Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհումս իմն դուն իս»

Մարտ 26,2009 00:00

Թեեւ իշխանական կոալիցիան մերժել է նորացված

կոմունիստների առաջարկները, վերջիններս պատրաստվում են իրենց ձայնը տալ Հանրապետականին:

Իբրեւ ընտրող՝ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է կոալիցիոն մեծամասնություն ՀՀԿ-ին: Իր կողմնորոշումը նորացված կոմունիստ ընկեր Մանուկյանն այսպես է բացատրում. «ՀՀԿ-ն իր վրա վերցրել է քաղաքական պատասխանատվություն. եթե չենք կարողանում օգնել, գոնե չխանգարենք: Թույլ տանք ՀՀԿ-ին իրեն հատկացված ժամանակահատվածում իր պարտքը կատարել երկրի եւ ժողովրդի նկատմամբ: Ես համոզված եմ, որ եթե բոլորը մտածեն այնպես, ինչպես մեր կուսակցականներն են մտածում՝ ընտրությունները կանցնեն շատ հարթ եւ առանց ավելորդ ինտրիգների»: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ սոցիալիստական Դաշնակցությանը չեն ընտրում նորացված կոմունիստները՝ նկատի ունենալով, որ գաղափարական ընդհանրություններ կան, եւ որ ընկեր Մանուկյանը ամիսներ առաջ Դաշնակցության հետ սերտ համագործակցության ջատագովն էր: «Ես քաղաքապետի պաշտոնը համարում եմ տնտեսական եւ կազմակերպական շատ կարեւոր օղակ: Եթե քաղաքականացվում է՝ միայն Լեւոնի շնորհիվ: Իսկ այս պահին կոալիցիայից քաղաքապետի համար հանդես է գալիս մեկը, որը կարող է բոլորի խնդիրները լուծել, ուղղակի ծրագրերը պետք է համակարգել եւ նրան համապատասխան հրահանգ տալ՝ դրանք իրականացնելու համար»,- եղավ ընկեր Մանուկյանի պատասխանը: «Առավոտի» հարցին՝ խորապես համոզվա՞ծ եք, որ ՀՀԿ-ի թեկնածուն կառուցող ու շինարար է, մեր զրուցակիցը արձագանքեց. «Արդեն քանի տարի տեսնում եմ, շփվում եմ եւ համոզված եմ, որ նա անհամեմատ լավը կլինի»:

Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քննարկումների ժամանակ յոթնյակի՝ «հայրենասիրական ընդդիմության» շրջանակներում առաջարկներ է ներկայացրել պատկան մարմիններին, սակայն դրանք չեն գնահատվել, հետեւաբար նաեւ չկան օրենքի վերջնական տարբերակում: Այդ է պատճառը, որ հիմա Յուրի Մանուկյանն իր գլխավորած կուսակցությամբ որոշել է չմասնակցել առաջիկա ընտրություններին՝ «Օրենքը կատարյալ չենք համարում: Մենք կողմնակից ենք քաղաքապետի ուղղակի ընտրության, որն ավելի ժողովրդավարական է»: Բացի այդ, ՀՆԿԿ-ում ընտրություններին չմասնակցելու այլ ենթապատճառներ էլ ունեն՝ «քաղաքական ասպարեզում արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքը արհամարհվում է, եւ ՀՀ «Ընտրական օրենսգիրքը» հակասում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին»: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր կանխատեսումներում ընկեր Մանուկյանը ընդդիմության հաղթանակի շանսերը համարում է «զրոյական»: Փոխարենը՝ «Նախկին թաղապետ Գագիկ Բեգլարյանը հաղթեց 100 տոկոսով, եւ ոչ մի խոսակցություն չեղավ, որովհետեւ օրենքի սահմաններում էր նրա բացարձակ հաղթանակը: Այսօր էլ ես համոզված եմ՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Գագիկ Բեգլարյանը նույնպես կհաղթի օրենքի սահմաններում»: Ինչ վերաբերում է ընդդիմության ցուցակը գլխավորող ՀՀ առաջին նախագահին՝ «Ես գտնում եմ, որ նրա առաջադրումն արհամարհանք է ընտրողների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է հանրապետության նախագահի պոստին հավակնողը համաձայնել քաղաքապետի պաշտոնին: Վերջում էլ գնալու է Էրեբունու թաղապե՞տ աշխատի, որովհետեւ իր ելույթներում Մհերի մասին ավելի բացասական էր խոսում, քան այլոց: Բացի այդ, ես չեմ ենթադրում, որ նա քաղաքապետ կարող է լինել. նախ՝ նա ի վիճակի չէ աշխատել, քանի որ նրա ամբողջ կենսագրության մեջ չի եղել դեպք, որ քարը քարին դնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել