Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի խնդիր

Մարտ 26,2009 00:00

Մալաթիա եւ Արգավանդ համայնքների ջրերը մի առվով չեն գնում

Մալաթիա-Սեբաստիա եւ Արգավանդ համայնքների միջեւ կռիվ է ընկել. Մալաթիայի ղեկավարությունն ուզում է իր վարչական տարածքում՝ Արգավանդի խաչմերուկի մատույցներում գտնվող ջրատարը վերացնել, արգավանդցիները թույլ չեն տալիս: «Որ փակեք՝ Արգավանդի դաշտերն ինչպե՞ս են ոռոգվելու: Չէ՞ որ սա գյուղի մշակադաշտերը ջրող միակ «կանալն» է»,- ասում էր Արգավանդի գյուղապետ Սամվել Նարիբեկյանը: Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կոմունալ վարչության պետ Վարդան Վարդանյանն էլ, թե՝ ինչ ասվել է, ես այն եմ անում: Ասել է, ու շարունակել հրահանգել բեռնատարների վարորդներին՝ բարձած հողը լցնել ջրատարի մեջ:

Արգավանդի գյուղապետի ահազանգով «դեպքի վայր» է հասել Արգավանդի ջրսպասարկումն իրականացնող «Մուսալեռ» ՋՕ ղեկավարությունը: Ընկերության ղեկավարներից մեկի եւ կոմունալի պետի միջեւ զրույցը թեժացել է եւ հասել նույնիսկ վիճաբանության ու միմյանց վիրավորելուն:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը «զարմացավ», որ «պարզ» գործն այդ աստիճան սրվել է: Նրա ասելով՝ ցանկացել են ընդամենը աղբանոցի վերածված ջրատարը մաքրել աղբից՝ ծածկելով այն հողի տակ: Ջրատարի մեջ իրոք աղբ կար, իսկ թե ով է ջրատարը աղբավայրի վերածելու փորձեր արել՝ ոչ ոք չի ասում:

Թաղապետին հուզում է Իսակով փողոցում գտնվող, աչքի համար անհաճո այդ տեսարանի առկայությունը: Նա նույնիսկ ցանկություն ունի մեկընդմիշտ ազատվել մայրաքաղաքի մուտքի մատույցներում անհիշելի ժամանակներից գոյություն ունեցող ջրատարից եւ դրա համար ուղիներ է որոնում:

Կատարվածից վիրավորված են Արգավանդի բնակիչները: Գյուղի կանանցից մեկը չթաքցրեց իր հիասթափությունը՝ գուղացիների նկատմամբ «թքած» վերաբերմունքից. «Առանց այն էլ մի քանի մետր հող մշակելով ենք գլուխներս պահում: Պատկերացնո՞ւմ եք, գարնան դեմ ջուրն էլ վրաներիցս կտրեին… Էնա, ասեք՝ գյուղացիք, գնացեք՝ մեռեք: Էլ խի՞ են էսօր-էգուց գցում… Էն աստիճան են լկտիացել, որ իրենց քեֆով մի ամբողջ գյուղի ճակատագրի հետ են խաղում»:

Իսկ արգավանդցի Խ. Խուդոյանին զարմացրել էր կոմունալի պետի սառնասրտությունը: Նրա հարցին, թե գյուղացիներն ի՞նչ են անելու, եթե փակվում է ջրի ճանապարհը, կոմունալի պետն ասել էր՝ «էդ իմ պրոբլեմը չի: Ես հողը լցնելու տերն եմ: Ջրի հետ գործ չունեմ»:

Հ. Գ. Երբ փորձում էինք լուսանկարել գյուղի եւ քաղաքի միջեւ վեճի առարկա ջրատարը, մեզ մոտեցավ միջին տարիքի մի մարդ եւ հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք եւ ինչո՞ւ ենք լուսանկարում: Տեղեկանալով, որ լրագրող ենք, նա անմիջապես ասաց, որ Արգավանդ գյուղի բնակիչ է եւ ջրատարի պատմությունը ներկայացրեց գյուղացու տեսակետից: Մենք արդեն հեռանում էինք, իսկ մեր զրուցակիցը մնաց ջրատարի մոտ՝ այնտեղ, ուր կանգնած էր մեր «այցից» առաջ: Ենթադրելի է, որ գյուղացիները պարզապես հերթապահություն են սահմանել, որ քաղաքացիները թաքուն-թաքուն հարցերը չլուծեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել