին Հուդում, ե՛ւ Հանրային խորհրդում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել