Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՔՅԱԼՆԵՐԸ»

Մարտ 26,2009 00:00

\"\"Մայրաքաղաքի անտրանսպորտ եւ անմանկապարտեզ հատվածը

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Թբիլիսյան խճուղում ապրող մանուկները չգիտեն, թե ինչ է մանկապարտեզը: Մայրաքաղաքի «Երազ» ավտոգործարանի հովանավորությամբ գործող թիվ 81 մսուր-մանկապարտեզը դեռեւս 1992-ին է իր դռները փակել մանուկների առջեւ՝ դառնալով կաթոլիկ հավատացյալների կենտրոն: Հարցը թաղապետին է հասել միայն թաղապետական ընտրությունների ընթացքում, բայց, մեկ է, չի գտել լուծումը՝ ազատ տարածք չլինելու պատճառաբանությամբ. «Հնարավոր չէ այդ տարածքում մանկապարտեզ կառուցել, նախ՝ ազատ տարածք չկա նորը կառուցելու համար, իսկ բոլոր տեղի շենքերն էլ օրինականացված են»,- ասաց Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը:

Հարկ է նշել, որ տարածքում գործում են մայրաքաղաքի աչքի ընկնող գործարաններից մի քանիսը՝ Շամպայն գինիների, «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամբնի Արմենիա», «Էլնոր» կարագի գործարանները, ինչպես նաեւ 2 հզոր բենզալցակայան եւ մեկ նորակառույց գազի լցակայան: Տարածքին մերձ գործում է 3 դպրոց, իսկ տարածքից դուրս՝ 4 մանկապարտեզ, վերջիններս՝ թաղապետարանի ենթակայությամբ:

«Թաղապետարանի ենթակայությամբ 4 մանկապարտեզ է գործում, բնակիչները կարող են օգտվել դրանցից»,- ասաց Ա. Քոթանջյանը:

«Տարածքում մանկապարտեզի բացակայությունը բավական վատ է թե ինձ եւ թե փոքրիկիս համար: Ես՝ լինելով երիտասարդ, չեմ կարողանում աշխատել, մինչդեռ դրա կարիքը ունեմ: Երեխաս ինձ համար բեռ չէ, բայց պե՞տք է որեւէ կերպ մեծացնել նրան, բացի դա էլ, մանկապարտեզ հաճախելը նպաստում է երեխայի էլ ավելի ունակ լինելուն, ամեն ինչ չէ, որ մենք՝ ծնողներս, սովորեցնում ենք երեխաներին, իսկ հաճախելով մանկապարտեզ, նոր միջավայր են մտնում: Ես չեմ կարող միաժամանակ եւ տրանսպորտի, եւ մանկապարտեզի գումար տալ, բացի դա էլ, ժամանակը չի հերիքի»,- մտահոգվում է բնակիչներից Լուսինե Շաքարյանը:

Ծնողները բողոքում են, իսկ երեխաները չեն էլ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, հասկացող հատուկենտ երեխաներն էլ քաղաքի մանկապարտեզներ են հաճախում:

Բայց այստեղ էլ ամեն ինչ չէ, որ հարթ է՝ փոխադրամիջոցի խնդիր կա: Քաղաքի ծայրից կենտրոն գնացող ընդամենը 3 երթուղային կա, որ կանգառում են ուղեւոր վերցնելու, մնացածը շրջաններից եկողներն են, որոնք առանց կանգառելու են հասնում քաղաքի կենտրոն: Վարորդներն այս դեպքում ունեն պատրաստի պատասխան. «Սա քաղաքի տրանսպորտ չի, հենա՝ դուք ունեք»:

Այստեղ մանկապարտեզ ու տրանսպորտ չունենալու խնդիրը լուծելը ուժերից վեր են համարում: «Մուշ» համատիրությունը սպասարկում է յոթ բնակելի շենք, ուր կա 324 բնակարան, բնակչության թիվը 6000-ից ավելի է, իսկ մինչեւ հինգ տարեկան ութսուն երեխա կա: Բանավոր բողոքներ լինում են բնակիչներից, որոնք հապճեպ լուծում ենք, սակայն մանկապարտեզ հիմնելը եւ տրանսպորտ տրամադրելը մեր ուժերից վեր է: Այն, ինչ մեր ուժերին հասու է, մենք անում ենք: Այստեղ վերադասի միջնորդությունն է պակասում»,- ասաց «Մուշ» համատիրության ղեկավար Ռոզա Սարգսյանը:

Մայրաքաղաքի անտրանսպորտ եւ անմանկապարտեզ այս հատվածում բնակիչները դժվարացան պատասխանել, թե, մասնավորապես, որ խնդիրների լուծումներն են հասու համատիրությանը եւ թաղային ղեկավարություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել