Հայկական ծխախոտի տուփերին այդպիսի նշում չկա
Բոլորին էլ հայտնի է, որ ծխելը վնասակար է առողջությանն ու թողնում է բազմաթիվ հետեւանքներ: Շատերի մեջ ձեւավորված այն թյուր կարծիքը, թե քիչ ծխելը քիչ վնաս է հասցնում՝ սխալ է, որովհետեւ նույնիսկ մեկ անգամ ծխելը առողջության վրա թողնում է իր անցանկալի հետեւանքները: Վերջին տարիներին Հայաստանում տարբեր կազմակերպություններ հաճախակի են իրականացնում հակածխախոտային ակցիաներ: Ցավոք, ծխախոտի վնասակար լինելը հայտնի դարձավ միայն 20-րդ դարի 50-ական թվականներին, մինչ այդ բժիշկները համոզված էին, որ թութունը բացարձակապես անվնաս է: Հստակ պատկերացնելով ծխախոտի վնասակար ազդեցությունը՝ մարդիկ չեն դադարում ծխել տարբեր պատճառներով: Օրինակ, դեռահասների համար ծխելը ինքնահաստատման, ինքնադրսեւորման ձեւերից է: Նրանց մեծ մասը սկսում է ծխել ու ծխախոտը համարում է իր հասունության խորհրդանիշը: Բայց եթե դեռահասները այդ քայլն անում են ինչ-որ տեղ անգիտակցաբար, ապա ավելի հասուն մարդիկ, հատկապես՝ կանայք եւ աղջիկները, գիտակցաբար են վնասում ոչ միայն իրենց, այլեւ իրենց ապագա երեխաների առողջությունը: Թույլ սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը սկսում է ծխել, կարծելով, որ մոդա է, այդպես ավելի ժամանակակից է, քայլում է կյանքին համընթաց: Լինում են դեպքեր, երբ եւ ուժեղ, եւ թույլ սեռի ներկայացուցիչները ծխում են ընկերների ազդեցության տակ: Մեկի ընկերն է խորհուրդ տալիս ծխել, որովհետեւ այդպես ավելի սեքսուալ է դառնում, մյուսի ընկերուհին՝ որ հետ չմնա շրջապատից… Այսօր ծխելու դեմ պայքարում է ամբողջ աշխարհը, բայց պայքարի հետ մեկտեղ՝ մարդիկ զերծ չեն մնում ու չեն կարող չգայթակղվել անընդհատ բազմացող ծխախոտներով: Նիկոտինից կախվածություն ունեցող անձանց պետք է պարբերաբար հիշեցնել ծխախոտից առաջացող քաղցկեղի ու այլ հիվանդությունների մասին:
Ըստ https://www.nosmoking.ichd.org-ի, ծխելը առաջացնում է նաեւ սեռական անկարողություն: Ծխախոտը բացասական ազդեցություն է ունենում տղամարդկանց սեռական կարողության վրա: Կանադայում, Բրազիլիայում եւ Թաիլանդում ծխախոտի տուփերի վրա անգամ տեղադրվում է զգուշացում այն մասին, որ ծխելը բերում է սեռական կարողության անկման: Սեռական անկարողության հիմնական պատճառը սեռական անդամը սնուցող անոթների ախտահարումն է: Արյան շրջանառության դժվարացումն այդ անոթներով՝ հանգեցնում է արյան ճնշման նվազման եւ արյան անբավարար մատակարարման՝ խախտելով օրգանի սնուցումը: 35 տարեկան տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտությունները հաստատեցին կասկածները, որ ծխելը նպաստում է առնանդամի զարկերակի աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Ավելին, նիկոտինի անմիջական ազդեցության տակ տեղի է ունենում անոթների կծկում՝ առավել խորացնելով օրգանի արյան սնուցման խանգարումները: Տղամարդկանց մոտ, ովքեր տառապում են զարկերակային հիպերտենզիայով, սրտի հիվանդություններով եւ արթրիտով, մեծանում է սեռական լրիվ անկարողության առաջացման ռիսկը: Այսպիսով, ծխելը ոչ միայն հանդիսանում է օրգանիզմի ախտահարման առանձին ռիսկի գործոն, այլ նաեւ նպաստում է ռիսկի այլ գործոնների բացասական ազդեցության արտահայտմանը: 1980 թվականից ի վեր ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում սեռական անկարողությամբ տառապող տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածությանը նվիրված 19 գիտական ուսումնասիրություններն ու աշխատությունները ցույց են տվել, որ սեռական անկարողությամբ տառապող հետազոտված 3819 տղամարդկանց շուրջ 40%-ը եղել է ծխող: Հետաքրքրական է, որ նահանգի ողջ ազգաբնակչության մակարդակով ծխող տղամարդկանց թիվը նույն ժամանակահատվածում չի գերազանցել 28%-ը: Շուրջ 20 տարի տեւած այս հետազոտությունները մեկ անգամ եւս ապացուցում են ծխելու՝ սեռական անկարողության զարգացման վտանգավոր ռիսկի գործոն լինելու հանգամանքը: