Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակի ու ամոթի օր՝ Գյումրիում

Մարտ 26,2009 00:00

«ԳԱԼԱ»-ի հաղթանակը նշվեց ինչպես կենացներով, այնպես էլ հեռուստաընկերության «վնասատուների» հասցեին հնչող ամոթանքներով:

Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Խոսքի ազատության տոնը նշվեց յուրօրինակ կերպով: Նախեւառաջ լրագրողները բաժակ բարձրացրին այն բոլոր քաղաքացիների պատվին, որոնք անցած տարի, ճիշտ այդ օրն իրենց ներդրումն ունեցան Գյումրիի անկախ լրատվական ալիքի «փրկության» գործում: Միաժամանակ, ժողովրդի հիշողությունը թարմացնելու նպատակով, ցուցադրեցին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Առճակատում» ֆիլմը ու այն բոլոր «վնասատուների» նկարները, որոնք ամեն կերպ փորձում էին եթերազրկել հեռուստաընկերությունը: Նրանց շարքերում «պատվավոր» տեղ էին զբաղեցնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հարկային պետական ծառայության նախկին պետ Վահրամ Բարսեղյանը, Հարկային ծառայության օպերլիազոր Հովհաննես Հովհաննիսյանը, Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը, ՀՌԱՀ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ այլք:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության եւ Խոսքի ազատության պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը տոնի խորհրդանիշը մեկնաբանեց այսպես. «Անցած տարի այս օրը այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք մեզ ուղղակի ստիպեցին ամեն տարի հիշել այս օրը, եւ նշել՝ ինչպես կկարողանանք եւ որտեղ էլ լինենք: Բոլորդ էլ շատ լավ գիտեք այդ պատմությունը, որի միջանկյալ հանգուցալուծումներից մեկը եղել է անցած տարի մարտի 25-ին, ժամը 17.00-ին, երբ հաջողվեց հանրության աջակցության շնորհիվ ետ մղել Հայաստանի վարչական աննախադեպ գրոհը տեղական «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ: Էդպիսի հարձակումներ հաճախ են լինում եւ շարունակվում են: Գրոհի ետմղումն աննախադեպ էր իր պատմության մեջ: Նախկինում, մենք տեղյակ ենք, որ նման հարձակումները եզրափակվել են մեղայական նամակներով, որ «կներեք, հարկային պարտքեր ենք ունեցել, էլ չենք անի», եւ այդ մասին հանրությունը չի իմացել: Այս անգամ, մեր հաշվարկներով, քանի որ 8-10 հազար հոգի է մասնակցել այդ հաղթանակին, որոշեցինք՝ արժե, որ ամեն տարի մարտի 25-ին մենք որեւէ կերպ նշենք, կապ չունի՝ դա պաշտոնական տոնացույցում կա, թե՝ չկա, եւ առաջիկայում էլ խորհուրդն այն է, որ մենք չմոռանանք այն, ինչ տեղի է ունեցել, որովհետեւ փորձը ցույց է տալիս, երբ մոռանում ենք կամ նահանջում ենք՝ քիչ-քիչ հետադիմական ռեժիմները ակտիվանում են, քնած չեն, գրավում են: Այսօր այն օրն է, երբ պետք է հիշենք այն բոլոր մարդկանց, որոնք իրենց նպաստը բերեցին «ԳԱԼԱ»-ի հաղթանակին»: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ հավելեց, որ մարտի 25-ը ինչպես հաղթանակի, այնպես էլ ամոթի օր է, եւ ամոթը բոլոր այն լրագրողների համար է, որոնք երկար տարիների ընթացքում փորձ էլ չեն արել պաշտպանել իրենց խոսքի ազատությունը. «Ցավոք, մենք այդպիսի լրագրողներ շատ ունենք, եւ միշտ ասել եմ, որ «ԳԱԼԱ»-ի օրինակը առաջին հերթին ոգեւորող օրինակ է, որովհետեւ տրամադրությունները, որ ոչ մի բան էլ հնարավոր չի անել, պայքարելն անիմաստ է, եւ եթե քեզ ճնշում են՝ պիտի հարմարվես, չնայած մտայնությունը բավականին ուժեղ է եւ մնում է ուժեղ լրագրողական միջավայրում, լրագրողական հանրության մեջ: Ինձ թվում է՝ 1 տարի առաջ այդ բոլոր մարդիկ իրոք ամոթանք ապրեցին, որ իրենցից շատ ավելի թույլ, շատ ավելի քիչ ճանաչված փոքր լրատվամիջոց կարողացավ պաշտպանել իր սկզբունքները, կարողացավ հասնել նրան, որ աշխատում է այնպես, ինչպես որ ինքը, իր լրագրողները, իր տնօրինությունը ճիշտ է գտնում: Ես ցանկանում եմ, որ «ԳԱԼԱ»-ն բարգավաճի, դառնա հարուստ, մեծ հեռուստաընկերություն, թեեւ հասկանում ենք այն բոլոր դժվարությունները, որոնք առկա են: Իսկ 2-րդը, որ ցանկանում եմ «ԳԱԼԱ»-ին, դա վճռականությունն է, համարձակությունը»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ շեշտեց, որ ոչ մի գործ այդպիսի հաճույքով չի արել, ինչպես «ԳԱԼԱ»-ի փրկության դրամահավաքը Երեւանում:

«Առավոտ» օրաթերթի օմբուդսմեն Մեսրոպ Հարությունյանն էլ նախազգուշացրեց, որ շուտով այս համախմբվածությունը դարձյալ պետք է գալու, քանի որ «Բաղրամյան 26-ի տեխնոլոգները նստել-մտածել, հորինել են զանազան բաներ»՝ խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Տեր Վարուժան քահանա Տերտերյանն էլ, ով եկել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ողջույնները փոխանցելու, Աստծուց խնդրեց ճշմարտությունը հասանելի դարձնել բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել