Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Մարտ 26,2009 00:00

Շարունակում ենք ներկայացնել հայ եւ ադրբեջանցի գործիչների, վերլուծաբանների եւ փորձագետների հետ մեր զրույցները «Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսյան պատերազմից հետո» թեմայով: Հարցազրույցները տպագրվում են նաեւ Բաքվում՝ «Նովոյե վրեմյա» ռուսալեզու թերթում (www.novoyevremya.com): Բոլոր նյութերը պատրաստվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը:

«Ռուս-թուրքական մերձեցումը կդառնա ռազմաստրատեգիական»

\"\"Հարցազրույց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ

– Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Հայաստանի վրա:

– Պարզ է, որ հիմնական իրադարձությունը, որը մեծ ազդեցություն թողեց ամբողջ տարածաշրջանի վրա, վրաց-օս-ռուսական օգոստոսյան պատերազմն էր եւ դրա հետեւանքները, այսինքն՝ Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը: Եվ պատերազմը, եւ հետեւանքները տարածաշրջանում ստեղծեցին ամբողջովին նոր ռազմաքաղաքական իրավիճակ, որը մի կողմից Հայաստանի առջեւ բացեց նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ առնվազն զգալի դարձրեց Հայաստանի խոցելիության աստիճանը:

Հայաստանի նախագահի հրավերը՝ ուղղված Թուրքիայի նախագահին, փաստորեն, մեկ ու կես ամիս անց զուգադիպելով օգոստոսյան պատերազմին, հնարավորություն տվեց Հայաստանին արտաքին քաղաքականության մեջ որակական փոփոխություններ մտցնել, որը ոչ այնքան կախված էր Հայաստանից, որքան՝ Թուրքիայից: Այս դեպքերի փոփոխությունը նաեւ Թուրքիային մղեց՝ վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ փորձել փոխել իր կեցվածքը, ինչն անխուսափելի է, եթե իսկապես Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում ունենալ հավելյալ աստիճան:

Սահմանի բացումը Հայաստանի համար միանշանակ դրական հետեւանքներ չի ունենալու: Կլինեն նաեւ վտանգներ, բայց դա չի նշանակում, որ սահմանը պետք չէ բացել, այլ նշանակում է, որ գիտակցելով այդ վտանգները, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել: Օրինակ՝ զարկ տալ մեր տնտեսության այն հատվածներին, որոնք սահմանի բացման դեպքում տուժելու են:

Արցախի հարցի տեսանկյունից հետաքրքիր երեւույթ է այն, որ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներն էլ ճանաչել են այս կամ այն միավորի ինքնորոշման իրավունքը՝ անկախությունը, առանց այդ միավորներն իրենց մասը համարող երկրների հավանության: Այսինքն՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ճանաչել են Կոսովոն՝ առանց Սերբիայի համաձայնության, Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիան եւ Աբխազիան՝ առանց Վրաստանի համաձայնության: Երեք երկրներն էլ արձանագրել են, որ ինքնորոշման իրավունքը գերակա հիմնադրույթ է միջազգային իրավունքի մեջ եւ, փաստորեն, հաստատել են նաեւ այն, որ Արցախի հարցը կարգավորելու համար Ադրբեջանի համաձայնության կարիքը չկա: Այս մոտեցումները չի կարելի անտեսել, չեմ ասի, որ սրա հիման վրա մենք արդեն պետք է ամեն ինչ ստանայինք, բայց պետք չէ հեշտորեն ընդունել, որ Ադրբեջանի համաձայնությունը կարեւոր է:

– Ի՞նչն է այսօր ամենից շատ բնորոշ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, որքանո՞վ է փոխվել այդ քաղաքականությունը 2008թ. օգոստոսից հետո:

– Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը Հայաստանի առաջ դրեցին ռուսական ակնկալություններ, որոնց Հայաստանը չէր կարող դրական պատասխանել: Կարծում եմ, դա ինչ-որ տեղ նաեւ ազդեցություն ունեցավ Ռուսաստանի վրա այն իմաստով, որ տեսան՝ Հայաստանը այն պետությունը չէ, որը յուրաքանչյուր պահի պետք է շարժվի միայն Ռուսաստանի շահերով եւ անտեսի իր շահերը: Պատմականորեն այնպիսի կարծիք է ձեւավորվել, որ Հայաստանը չի կարող ապրել առանց Ռուսաստանի, եւ որ ռուսները ինչ էլ ուզենան, Հայաստանն անելու է: Ռուսաստանում արդեն հասկանում են, որ ինչքանով Հայաստանն ունի Ռուսաստանի կարիքը, նույնքանով էլ Ռուսաստանն ունի Հայաստանի կարիքը:

Օգոստոսյան պատերազմն ինչ-որ տեղ զուգադիպեց միջազգային ճգնաժամի սկզբի հետ, որն ունի իր քաղաքական հետեւանքները, մանավանդ՝ Արեւմուտքում: Նույն ԱՄՆ-ը, ԵԽ-ն ինչ-ինչ քաղաքական հաշվարկներով սխալ մոտեցումներ են կիրառում ու ճնշումներ գործադրում Հայաստանի վրա: Օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից օժանդակություն չփոխանցելը, ԵԽԽՎ-ի կողմից քվեի իրավունքից զրկելու սպառնալիքներն այն մոտեցումները չեն, որոնք պետք է նպաստեին Հայաստանի ժողովրդավարացմանը: Փաստ է, որ դրանք Հայաստանին մղել են դեպի Ռուսաստան, ինչը չէի ասի, որ լավ է:

Պարտադիր չէ, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կեցվածքն արտահայտվի սպառնալիքով: Այն կարող է դրսեւորվել քաղաքական կամ ռազմաքաղաքական այլ հարաբերությունների սերտացմամբ, ինչպես, օրինակ՝ Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Անկարա հարաբերությունները, որոնք պետք է մտահոգիչ լինեն Հայաստանի համար: Ճիշտ է, Ռուսաստանը դա չի անում որպես հակահայկական քայլ, այլ անում է իր շահերից ելնելով, բայց արդյունքում այդպես է ստացվում: Ամերիկան մի քիչ «տափակ» ձեւով է անում այդ ամենը: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ փորձեցին ճնշում գործադրել՝ պահանջելով չանել այս կամ այն քայլը, ասելով՝ «այլապես չենք տա այս փողը»:

Ցանկացած ուժի կողմից, լինի դա Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, միահեծան ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ տարածաշրջանի պետություններից եւ ոչ մեկին լավ բան չի խոստանում: Հայկական տեսանկյունից՝ ամենանպաստավորը կլինի շահերի մրցակցությունը եւ ինչ-որ տեղ մեծ ուժերի շահերի նույնացումը, բայց ոչ՝ շահերի բախումը, առավել եւս՝ ռազմական բախումը: Այն իրավիճակը, որ այսօր ձեւավորվում է (չհաշված Ամերիկայի նոր վարչախմբի խոստացած քաղաքականությունը, որի արտահայտությունը դեռ չենք տեսել)՝ այնքան էլ դրական չէ:

– Որո՞նք են Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ՝ 2008թ. օգոստոսյան իրադարձությունների՝ Հայաստանի համար գլխավոր դասերը:

– Պաշտոնական դիրքորոշումը պետք է պաշտոնյաներից ճշտել, բայց, իմ կարծիքով, նախ պետք է պատրաստ լինել ցանկացած պատերազմի՝ մեր դեմ կամ մեր հարեւանների միջեւ, որը կարող է մեզ վրա եւս ազդեցություն ունենալ: Բարեբախտաբար, պատերազմը երկար չտեւեց: Պետք է ավելի պատրաստ լինենք ցանկացած իրադարձության, որը կխափանի մեր կապերն արտաքին աշխարհի հետ: Մենք ոչ մի կերպ մասնակցություն չունեինք վրաց-ռուսական պատերազում, բայց առնվազն Վրաստանի չափ տնտեսական վնաս կրեցինք՝ շնորհիվ մեր նկատմամբ Վրաստանի ոչ կոռեկտ պահվածքի:

Չի կարելի այդպես հարաբերվել հարեւանի հետ, այսինքն՝ եթե Հայաստանը նույնքան կամ ավելի զրկանքներ կրի, որքան Վրաստանը, պարզ է, որ Հայաստանում կստեղծվի տրամադրություն, թե մինչեւ երբ մենք պետք է հանդուրժենք Վրաստանի այս կամայականությունները, եւ կստեղծվի նոր իրավիճակ: Հայաստանի միջոցով պետք է տարածվի այն փաստը, որ ազգամիջյան խնդիրների կարգավորումը ռազմական միջոցներով չի լինում: Միեւնույն է, վերջում պետք է նստեն սեղանի շուրջ, որպեսզի կարգավորեն այդ հարցերը:

Մյուսը, կարծում եմ, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ակտիվ ու գործունյա լինելն է: Բայց ակտիվ լինել՝ չի նշանակում այցելել միայն Մոսկվա եւ Թբիլիսի, այլ նաեւ Բրյուսել, եւ այնտեղ փորձել ներկայացնել Հայաստանի կեցվածքը, մտահոգությունները եւ ակնկալիքները: Այսօր ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ ԵՄ-ն Վրաստանի անխոհեմ քայլի համար միլիարդավոր գումարներ են հատկացնում Վրաստանին, իսկ նույն անխոհեմ քայլի պատճառով Հայաստանի կրած կորուստների համար ոչինչ չեն հատկացնում: Պարզ է, որ դա քաղաքական որոշում է, բայց ինչ-որ տեղ մեր թերացումն է, որ չենք կարողացել հարցը բավական բարձրաձայն ներկայացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել