Կարծում է «Լքյալներ» հեռուստասերիալի ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը
Որոշ մարդկանց մեջ սերիալը պարզապես զզվանք է առաջացնում, մյուսներն անտարբեր են, մի մասն էլ կարծում է, որ հայկական սերիալների նկարահանման փաստը հուշում է, որ առաջ ենք գնում: Բոլորը, սակայն, միանշանակ դժգոհում են սերիալներում կրիմինալ տարրերի չափից ավելի մեծ «չափաբաժնից»: Հայկական սերիալների շարքում «նորածիններից» է «Լքյալները»: Այն առաջին հայացքից քիչ է տարբերվում մյուսներից, այստեղ էլ կան կրիմինալ տարրեր, ժարգոն, մի խոսքով՝ այն, ինչ գերիշխում է բոլոր հայկական սերիալներում: «Լքյալների» եւ, ընդհանրապես, հայկական սերիալարտադրության (եթե կարելի է այդպես կոչել) մասին զրուցեցինք «Լքյալների» ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի հետ: Սկզբից ռեժիսորը նշեց, թե ինչով է իրենց ստեղծած սերիալը տարբերվում մյուսներից. «Սերիալի հերոսը դրական կերպար է, ոստիկան Դավիթ Ռշտունին: Բոլորին էլ հայտնի է, որ հայկական հեռուստատեսությունն այսօր դրական հերոսների պակաս ունի: Պիտի հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ հեռուստացույց դիտում են ոչ միայն հասուն մարդիկ, այլեւ երիտասարդները, որոնք սերիալներից շատ անգամ սխալ եզրակացություններ են անում: Մեր սերիալի գլխավոր հերոսի հիմնական ճշմարտությունն արդարության համար կռիվն է, իսկ նպատակը՝ պաշտպանել այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն»: Հետո էլ մեկնաբանեց ոչ այնքան հուսադրող վերնագիրը. «Մենք բոլորս լքվել ենք բարի ուժերի կողմից: Անբարոյականությունը ծնում է մարդկանց այնպիսի տիպ, որը չի ենթարկվում որեւէ օրենքի: Ուզում ենք մարդկանց վերադարձնել բարոյական արժեքների դաշտ»: Առաջին եթերաշրջանը կավարտվի ապրիլ-մայիս ամիսներին, սերիալի հետագա ճակատագիրը կախված է ֆինանսական միջոցներից:
Քանի որ «Լքյալների» հերոսը բարի, արդար ոստիկանն է, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նպատակ կար բարձրացնել ոստիկանի վարկը: Ռ. Գրիգորյանը պատասխանեց. «Ոստիկանի դերի բարձրացման միտում ունենք, բայց ոչ նրա վերադաստիարակման: Դա պիտի կյանքն անի: Եթե անընդհատ մարդուն ասում են՝ կեղտոտ ես, վատը, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Գիտեմ, որ եթե ոստիկանները չլինեին, այս կյանքը կարող էր ավելի վատը լինել: Մի օր պիտի ասել, որ ոստիկանները լավն են, մեր պաշտպաններն են, առանց նրանց պետությունը չի կարողանա իրագործել իր բարձրագույն նպատակները: Գուցե դրանից հետո այդ մարդիկ սկսեն իրենք էլ իրենց հարգել»: Հարցրինք՝ ի՞նչ միտում է «Որբերի», «Լքյալների», «Ճակատագրի գերիների» եւ այնպիսի սերիալների նկարահանումը, որոնք հիմնականում կյանքի հատակում հայտնված մարդկանց մասին են: Ռ. Գրիգորյանը պատասխանեց. «Հիմա կարծես կրիմինալ պատմությունների շրջան լինի, երբ լսարանը վերջնականապես հոգնի դրանցից՝ այլ թեմաներ առաջ կգան: Եթե սկսենք նեոռեալիստական պատմություններ պատմել, օրինակ՝ նա վեր կացավ, թեյ խմեց, գնաց, քայլեց, տեսավ, բարեւեց ոճի, չի հետաքրքրի լսարանին: Ցավոք, բայց այսօր պահանջարկն է թելադրում առաջարկը»: Իսկ այն դժգոհությունների մասին, թե սերիալների կրիմինալ «դաստիարակության» վերջը լավ չի լինելու, Ռ. Գրիգորյանն ասաց. «70 տարի ցույց էինք տալիս կյանքի միայն լավ կողմերը, բայց ոչ հանցագործությունն էր պակասում, ոչ էլ մենք դարձանք ավելի լավը: Բայց մյուս կողմից էլ կա ուրիշ ճանապարհ. կրիմինալ այդ սյուժեներով այնքան ազդել լսարանի վրա, որ երեխաները կորցնեն դրա նկատմամբ հետաքրքրությունը: Իսկ երբ դա փակ է եւ արգելված պտուղ, ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի երեխաների մեջ»: Խոսելով հայկական սերիալների որակական հատկանիշներից՝ զրուցակիցս նկատեց, որ դրանք հիմնականում ոչ թե նայելու, այլ լսելու սերիալներ են, որտեղ գերիշխում է ժարգոնը: Իսկ իրենց ստեղծածում, ի տարբերություն մյուսների, հերոսացվում է ոչ թե չարը, այլ հաղթում է արդար ոստիկանը, ապացուցելու, որ կրիմինալ աշխարհը անպատժելի չէ, անարդար ճանապարհով ձեռք բերվածը հավերժ չէ: