Երեւանի քաղաքապետն, ըստ օրենքի՝ նաեւ իրականացնելու է «անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման աշխատանքներ»
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2009-ի հունվարից գործող oրենքում 15 էջ են կազմում քաղաքապետին վերաբերող հոդվածները: Եվ մասնավորապես սահմանված է, որ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ ընդհանրապես՝ «կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից»: Ի դեպ, նման սահմանափակում կա նաեւ քաղաքապետի տեղակալների համար:
Օրենքում քաղաքապետի ընտրության վերաբերյալ մի դրույթ կա, ըստ որի՝ եթե քաղաքապետի թեկնածուները ստանան հավաuար ձայներ՝ «Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավաuարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին»: Այնպես որ՝ թեեւ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը զուգահեռ անցկացնելով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների միջեւ՝ ասում էր. «Այդ համեմատության արդյունքում տեսնում ենք, որ Օբամայի դեմ առաջադրված ծերացած ու ռադիկալ Մակքեյնը պարտվում է», ըստ մեր օրենքի այս դրույթի՝ ծեր լինելը կարող է դառնալ առավելություն:
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար,- իր լիազորությունները ստանձնելիս երդվելու է քաղաքապետը:- Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
Դառնանք քաղաքապետի լիազորություններին: Երեւանի քաղաքապետը նշանակում եւ ազատում է համայնքներին փոխարինող՝ վարչական շրջանների ղեկավարներին եւ վերահսկողություն իրականացնում նրանց գործունեության նկատմամբ, նաեւ պատասխանատու է շրջանների ղեկավարների լիազորությունների պատշաճ իրականացման համար:
Օրենքի առանձին հոդվածներով սահմանվել են քաղաքապետի լիազորությունները բնագավառ առ բնագավառ:
Ասենք, ֆինանսների բնագավառի վերաբերյալ նշված է, թե քաղաքապետն է տնօրինում Երեւանի բյուջեի միջոցները եւ ապահովում դրանց նպատակային օգտագործումը. «Երեւանի բյուջեի հարկերը եւ օրենքով սահմանված այլ մուտքերը չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ»:
Քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառներում Երեւանի քաղաքապետի լիազորություններից են՝ «Իրականացնում է քաղաքային նշանակության գոյություն ունեցող քաղաքաշինական օբյեկտներում հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր: Կազմակերպում է ինքնակամ կառուցման կասեցման եւ ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները»:
Քաղաքապետը լիազորություններ ունի նաեւ հասարակական կարգի պահպանության բնագավառում, ըստ որոնց՝ նա պիտի հետեւի «համակեցության կանոնների պահպանմանը» եւ վարչական պատասխանատվության ենթարկի զանցառուներին: Այս լիազորության իրականացման նպատակով քաղաքապետը պիտի ստեղծի Երեւանի հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն:
Մայրաքաղաքի ղեկավարի համար լիազորություններ են սահմանվել անգամ գյուղատնտեսության բնագավառում. «Իրականացնում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների եւ վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները»: Բացի այդ՝ քաղաքապետը պիտի իրականացնի Երեւանի տարածքում «կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերացման եւ անասնաբուժության բնագավառում այլ աշխատանքները»: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ Երեւանի քաղաքապետն «իրականացնում է անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման աշխատանքներ»:
Առողջապահության բնագավառում քաղաքապետի իրականացնելիք պարտադիր լիազորություններից է՝ «Երեւանի տարածքում ապահովում է համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարումը»: Նույն բնագավառում պատվիրակված լիազորություններից է, որ քաղաքապետը պիտի մասնակցի «հիգիենիկ եւ հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումների իրականացմանը»: Բացի այդ՝ պիտի գնահատի Երեւանի բնակիչների «առողջության ցուցանիշները» եւ առաջարկություններ ներկայացնի լիազոր մարմնին: Այնպես որ՝ իզուր չէ, որ ավագանու թեկնածուների մեջ այդքան շատ են բժիշկները:
Կարեւոր է նաեւ հետեւյալ լիազորությունը, ըստ որի՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցողներն «առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու եւ նրա հետ համաձայնեցնելու՝ այս կազմակերպություններն իրավունք չունեն 3 ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարումը, բացառությամբ վթարային դեպքերի»:
Քաղաքապետի համար օրենքով սահմանվել են նաեւ կամավոր լիազորություններ, որոնցից են մասնավորապես՝ «Համագործակցությունը բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ: Աջակցությունը Երեւանի տարածքում գործող մշակութային կազմակերպություններին: Համագործակցությունը Երեւանի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ: Տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ավանդական ազգային ծեuերի վերականգնմանն ու տարածմանը նպաստելը», ու նաեւ՝ «Սոցիալական ծրագրերի իրականացումը, աջակցությունը սոցիալական պաշտպանության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը»: