Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ

Մարտ 26,2009 00:00

\"\"Թեեւ որոշ հանքարդյունաբերողներ հավաստիացրել էին, որ ճգնաժամից տուժած ընկերությունները դոլարի արժեւորման պարագայում «ոտքի կկանգնեն», սակայն պարզվում է՝ նրանց դա էլ չի փրկի:

Համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկման հետեւանքով, Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի խոշոր գործարանները կանգնեցին լուրջ խնդիրների առջեւ: Բացի այն, որ աշխատակիցներ կրճատվեցին եւ կրկնակի նվազեցվեցին աշխատավարձերը, այդ գործարանների արտադրողականությունը կտրուկ անկում ապրեց:

Որոշ հանքարդյունաբերողներ ու նաեւ տնտեսագետներ «Առավոտին» վստահեցրել էին, որ ոլորտի անկումը պայմանավորված է ոչ միայն ճգնաժամով, այլեւ՝ դրամի արժեւորմամբ: Այսինքն, 5 տարի առաջ, երբ պղնձի գները ցածր էին, դոլարն էլ թանկ էր, այդ տարիներին լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները 1 տոննա պղինձ արտահանելով՝ ստանում էին 2 անգամ ավելի գումար, քան այսօր կարող են ստանալ: Դեռ տարեսկզբին նրանք հավաստիացնում էին, որ դոլարի արժեւորումը կնպաստի, որպեսզի գործարանները «ոտքի կանգնեն» ու անգամ զարգանան:

Արդեն մեկ ամիս է, ինչ դոլարն արժեւորվել է մոտ 20%-ով: Ուստի «Առավոտը» փորձեց հանքարդյունաբերական ընկերություններից ճշտել, թե որքանո՞վ է դոլարի արժեւորումը նպաստել իրենց գործունեության առաջընթացին:

«Dino Gold Mining» ընկերության համայնքների եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը պարզաբանեց, որ, իհարկե, դոլարի արժեւորումը օգնում է, բայց՝ քիչ. «Վերջին շրջանի դոլարի եւ դրամի հարաբերակցությունը օգնում է, բայց այն ծածկում է մեր ծախսերի մի մասը: Իսկ միջազգային շուկայում մետաղների գները դեռեւս ցածր են, ուստի պետք է մետաղների գներն էլ բարձրանան, որ կարողանանք լավ աշխատել: Բացի այդ, մենք կոնցենտրանտը վերամշակում ենք Հայաստանից դուրս եւ տրանսպորտային ծախսերն էլ բարձր են: Ճիշտ է, դոլարի արժեւորումը որոշ առումով օգնում է, սակայն քանի որ ձեռնարկությունը չի գործում, ուստի հանքի աշխատել-չաշխատելուն չի օգնում»:

«Geo pro mining» ընկերությունը, որը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը, դոլարի արժեւորումից առանձնապես ոգեւորված չէ: Մեզ հետ զրույցում ընկերության տնօրինությունից ասացին. «Յուրաքանչյուր արտադրող-արտահանողի համար դոլարի թուլացումը կարող է հանգեցնել որոշակի լրացուցիչ ծախսերի, իսկ ամրապնդումը կարող է հանգեցնել լրացուցիչ եկամուտների: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանում ներքին շուկայի զարգացման դրական դինամիկան, ինչպես նաեւ պետական ֆինանսական ինստիտուտների տարադրամային քաղաքականությունը: Համաշխարհային արտարժույթների նկատմամբ դոլարի կուրսի նշանակալից տատանումների ժամանակ արտադրական ցուցանիշների վրա ներգործության կանխագուշակումը հեշտ չէ»:

Ի պատասխան այն հարցին, թե կոնկրետ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա ինչպե՞ս է ազդել դոլարի արժեւորումը, «Geo pro mining»-ից ասացին. «Մենք գործարանի համար հակաճգնաժամային ծրագիր ենք մշակում, որը պատրաստ կլինի մայիսին: Սակայն՝ հենց հաշվարկ ենք անում, թե այդ ծրագրի շրջանակներում ներդրումների արդյունքում հնարավոր կլինի՞, ասենք, արտադրանքի ինքնարժեքը նվազեցնել, մրցունակությունը բարձրացնել, ու հենց մի կոնկրետ թիվ ենք ստանում, «մատերիալների» եւ այլ գների փոփոխություն է տեղի ունենում: Դրա համար այսօր դժվար է ասել, թե դոլարի թանկացումը ինչպես ազդեց մեզ վրա: Ինչ վերաբերում է Արարատի ոսկու կոմբինատին, ապա ոսկու միջազգային գները մեզ հույս են տալիս, որ ամեն ինչ լավ կլինի»:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանն այս առնչությամբ ասել էր. «Հարկավոր է, որ ազգային արժույթը մոտ 3 անգամ արժեզրկվի, որպեսզի փոխհատուցի պղնձի գների անկմամբ պայմանավորված կորուստները: Իսկ դոլարի ներկայիս փոխարժեքը կնպաստի Թեղուտի հանքավայրի աշխատանքների տեմպերի ավելացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել