Ըստ GZT.ru-ի, «Եվրատեսիլի» թուրք մասնակից Խադիսեի տեսահոլովակը Թուրքիայի ազգային՝ TRT հեռուստատեսությունը հրաժարվել է ցուցադրել՝ պատճառաբանելով, թե այն բավականաչափ էրոտիկ է: Հեռուստաընկերության ղեկավարներին հատկապես դուր չի եկել, որ տեսահոլովակի սկզբում երգչուհին հայտնվում է գործնական ոճի հագուստով ու այնուհետեւ դրանից ձերբազատվելով, զարմանալիորեն «ժլատ» հագնված՝ պորտապար պարում: TRT-ի ղեկավարությունը պահանջել է վերամոնտաժել տեսահոլովակը, սակայն երգչուհին հրաժարվել է: Նշենք, որ «Եվրատեսիլում» Թուրքիան Մոսկվայում ներկայացնող Խադիսեն բնակվում է Բելգիայում: Բրիտանական բուքմեյքերական William Hill գրասենյակի կանխատեսումներով, Խադիսեի՝ Crazy For You (թուրքերեն՝ Dum Tek Tek) երգը «Եվրատեսիլի» 3 լավագույն երգերից մեկն է, որը ունի հաղթելու հնարավորություն: