Ըստ հոգեբանի՝ նրանք ամաչում են բարձրաձայնել իրենց զգացմունքների մասին
Ասում են՝ սերը ժամ ու պատարագ չի հարցնում, գալիս է՝ որ տարիքում ուզում է… Շատերին թվում է, թե սիրահարվելու, սիրած էակի համար խենթ քայլեր անելու, պատուհանի տակ սերենադ երգելու ընդունակ են միայն երիտասարդները։ Բացի ընդունակ լինելուց, հասարակության կողմից ընդունելի են միայն երիտասարդների խենթությունները, իսկ երբ լսում ես տարեցների՝ օրինակ 70-ն անց ծերունիների կողմից հանուն սիրո գործած որեւէ խենթ արարքի մասին, զարմանքով եւ մի փոքր էլ թերահավատորեն ես վերաբերվում դրան: Իսկ ո՞վ է ասել, որ 76 տարեկան ծերունին չի կարող սիրահարվել կամ 84-ամյա տատիկի սիրտը չի կարող բաբախել նոր ծանոթացած մի պապիկի համար, որի հետ հանդիպել է, ասենք, զբոսայգում։ Սոցիալական սպասարկման միայնակ տարեցների եւ հաշմանդամների հոգեբան Աննա Աբրահամյանի մեկնաբանմամբ, յուրաքանչյուր նորմալ մարդ՝ անկախ տարիքից, ընդունակ է սիրահարվելու, սիրելու եւ մինչեւ անգամ սիրուց տանջվելու՝ 18-ամյա աղջնակի կամ պատանու պես ու նույնիսկ ավելի ուժգին, քան երիտասարդները: «Ես հավատում եմ այն ասացվածքին, թե սերը տարիք չի հարցնում… Տարիքով մեծ մարդկանց մոտ էլ է հանդիպում սիրահարություն եւ սեր, կփաստեի նաեւ, որ ավելի ամուր է լինում, քան երիտասարդների մոտ։ Երբ մեծ տարիքում ամուսնանում են, գիտեն, որ դա իրենց կյանքի վերջին հնարավորությունն է, իրենց մոտ այդ զգացումն այլ կերպ է արտահայտվում։ Տարիքով, մասնավորապես, 70-ն անց մարդը լիարժեք կայացած անձնավորություն է եւ ավելի հստակ գիտի՝ ինչ պահանջներ է ներկայացնելու իր զուգընկերոջը եւ ինչ է պահանջելու նրանից»,- ասաց Ա. Աբրահամյանը։
Հոգեբանն ընդգծում է նաեւ մեծ տարիքում մարդկային վախը, որը սովորաբար առաջանում է մենակ մնալու զգացողությունից.«Ոչ ոք, ոչ մի պապիկ ու տատիկ չի ցանկանում մենակ մնալ: Այդ պատճառով էլ այժմ ավելի հաճախ կարող ենք լսել տարեցների ամուսնությունների մասին, այդ զույգերը սովորաբար նախկինում ամուսնացած եւ իրենց կողակցին կորցրած մարդիկ են լինում»: Ըստ հոգեբանի՝ տոկոսային հարաբերությամբ տարեցների շրջանում տղամարդիկ ավելի հաճախ եւ համարձակորեն են ամուսնանում, քան կանայք. «Տղամարդիկ կենցաղային խնդիրները, հատկապես մեծ տարիքում, չեն կարողանում հոգալ այնպես, ինչպես կինը, եւ դա մի տեսակ տղամարդկանց խեղճացնում է, ու նրանք սկսում են զուգընկեր փնտրել՝ մեկին, ով այդ տարիքում եւ այդ շրջանում կնստի իրենց հետ թեկուզ կզրուցի»։ Անդրադառնալով սեռական կյանքին, Ա. Աբրահամյանը շեշտեց. «Եթե նորապսակ կամ ուղղակի սիրահարված զույգերը 70-ն անց մարդիկ են, դա չի նշանակում, որ նրանց մոտ սեռական կյանքը բացակայում է։ Մեծամասնության մոտ ակտիվ, իրենց ուժերին համապատասխան եւ իրենց տարիքին բնորոշ սեքսուալ կյանք կա. չեմ ասում առողջ՝ 25-30 տարեկանին համապատասխան, որովհետեւ գոյություն ունի ֆիզիկական անկում 50 տարեկանից հետո, որը բնորոշ է տղամարդկանց։ Բայց այդ անկումից հետո մի պահ նրանց օրգանիզմը կրկին արթնանում է, եւ թվում է, թե նրանք ամեն ինչ կարող են անել, առույգ են, նրանց սկսում է սեքսուալ կյանքը հետաքրքրել, բայց դա ոչ նորմալ երեւույթ է եւ տեւում է շատ կարճ ու նույն արագությամբ էլ մարում է։ Եթե բնորոշենք նաեւ մարդու կենսակերպը, նրա ապրած կյանքը՝ իր բարդություններով, ավելի հստակ պատկերացում կլինի, թե ինչպիսի սեռական կյանք նա կարող է ունենալ 70 տարեկանից հետո եւ ֆիզիկական ձգողականություն կա՞, արդյոք, ծերունիների մոտ սիրահարության շրջանում»։ Ինչպես նշում է մեր զրուցակիցը, մեծահասակների հետաքրքրությունների շրջանակները սեքսով զբաղվելու հնարավորությունների եւ իրենց ունակությունների պարզումով չի սահմանափակվում. «Այդ տարիքի մարդկանց համար շատ կարեւոր է զուգընկերոջ հետ շփվելը, զրուցելը. նրանք ամեն րոպե զրուցակից են փնտրում, երկար խոսելու, իրենց կյանքը պատմելու կարիք ունեն՝ նրանք միշտ իրենց լսողների փնտրտուքի մեջ են լինում։ Մեծ մասամբ ծերունիները ապրում են անցյալ կյանքով՝ հուշերով։ Եթե չլինեն էլ այդ տարիքի մարդուն բնորոշ շեղումները, օրինակ՝ ծերունական կարծրախտը, պսիխոզը, միեւնույն է, այդ մարդիկ ապրել են արդեն իրենց կյանքը եւ նրանց միակ ցանկությունն այդ շրջանում մարդկանց օգտակար լինելն է: Շրջապատին էլ նրանց ամուսնական քայլը միգուցե ասում է այն մասին, որ գիտե՞ք ինչ, մեզ հետ էլ մերվեք… Ծերերն ուզում են, որ իրենց չմոռանան, քանի որ նրանք շուտ վիրավորվող, ընկճվող են, մի խոսքով՝ երեխաների պես»։ Իսկ թե ինչպես են դրսեւորվում ծերունիների սիրահարությունները, հոգեբանը բնութագրեց. «Քանի որ շրջապատը, հասարակությունը չի ընդունում նման բաներ, ծերունիներն ամաչում են բարձրաձայնել իրենց սիրահարվածության մասին: Նրանք շատ հաճախ իրենց շրջապատում, իրենց համապատասխան զույգը չգտնելու դեպքում դիմում են ամուսնական գործակալություններին։ Եղել են դեպքեր, երբ ինչ-որ մեկն իրենց դուր է գալիս՝ նրանք անկեղծանում են, կիսվում, բայց ոչ լիարժեք։ Օրինակ՝ սեքսի մասին երբեւէ ոչ մի պապիկ կամ տատիկ ինձ հետ չի զրուցել։ Իրենք սովետական ժամանակաշրջանի զավակներ են. նրանց մեջ տաբուն սեքսի հանդեպ շատ ուժեղ նստած է, իրենք սովոր են միապաղաղ կյանքի, փոփոխություններ չեն սիրում եւ մինչ օրս ապրում են իրենց սովետի շրջանով. եթե մի տատիկի կամ պապիկի հետ խոսես սեքսի մասին, հաստատ կասի՝ բա մեր ժամանակ այդպես է՞ր…»։ Ա. Աբրահամյանը ռոմանտիզմի առկայության մասին էլ ասաց. «Եթե երիտասարդ տարիքում ծեր մարդը ռոմատիկ է եղել, մեծ տարիքում էլ կլինի. ես հանդիպել եմ զույգերի, որ միմյանց նվերներ են անում, գաղտնի հանդիպումներ կազմակերպում, լինում են նաեւ սերենադներ, բանաստեղծություններ, մի խոսքով՝ ամեն ինչ լինում է երիտասարդ սիրահարների պես, միայն թե այդ ամենը սովետական կարգերի քողի ներքո։ Սիրահարվում են ինչպես բոլորը՝ նախ հրապուրանք, առաջարկություն՝ զրուցակից դառնալու, վաղը կրկին հանդիպելու առաջարկություն, ապա ընկերություն անելու, իսկ վերջում՝ ամուսնություն. նրանք նույնիսկ վիճում են եւ նեղանում իրարից»։ Հոգեբանը վերջում հավելեց. «Սիրահարվում են, սիրում, բայց երբ նրանց հարցնում ես ինչո՞ւ ամուսնացար, ասում են՝ բա հո մենակ չէի՞ մնալու…»։