Հայ ազգային կոնգրեսը ինտենսիվորեն սկսել է նախապատրաստվել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Երեկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստից հետո գրասենյակի համակարգող եւ ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում տեղ զբաղեցրած Լեւոն Զուրաբյանը «Առավոտին» փոխանցեց, որ քննարկվել են ընտրությունների կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցեր:
«Խոսքը մասնավորապես վերաբերում էր ընտրական շտաբների եւ այլ կառույցների ձեւավորման, ինչպես նաեւ հնարավոր ընտրակեղծիքների առաջն առնելու մեխանիզմների մշակման, այդ կեղծիքների դեմ պայքարելու համար մարդկային ռեսուրսների մոբիլիզացմանը առնչվող հարցերին»: Խոսելով «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցության հետ՝ ընտրական հանձնաժողովներում նրանց հատկացված տեղերում ՀԱԿ-ի ներկայացուցիչների նշանակման վերաբերյալ հնարավոր բանակցությունների մասին, պարոն Զուրաբյանը չբացառեց, որ նման համագործակցության հնարավորություն կա: «Որքանով այդպիսի համագործակցություն հնարավոր լինի, այնքանով Կոնգրեսը դրան պետք է պատրաստ լինի»,- ասաց Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ «Ժառանգության» հետ հիշյալ խնդրի շուրջ որեւէ բանակցություն չի վարվում: Ի պատասխան մեր հարցին՝ ՀԱԿ համակարգողն ասաց, թե բացի Նորիկ Նորիկյանից, իրեն հայտնի չէ էլի որեւէ մեկի անունը, ով Կոնգրեսի ցուցակում լինելու առնչությամբ ինքնաբացարկ հայտնած լինի: Այդուհանդերձ, ԿԸՀ-ի մատուցմամբ, երեկվա դրությամբ առաջադրվելուց հրաժարվել է նաեւ Կոնգրեսի ընտրացուցակի 70-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Հայոց Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական, ԵՊՀ դասախոս Վիգեն Աղաբեկյանը: