Հայկական համայնքներ հանդիպում են ամենաանսպասելի վայրերում
Նույնիսկ այս հինավուրց ամրոցի մատույցներում հայերն ապրում են այնպես, ինչպես Հայաստանում կամ Լոս Անջելեսում ու Սիդնեյում:
Օդեսայից ոչ այնքան հեռու, Սեւ ծովի ափին մի գեղեցիկ քաղաք կա՝ Բելգորոդ-Դնեստրովսկի անունով: Քաղաքը շատ փոքր է, այստեղ հասնելն էլ՝ բավականին դժվար: Շենքերը հիմնականում մեկ հարկանի են, փողոցները՝ անաղմուկ եւ խաղաղ: Բելգորոդ-Դնեստրովսկիում գտնվում է Ակկերման ամրոցը՝ այս փոքրիկ քաղաքի խոշոր տեսարժան վայրը: Հենց այս ամրոցում են նկարահանել սովետական «Նավապետ Նեմոն», «Երեք հրացանակիրները» եւ այլ ֆիլմեր: Այստեղ Պուշկինն է եղել, այստեղ դեռ Երկրորդ համաշխարհայինի օրոք թագավորություն է եղել, քանի որ Ակկերմանը ԽՍՀՄ-ին է միացել միայն պատերազմից հետո, եւ գինետներից մեկի պատի վրա մինչ օրս պահպանվել է Ռումինիայի վերջին արքայազնի՝ Միքեյի սրով արված անձնական ստորագրությունը: Զբոսաշրջիկներն այստեղ այնքան շատ չեն, որքան կարելի էր ենթադրել: Բնակչության հիմնական զբաղմունքներն են՝ հողագործությունը, ձկնորսությունը, գինեգործությունը: Եվ ի՞նչ եք կարծում, ինչու եմ այսքան երկար պատմում Բելգորոդ-Դնեստրովսկու մասին: Այո՝ այստեղ էլ են հայեր ապրում:
Հայերը որտեղ էլ ապրեն՝ համայնք են ստեղծում: Բելգորոդ-Դնեստրովսկու կամ, ինչպես բնակիչներն են անվանում՝ Ակկերմանի հայերը թվով շատ քիչ են: Դե, Ակկերմանն էլ մեծ չէ: Այս մարդկանց աշխատանքային օրը բավականին ծանր է, ինչպես ֆիզիկական աշխատանքով ապրող ցանկացած մեկի օրը: Այնուամենայնիվ, առօրյայից բացի, այս մարդիկ ուրիշ հետաքրքրություններ էլ ունեն:
Ակկերմանի հայերը հաճախ հավաքվում են քննարկելու Ղարաբաղի խնդիրը, Հայաստանի քաղաքական իրավիճակը, պատերազմի վերսկսման հավանականությունը: Քննարկում են լրջորեն, մեկը մյուսին ընդհատելով, եռանդորեն ապացուցելով իրենց ճիշտ լինելը, պնդելով իրենց տեսակետը: Երբ Օդեսայից, Մոսկվայից եւ հատկապես՝ Երեւանից նշանավոր հյուրեր են լինում, ակկերմանցիները հատուկ ընդունելություն են կազմակերպում: Որպես կանոն՝ հայերից մեկին պատկանող ռեստորանում: Նախ հյուրերին խնդրում են պատմել՝ թե հայրենիքում ինչ է կատարվում: Սկզբում ցույց են տալիս քաղաքի տեսարժան վայրերը՝ ամրոցը, Պուշկինի տնակը, հնադարյան քաղաքի հին հատվածները: Հյուրերը պատմում են: Բոլորը լսում են: Տիկնայք նստած են առանձին սեղանի շուրջ, լուռ սրճում են: Տղամարդիկ վիճում, քննարկում են քաղաքական գործիչների ճիշտ կամ սխալ լինելը: Տիկնայք ծանր-ծանր հոգոցներ են հանում միայն եւ գլուխներն օրորում: Երբ խոսում է մեծահասակներից մեկը, մնացածները լռում են, նույնիսկ՝ հյուրը: Դա համայնքի ընդունելության պաշտոնական մասն է: Հենց պաշտոնականն ավարտվում է՝ սկսվում է ավելի ջերմը, «տնականը», որ այնքան սիրում են բոլոր հայերը: Հյուրին հրավիրում են հայ օջախ, ու մի քե՜ֆ, մի ուրախությո՜ւն է սկսվում: Եվ՝ էլ ի՜նչ Ակկերման ամրոց, ին՜չ Միքեյ արքայազնի ստորագրություն, ի՜նչ պուշկինյան վայրեր՝ ամեն ինչ կմոռանա հյուրը, կզգա իրեն նորից Հայաստանում, «Ժուդեկսի մոտ» սրճարանում կամ՝ Սեւանի ափին: Եվ այս հայկական տան կիրակնօրյա աղմուկի մեջ չեն լսվի դրսի ձայները՝ ընդհանրապես ոչինչ չի լսվի, քանի դեռ պապիկները վիճում են Հայաստանի քաղաքականությունից, իսկ երիտասարդները Թաթայի նոր ձայներիզի տակ պարում են՝ կրկնօրինակելով ծնողների շարժումները:
Երեխաներին ակկերմանցիները կնքում են Հայաստանում, հատուկ այդ նպատակով ընտանյոք հանդերձ հայրենիք մեկնում: Վերջերս Օդեսայում հայկական եկեղեցի կառուցվեց, սակայն միեւնույն է՝ հնարավորին չափ Հայաստան են մեկնում եւ ուղղվում դեպի սուրբ Էջմիածին:
Հայկական դպրոց կազմակերպելն է խնդիր մնում: Հայ ընտանիքներն այնքան շատ չեն, որ երեխաները լիարժեք դասարան կազմեն: Մայրենի լեզուն սովորեցնելու համար ամռանն իրենց զավակներին Հայաստան են ուղարկում:
Իսկ մնացած հարցերում Բելգորոդ-Դնեստրովսկու հայերը մյուս բնակիչներից չեն տարբերվում՝ խանութ են աշխատեցնում, խաղող են աճեցնում, զգում սեփական մաշկի վրա ճգնաժամի հետեւանքները, մեկ-մեկ էլ զբոսնում հին ամրոցի շրջակայքում: Կիրակի օրերին խորոված են անում, ձմռանը՝ խաշ, ամռանը՝ խաղողի տերեւով տոլմա փաթաթում: Ապրում են՝ կարծես ոչ մի տեղ չեն հեռացել հարազատ տնից: Կարծես թե Բելգորոդ-Դնեստրովսկին ծովի ափին չէ, այլ՝ հարազատ լեռներում: Եվ կարծես ոչինչ չի փոխվել այն օրվանից, երբ ստիպված են եղել լքել Հայաստանը: