Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

Մարտ 26,2009 00:00

\"\"«Վեցի» գործով ամբաստանվողները դատավոր Մարտիրոսյանին միջնորդեցին իրենց նկատմամբ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը:

«Յոթի» կամ այլեւս «Վեցի» գործով անցնող քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը երեկ միջնորդություններ են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Հիշեցնենք, որ մարտի 24-ին համանման միջնորդություն ներկայացրել էր նաեւ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Բոլոր վեց քաղբանտարկյալներն իրենց միջնորդությունները հիմնավորել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մարտի 23-ից օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքով եւ դատավորից պահանջել են «անհապաղ որոշում կայացնել»՝ իրենց նկատմամբ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ բոլոր վեց ամբաստանվողները մեղադրվում էին հենց վերոհիշյալ հոդվածներով, որոնք մարտի 23-ից այլեւս, որպես այդպիսին, գոյություն չունեն: Քաղբանտարկյալները շեշտել են, որ «ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ուժը կորցրած: Դատավորին ուղղված իրենց միջնորդությունը «Վեցը» հիմնավորել է ՀՀ Սահմանադրության 22-րդ եւ ՀՀ ՔՕ 13-րդ հոդվածներով, ըստ որոնց՝ «արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի»: «Այսինքն՝ երեկվանից ՀՀ քրեական օրենսգրքում բացակայում է 225 հոդվածի 3-րդ մասը, որով իմ նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Նման պայմաններում գտնում եմ, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, այն է՝ իմ նկատմամբ նշված հոդվածով քրեական հետապնդումը բացառող հանգամանքը: Հետեւապես գտնում եմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով իմ նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»,- մատնանշված է այլեւս ուժը կորցրած 225-ի 3-րդ մասով բոլոր վեց ամբաստանվողների միջնորդություններում:

Ինչ վերաբերում է նույն օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, ապա՝ քաղբանտարկյալների պնդմամբ, նշված հոդվածով եւս իրենց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հետեւյալ հիմնավորումներով. «ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 300 հոդվածից հետո լրացվել են երկու նոր հոդվածներ՝ 300.1 եւ 300.2: Նոր խմբագրված եւ լրացված հոդվածները էապես տարբերվում են նախկինում գործող օրենսգրքի 300 հոդվածից: Մասնավորապես, եթե ՀՀ ՔՕ-ի նախկին 300 հոդվածը նախատեսում էր ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ, ապա խմբագրված եւ լրացված վերը նշված հոդվածները նախատեսում են փաստացի՝ իշխանության զավթում եւ սահմանադրական կարգի տապալում, որպիսի արարք կատարելու համար ինձ մեղադրանք չի առաջադրվել, եւ իմ գործողություններում առկա չէ նման հանցակազմ»: Ուստի՝ «Վեցը» գտնում են, որ օրենսգրքի՝ արդեն ուժի մեջ մտած փոփոխություններից եւ լրացումներից հետո այդ հոդվածով նախատեսված են այնպիսի հանցակազմեր, որոնք մինչ այդ՝ նախկին օրենսգրքում, առկա չեն եղել: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասին:

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 22 հոդվածը՝ «Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել», նաեւ՝ օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջը, թե՝ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, քաղբանտարկյալներն իրենց միջնորդություններում նշել են, թե՝ «արարքը քրեականացնող կամ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի համար պատասխանատվությունը խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիությունը բխում է Մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային իրավական ակտերից, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 15-րդ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածների դրույթներից» եւ Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային որոշումներից:

«Վերը նշվածից հետեւում է, որ այլեւս իմ նկատմամբ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, քանի որ իմ գործողություններում առկա չէ հանցակազմ»,- ասված է քաղբանտարկյալների ու նրանց պաշտպանների՝ դատավոր Մարտիրոսյանին ներկայացրած միջնորդություններում:

Թե մեղադրող կողմը ինչպես կօգտագործի դատական նիստի «թայմ աութն» ու ապրիլի 1-ին ինչ նոր նախաձեռնությամբ կամ մեղադրանքով հանդես կգա դատարանում՝ կախված է մեղադրողների երեւակայությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել