Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԱՎ՝ ԱՄԵՆ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵԼ

Մարտ 26,2009 00:00

Երեւանի քաղաքապետն անձամբ գնալու է տեսնի՝ ծառահատո՞ւմ է, թե՝ էտում

\"\"
Գ. Բեգլարյանը խստորեն կհետեւի ծառերի էտման գործընթացին:

Երեկ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը այցելել էին Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 147 դպրոցի տարածք: Բանն այն է, որ նախօրեին «Առավոտը» ահազանգ էր հնչեցրել, որ նշյալ հասցեում առողջ ծառեր են հատվել:

Արձագանքելով մեր թերթի հրապարակմանը՝ քաղաքապետը որոշել էր անձամբ այցելել ու իր աչքով տեսնել: Դեպքի վայրում եղավ նաեւ «Առավոտի» թղթակիցը եւ զրուցեց ականատեսների հետ:

Ինչպես պարզվեց՝ տարածքում հատվել էր երկու ծառ, որից մեկը փտած է եղել, իսկ մյուս առողջ ծառը, մասնագետների ներկայացմամբ, էտելու ժամանակ պարզապես կոտրվել է: Մեզ հետ զրույցում թիվ 147 դպրոցի ուսուցիչները վստահեցրին, որ առողջ ծառի էտման ժամանակ նույնիսկ դպրոցի պատուհաններն են կոտրվել ու ցած թափվել:

Դպրոցի պատմության ուսուցիչ Վ. Ավագյանի խոսքերով, այդ ծառերից մեկը, որը հատվել է փտած լինելու պատճառով, մեծ վտանգ էր ներկայացնում շրջապատի մարդկանց համար. «Կարող եմ ասել, որ նույնիսկ ուշացրել էին այդ էտումը: Քամիների ժամանակ չէր բացառվում, որ շուռ գար: Այդ ծառն արդեն 38 տարեկան էր»:

Փտած ծառի էտումն այնքան էր ուշացել, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչ Վարդուհի Համբարձումյանը, իր խոսքերով, մի կերպ է փրկել կյանքը. «Ես խանութից դուրս եկա ուժեղ քամու ժամանակ, եւ ծառն ուղիղ վրաս էր ընկնում: Նաեւ վտանգավոր հոսանքալարեր կային: Կյանքս կարող էր ընդհատվել»:

Բնակչի խոսքերով, այդ դեպքից հետո ինքը դիմել է իրենց տարածքի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ հարցը բարձրացնելու նպատակով:

Սակայն մեզ հետ զրույցում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն ասաց, որ իրենք մինչ տիկնոջ ահազանգն են ծրագրել այդ ծառի հատումը եւ որ մինչ այդ զբաղվել են այդ տարածքի ծառերի հաշվառումով եւ աշխատանքներով: «Դա պարզապես զուգադիպություն է եղել: Զանգեին-չզանգեին, մենք այդ վթարային ծառը հատելու էինք»,- ասաց վարչության պետը: Նրա խոսքերով, քաղաքի ողջ տարածքով, մինչ ապրիլի 20-ը, տեղի են ունենալու ծառաէտման աշխատանքներ: Բնապահպանության վարչության պետը վստահեցրեց, որ նշյալ հասցեում հատված ծառերի փոխարեն նորերն են տնկվելու:

Մեր այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, հատված ծառերից առողջը անփութության հետեւանքով է հատվել, քաղաքապետը խոստացավ այսուհետեւ ավելի հետեւողական լինել ծառերի էտման եւ հատման խնդիրներում. «Երեւան քաղաքի յուրաքանչյուր ծառի համար լինելու ենք շատ հետեւողական: Հատման համար անձամբ ես եմ գնալու- տեսնելու՝ հատո՞ւմ է, թե՝ էտում: Թող զանգեն քաղաքապետարան, տեսնեն՝ հատո՞ւմ է իսկապես: Եթե հատում է, ապա հատողը անպայման պատասխան է տալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել