Անցած շաբաթ Մինսկում Հայաստանի եւ Բելառուսի սպորտի պետական կառույցների միջեւ մարզական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Երեկ Սամվել Խաչատրյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին:
– Փաստորեն, երկու երկրների միջեւ մարզական ոլորտի համագործակցությունը կառավարական մակարդակի վրա է բարձրացվում: Մասնավորապես, ի՞նչ է նախատեսվում:
– Կարելի է ասել՝ հնարավոր ամեն բան: Շեշտը դրվել է հիմնականում մեծ, որն ընդգրկում է օլիմպիական բոլոր մարզաձեւերը, եւ մանկապատանեկան սպորտի վրա: Նոր մակարդակով համագործակցությունը կարող է սկսվել արդեն ապրիլ ամսից: Համաձայնագիրը ներառում է երկու երկրների մարզաբազաների համատեղ օգտագործում, մարզիչների եւ սպորտային բժշկության ոլորտում փորձի փոխանակում (վերջինը մեզ համար հատկապես կարեւոր է), ազգային ու տարբեր տարիքային խմբերի հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Իմ առաջարկով փաստաթղթում տեղ գտավ նաեւ մարզական քոլեջների միջեւ համագործակցության հաստատումը՝ սկսած պատանի մարզիկների փոխադարձ այցելություններից, վերջացրած համատեղ հավաքների ու մարզումների անցկացումով: Ես նրանց առաջարկեցի Ծաղկաձորի օլիմպիական, Աբովյան քաղաքի, Երեւանի պետական մարզական քոլեջի եւ մեր մյուս բազաները, որն ընդունվեց սիրով:
– Իսկ դուք եղա՞ք այնտեղի մարզաբազաներում:
– Այո: Հատկապես տպավորված եմ «Ստայկիով»: Այն զբաղեցնում է 92 հա տարածք եւ նախատեսված է օլիմպիական 20 մարզաձեւերի համար: Պայմանները, պարզապես, գերազանց էին: Եվ պատահական չէ, որ ԱՊՀ ու եվրոպական երկրների լավագույն թիմերը մշտապես այստեղ են գալիս մարզվելու:
– Այս օրերին Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն այնտեղ վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում: Տղաներին հանդիպեցի՞ք:
– Անշուշտ: Նրանք համատեղ մարզվում էին Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ընտրանիների հետ, ինչը, կարծում եմ, Վիլնյուսում դրական արդյունք կտա: Հավաքը բարձր մակարդակով էր կազմակերպված: Նկատի ունեմ թե մարզումային, թե բնակության, թե հանգստի պայմանները, թե բժշկական հսկողությունը, թե սնունդը: Զրուցեցի բոլորի հետ: Մեր ըմբիշները լավ մարզավիճակում էին, թիմի ընդհանուր տրամադրությունը եւ մարտական ոգին՝ բարձր:
– Որքան տեղյակ եմ, մարտի 30-ին մեկնում եք Մադրիդ:
– Այո, բայց այս անգամ որպես Հ այաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ: Այնտեղ կայանալու է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովը, որի ընթացքում պետք է կայանան նախագահի, տեղակալների, գլխավոր քարտուղարի, գործկոմի, կոմիտեների եւ հանձնաժողովների անդամների ընտրություններ:
– Հայաստանը ղեկավար մարմիններից որեւէ մեկում ներկայացուցիչ ունենալու հավակնո՞ւմ է:
– Մենք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի համաձայնությամբ IBF-ի փոխնախագահի պաշտոնում առաջադրել ենք օլիմպիական արծաթե մեդալակիր Յուրի Սարգսյանի եւ որպես տեխնիկական կոմիտեի անդամ՝ միջազգային կարգի մրցավար, ամերիկաբնակ Հարություն Չոբանյանի թեկնածությունները: Պարոն Չոբանյանը Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանի միակ մրցավարն էր ծանրամարտում: Նրա փորձը, ճանաչումը եւ յոթ լեզվի իմացությունը IWF-ում կարող են օգտակար լինել մեզ:
– Իսկ ձեր թեկնածությունը չի՞ առաջադրվել:
– Ինձ ասել են, որ այդպիսի բան կա: Բայց թե ո՞վ կամ ո՞ր երկիրն է դրա նախաձեռնողը, տեղեկություն չունեմ: Միայն ասեմ, որ հրաժարվելու եմ:
– Ինչո՞ւ: Ուրիշները երազում են:
– Ես եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ եմ եւ այնտեղ բավականին անելիքներ ունեմ: