Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՀԵՐԹ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 26,2009 00:00

Դատապարտյալների հիվանդանոցում

\"\"
Դատապարտյալը ներողություն է խնդրում բժիշկներից:

Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի նախաձեռնությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի աշխատասենյակում կազմակերպվել էր հանդիպում լրատվամիջոցների (տպագիր մամուլ) ներկայացուցիչների հետ: «Արտահերթ տեսակցության» պատճառը լրատվամիջոցներից մեկի հրապարակումն էր՝ կապված Շուշիի մեկուսարանից ԴՀ տեղափոխված, գողության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Գառնիկ Մկրտչյանի առողջության հետ: Ըստ ակնարկվող հրապարակման, «դատապարտյալի աչքը հանել են դատապարտյալների հիվանդանոցում», իսկ բժիշկն էլ «հրաժարվել էր օգնել» նրան, ասելով, թե բուժվելուց հետո Մկրտչյանը կրկին գողություն կանի: Ի դեպ, հանդիպմանը ներկա էին այդ լրագրողը (լրագրողական էթիկայի կանոններից ելնելով՝ չենք նշում նրա անուն-ազգանունը- Ռ. Մ.), բուժող բժիշկները՝ Ռաֆիկ Միքայելյանն ու Հովսեփ Հովսեփյանը, եւ դատապարտյալը: ՔԿՀ մամուլի խոսնակի պնդմամբ, դատապարտյալի մասին լրագրողը իմացել է մեկ այլ դատապարտյալից: Նա կոչ արեց հրաժարվել դատապարտյալների չստուգված տեղեկատվությունից եւ ընթերցեց Գառնիկ Մկրտչյանի նամակը՝ ուղղված իր բժիշկներին: Նամակագիրը զղջում էր կատարվածի համար եւ ասում, որ կարծել է, թե հոդվածից հետո իրեն «ակտիրովկա» կանեն: Նա լրագրողներին նույնը ասաց: ԴՀ պետ Տ. Նավասարդյանը տեղեկացրեց, որ դատապարտյալը 2-րդ խմբի հաշմանդամ է, եւ պետպատվերի շրջանակներում իրականացվում է նրա բուժումը: Ներկայացվեց դատապարտյալի առողջական վիճակի մասին տեղեկանքը, ըստ որի՝ Գ. Մկրտչյանը 2007թ. դեկտեմբերի 13-ից մինչ օրս գտնվել է ստացիոնար բուժման մեջ: Պրոֆեսոր Մալայանի ախտորոշումից հետո՝ խորհուրդ է տրվել զույգ աչքերի վիրահատություն: Հիվանդը երկու անգամ վիրահատվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, սակայն, ըստ այդ տեղեկանքի, «Հետվիրահատական շրջանում անհասկանալի պատճառներով քանդվել են կոպերի կարերը, որը բնորոշ չի տվյալ հիվանդությանը եւ վիրահատությանը, ինչն արձանագրվել է բուժող բժշկի կողմից: Հիվանդը պարբերաբար ծանր իրեր է տեղափոխել, ինչը կարող էր վատացնել իր բուժման ընթացքը»: Գ. Մկրտչյանի աջ աչքը պրոթեզավորված էր եւ այսօր տարվելու է Մալայանի կլինիկա՝ կրկին վիրահատվելու: Երեկվա «տեսակցության» ժամանակ տարօրինակը, թերեւս, լրագրողի կողմից իր «աղբյուրի բացահայտումն» էր, այսինքն, նա իրեն արդարացնելու համար ոչ միայն ասաց, թե որ դատապարտյալն է իրեն տրամադրել ինֆորմացիան, այլ՝ մեզ (ասես՝ դատարանը մենք էինք- Ռ. Մ.) հրամցրեց դատապարտյալի հետ իր հարցազրույցի ձայնագրությունը:

Լրագրողական էթիկայի մեկ այլ խախտումն էլ այն էր, երբ մեկ այլ դատապարտյալ մեկ այլ խցի դատապարտյալի մասին կեղծ տեղեկություններ էր փոխանցել լրատվամիջոց, որն էլ տպագրվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել