Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովներում ՀԱԿ-ից մարդ չեն ներգրավի

Մարտ 26,2009 00:00

«Ժառանգությունը», ըստ ամենայնի, ինքն է լրացնելու ընտրական հանձնաժողովները

«Որակով աշխատանքի դեպքում լինելու է հաղթանակ եւ միայն լուրջ վրիպումների դեպքում է, որ կարող է գրանցվել պարտություն». սա ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի կանխատեսումն է առաջիկա ընտրությունների ելքի վերաբերյալ, որը նա երեկ բարձրաձայնեց «Ուրբաթ» ակումբում: Կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նույնպես շատ բարձր է գնահատում ընդդիմության հաղթանակի շանսն այդ ընտրություններում, նաեւ այն պատճառով, որ մայրաքաղաքում բնակչությունը հիմնականում ընդդիմադիր կեցվածք ունի, իսկ «Ժառանգությունը» կոչ է արել իր ընտրողներին ձայն տալ ընդդիմությանը, ասել է թե՝ ՀԱԿ-ին: Վարդան Խաչատրյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայցում են կուսակցության ընտրազանգվածի ներողամտությունը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման համար՝ վերահաստատելով կուսակցության հայտարարության այն թեզը, որ նման կեցվածքը պայմանավորված էր ընդդիմության ձայները չփոշիացնելու միտումով: Բանախոսները պաշտոնապես հայտարարեցին, որ մյուս բոլոր ընտրություններին «Ժառանգությունն» անպայման մասնակցելու է, եւ պնդեցին, որ կուսակցությունը ինքնուրույն է կայացրել իր որոշումը, կուսակցությանն ուղղված քննադատությունը կամ իշխանության գովասանքը չեն ունեցել որեւէ ազդեցություն այդ որոշման կայացման համար:

Կուսակցական շարքերի եւ կուսակցության ղեկավարության միջեւ տարաձայնությունների ու բախումների մասին լուրերն էլ «սուտ» որակեցին: Նրանք վերահաստատեցին, որ ընտրական շրջանում ստանձնելու են հանրային հսկիչի դերը եւ անելու են հնարավորը՝ ընտրության արդարությունն ու օրինականությունն ապահովելու համար: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ գործակցությանը, ապա «Ժառանգությունը» հավաստիացնում է, որ թշնամանք չկա, պարզապես կա սովորական պրոցես, որի ընթացքում եղել են տարբեր մոտեցումներ: Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ ժամանակն է մի կողմ թողնել այդ թեման, քանի որ այժմ ընդդիմությունն այլ խնդիր ունի լուծելու, եւ «Ժառանգությունն» էլ հենց այդ խնդիրը լուծելու համար կոչ է արել իր ընտրողներին ձայնը տալ ընդդիմությանը: Նա չի բացառում, որ ավելի ուշ եւ այլ պարագայում իրենք նորից կանդրադառնան այդ խնդիրներին: Կուսակցությունը, սակայն, հավանաբար կհրաժարվի ընտրական հանձնաժողովների՝ իրեն պատկանող տեղերում ՀԱԿ անդամներին ներգրավելուց: Համենայնդեպս, Վարդան Խաչատրյանը նշեց, թե դա արվում է այն դեպքում, երբ որ կուսակցությունը բավարար թվով պատրաստված անդամներ չի ունենում: Երեւանը, ըստ Վարդան Խաչատրյանի, այն տարածքն է, որտեղ «Ժառանգության» պատրաստված հանձնաժողովականները միանգամայն բավական են: Բացի այդ, Հովսեփ Խուրշուդյանն էլ նկատեց, որ ՀԱԿ-ը նման հարցով իրենց չի դիմել: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ ՀԱԿ-ում այդ հարցը դեռեւս չի քննարկվել:

Հովսեփ Խուրշուդյանը նաեւ նկատեց, որ «Ժառանգությունը» քիչ խոսում է եւ շատ գործում, ու այդ գործը կտեսնեն նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրության գործընթացում: Ինչ վերաբերում է նախընտրական հանրահավաքներին մասնակցելուն, ապա Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ «Ժառանգությունը» միշտ այնտեղ է, որտեղ՝ ժողովուրդը, իսկ հանրահավաքներին մասնակցելու կոլեգիալ որոշում չի եղել ու չի լինի, քանի որ «Ժառանգության» բոլոր անդամներն ազատ են հանրահավաքներին մասնակցել-չմասնակցելու որոշումներ կայացնելու մեջ:

«Առավոտի» հարցին՝ արդյոք ընտրություններին մասնակցության եւ ընտրացուցակային բանակցային ողջ ընթացքում ՀԱԿ-ի կողմից միտում չկա՞ր «Ժառանգությանը» չեզոքացնելու, նսեմացնելու եւ վիրավորելու, քանի որ, ըստ որոշ վերլուծությունների, խորհրդարանական գործունեության շուրջ երկու տարիների ընթացքում բավականին բարձրացել է կուսակցության վարկանիշը, եւ այս ընտրություններում կուսակցությունը կարող էր բավականին բարձր տոկոսներ վաստակել, Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Չեմ ուզում հավատալ, որ նման միտում իսկապես եղել է»: Իսկ Վարդան Խաչատրյանը նկատեց. «Ժառանգությանը» այսօր հնարավո՞ր է չեզոքացնել: Այսօր այդպիսի հնարավորություն գոյություն չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել