Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն»

Մարտ 26,2009 00:00

Հարցազրույց՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ

Ռուսաստանի հաշվարկն այն է, որ գոնե մի քիչ առաջ մղի ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության ուղիներ բացի դեպի Հայաստան ու իր ռազմակայանը՝ միաժամանակ ամրապնդելով սեփական դիրքերը եւ ազդեցությունը երկու հակամարտող երկրներում: Բացի այդ, եթե ստացվի, ապա սադրանքի միջոցով Երեւանին ներքաշի Ջավախեթիի հայաբնակ շրջանում անջատողական գործընթացների մեջ, իսկ Բաքվին՝ նմանատիպ առճակատման մղի Վրաստանի Բորչալի ադրբեջանաբնակ շրջանում: Բայց Ադրբեջանին ուղղված ռուսական առաջարկներն ու պլաններն արդեն վստահություն չեն ներշնչում: Երեւանն էլ զգուշացավ Վրաստանի նկատմամբ թշնամական դիրք բռնելուց եւ, հակառակ Մոսկվայի ճնշումներին, չճանաչեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

– Որո՞նք են Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ՝ 2008թ. օգոստոսյան իրադարձությունների՝ Ադրբեջանի համար գլխավոր դասերը:

– Պաշտոնական տեսակետի մասին չեմ խոսի, ներկայացնեմ իմ կարծիքը:Գլխավոր դասը վերջին տարիներին պաշտոնական Բաքվի դրսեւորած շրջահայաց վարքագծի ճիշտ լինելն է: Ինչպես ցույց տվեց փորձը, Սահակաշվիլիի կառավարության չափազանց կտրուկ շարժումները ռիսկային էին եւ հանգեցրին մեծ կորուստների: Բայց նրանք, ովքեր ենթադրում էին, թե օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո Ադրբեջանը կվախենա եւ կնետվի Կրեմլի գիրկը՝ սխալվեցին: Նման բան տեղի չունեցավ: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Ախալքալաքի եւ Բաթումի ռազմակայանների տարհանման ժամանակ Վրաստանից դուրս բերված զենքի մեծ խմբաքանակ Մոսկվան հանձնել է Հայաստանին, նախագահ Ալիեւը հայտարարեց նախագծվող «Նաբուկո» գազատարի ուղղակի օժանդակության, ռազմական բյուջեի աճի մասին եւ նորից չբացառեց՝ ծայրահեղ դեպքում երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուժային տարբերակը: Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները նորից վերադարձան Մինսկի խմբի ձեւաչափին՝ առանց Ռուսաստանի բացառիկ դերի: Հազիվ թե Ադրբեջանը դիմի արկածախնդրության եւ ժամանակից շուտ ռազմական գործողություններ սկսի, բայց նա շարունակում է հետեւողականորեն մեծացնել սեփական տնտեսական, ռազմական գերազանցությունը եւ ճնշումը Հայաստանի վրա։ Քիչ հավանական է եւ այն, որ Ադրբեջանը կհայտնվի Ռուսաստանի ուղեծրում:

– Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:

– Չեմ կարծում, թե ռուս-թուրքական հարաբերությունը պետք է հակադրել Արեւմուտքին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ է եւ Եվրամիություն մտնելու թեկնածու։ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները չափազանց կարեւոր են, բայց բոլորովին անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ Թուրքիային կապում է ԱՄՆ-ին եւ Եվրոպային։ Օգոստոսյան իրադարձությունների ժամանակ Անկարան զուսպ դիրք բռնեց: Թուրքիայի ղեկավարությունը գիտակցում էր, որ ՆԱՏՕ-Ռուսաստան գծի երկայնքով առճակատման խորացումը հենց իր վրա է դնում ռազմական, տնտեսական ռիսկերի ու կորուստների բեռը: Նրանք չէին ուզում ներքաշվել Ռուսաստանի հետ վտանգավոր առճակատման մեջ՝ հանուն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, առավել եւս, որ Թուրքիայում ազդեցիկ չերքեզական սփյուռքը կտրուկ ձեւով հանդես եկավ Սահակաշվիլիի կառավարության գործողությունների դեմ:

Սակայն մեծ չափազանցություն կլինի՝ խոսել դեպի Ռուսաստան Թուրքիայի շրջադարձի մասին։ Մոսկվայի եւ Անկարայի մարտավարական շահերը կարող են ժամանակավորապես համընկնել Հարավային Կովկասում լարվածության աճը կանխելու տեսանկյունից, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության հնարավոր «ապասառեցման» լույսի ներքո: Չէ՞ որ, եթե իրադարձություններն այդպես ընթանային, Թուրքիայի համար բավական դժվար կլիներ չխառնվելը: Ամեն դեպքում, ես դրական եմ համարում Թուրքիայի ձգտումը՝ գտնել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծումը Մոսկվայի հետ երկխոսության եւ գործընկերության միջոցով: Դրանից թե Ադրբեջանը, թե Հայաստանը կարող են միայն շահել:

Ռուսաստանը եւս ուշադիր է Ադրբեջանի նկատմամբ: Նախագահ Մեդվեդեւի առաջին պաշտոնական այցն այստեղ էր: Մոսկվան նախաձեռնեց նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումները եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Մայնդորֆյան հայտարարության ստորագրումը:Ռուսական «Գազպրոմը» պատրաստակամություն հայտնեց համաշխարհային գներով ձեռք բերել ամբողջ գազը, որ կարդյունահանվի «Շահդենիչ» հանքավայրից՝ երկրորդ փուլում: Ռուսաստանի ռազմարդյունաբերությունն Ադրբեջանին առաջարկում է իր արտադրանքի գրեթե ողջ տեսականին: Ռուսաստանի հաշվարկն այն է, որ գոնե մի քիչ առաջ մղի ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության ուղիներ բացի դեպի Հայաստան ու իր ռազմակայանը՝ միաժամանակ ամրապնդելով սեփական դիրքերը եւ ազդեցությունը երկու հակամարտող երկրներում: Բացի այդ, եթե ստացվի, ապա սադրանքի միջոցով Երեւանին ներքաշի Ջավախեթիի հայաբնակ շրջանում անջատողական գործընթացների մեջ, իսկ Բաքվին՝ նմանատիպ առճակատման մղի Վրաստանի Բորչալի ադրբեջանաբնակ շրջանում: Բայց Ադրբեջանին ուղղված ռուսական առաջարկներն ու պլաններն արդեն վստահություն չեն ներշնչում։ Երեւանն էլ զգուշացավ Վրաստանի նկատմամբ թշնամական դիրք բռնելուց եւ, հակառակ Մոսկվայի ճնշումներին, չճանաչեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել