Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՇՐՎԱԾ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 25,2009 00:00

Կամ Շիրվանզադեն նորովի՝ Ռուսական թատրոնի բեմում

\"\"
Վերոնիկա Սարոյանը (Նատաշա) եւ Երվանդ Ենգիբարյանը (Ժորժ)։
Վյաչեսլավ Շամիրյանը (ձախից), Երվանդ Ենգիբարյանը եւ Իրինա Հարությունյանը:

Մարտի 20-ին Ռուսական թատրոնի բեմում հանդիսատեսի դատին հանձնվեց «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» ներկայացումը՝ բեմադրված Սա Ալ. Շիրվանզադեի բոլորին քաջ ծանոթ «Մորգանի խնամին» պիեսի հիման վրա: Բեմադրիչն էլ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է: «Վաղուց էի հղացել Շիրվանզադե բեմադրելու գաղափարը»,- ասում է նա եւ հավելում, որ Շիրվանզադեի այս գործն ունի որոշակի քաղաքական շեշտադրում, ինչից փորձել է ձերբազատվել: Ալեքսանդր Գրիգորյանն ասում է, որ պիեսը պատմում է, թե ինչ ծանր կացության մեջ են հայտնվում օտար երկրում բնակություն հաստատած հայերը. «Ինձ համար դա չէր առաջնայինը: Ես ավելի շատ նպատակ ունեի ցուցադրել, թե ինչպես են փշրվում մարդկային երազանքները»: Բեմադրիչը նաեւ նշում է, որ իրեն մտահոգում էր այն փաստը, որ թատրոնի խաղացանկում տարիներ շարունակ չկար ներկայացում՝ երաժշտական կոմեդիայի ժանրում:

Ա. Գրիգորյանը հայտնեց, որ իրեն ամենեւին էլ չի վախեցրել այն միտքը, թե դերասանները ողջ ներկայացման ընթացքում պետք է կենդանի երգեն, մանավանդ՝ թատրոնի մշտական հանդիսատեսը գիտի, որ այդ առումով թատրոնը չի էլ կաղում: Ի դեպ, ներկայացման երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, երգի խոսքերի հեղինակը Վիգեն Ստեփանյանն է, պարերն էլ բեմադրել է Նունե Կիրակոսյանը: Աննկատ չմնաց, օրինակ, Դավիթ Խաչատրյանի կովկասյան պարը կամ հենց այն, որ կաբարեի աղջիկների շարքում բեմում հայտնվեց նաեւ ինքը՝ Նունեն:

Ներկայացման հաջողությունը, ըստ Ալ. Գրիգորյանի, պայմանավորված էր նաեւ երիտասարդ դերասանների «ներմուծմամբ». «Մեր թատրոնն ունի ստուդիա եւ ներկայացման մեջ մեծ սիրով ներգրավել ենք սկսնակ դերասաններին: Համոզված եմ, որ նրանք նոր շունչ են բերում»:

Տպավորիչ էին նաեւ բեմի ձեւավորումը եւ ինքնատիպ լուծումները. ձեռքի մի քանի շարժումով բեմը մեկ վերածվում էր նախկին միլիոնատիրոջ առանձնատան, մեկ՝ գիշերային կաբարեի, որտեղ էլ բորբոքվում են կրքերը: Հենց այդ կաբարեում է ամեն երեկո հանրությանը զվարճացնում երգչուհի Նատաշան: Հերոսուհուն մարմնավորում է Վերոնիկա Սարոյանը: Դերասանուհին միանգամից գրավում է հանդիսատեսին թե հաջողված խաղով, թե վոկալով: Նատաշան խենթ ու խելառ անձնավորություն է, որն ամեն վայրկյան պատրաստ է տրվել կրքին, սեքսին, խմիչքին: Թվում է՝ այս կերպարը պետք է չափազանց վուլգար լիներ, բայց այդպես չէ… Պարզապես՝ փշրվել են նրա երազները, ու չնայած նա աշխատանքի բերումով շարունակում է զվարճացնել կաբարեի այցելուներին, բայց, միեւնույն է՝ նրանցից յուրաքանչյուրի մեջ փնտրում է իր երազանքների ասպետին:

Փշրված են նաեւ գլխավոր հերոս Մենթոեւի երազանքները (Վյաչեսլավ Շամիրյան): Արդեն սնանկ նախկին միլիոնատերը պատրաստ է ամեն քայլի, միայն թե որդին ամուսնանա կարծեցյալ ամերիկուհու հետ, եւ ինքը դառնա հայտնի միլիոնատեր Մորգանի խնամին: Վ. Շամիրյանի խաղին չէր զիջում նաեւ Իրա Հարությունյանի խաղը: Տիկին Մագդալինան, ըստ պիեսի, Մենթոեւի կինն է: Նրա կերպարը չափից ավելի գրոտեսկային էր. վառ կարմիր վարդերով զգեստ, վառ կարմիր կեղծամ, երգեցիկ ձայն: Մագդալինան սիրող մայր է, որ փորձում է տան վեճերը հարթել առանց ավելորդ աղմուկի… Նրա միակը երազանքը, որ կրկին փշուր-փշուր է լինում՝ տղայի ճակատագիրն է: Նրա երկու զավակների կյանքն էլ չի ստացվել. դուստրը՝ Լիդան (Անաիդա Գաբրիելյան կամ Էլիտա Սոնոկոեւա), ամուսնացած է հարբեցող Ստյոպայի հետ (Էրվին Ամիրյան): Մագդալինայի կերպարը վստահված է նաեւ թատրոնի երիտասարդ դերասանուհի Թեհմինե Խաչատրյանին: Վերջինս խոստովանում է, որ դերը կերտելու համար իրեն շատ է օգնել ավագ գործընկերուհին՝ Ի. Հարությունյանը: Երվանդ Ենգիբարյանը ընտանիքի լկստված զավակի կերպարում (Ժորժ) է հանդես եկել, նաեւ այլ ներկայացման ռեժիսորի օգնականն է: Նույն դերը վստահված է նաեւ թատրոնի դերասան Դավիթ Սեղպեյանին, որ թեեւ ունի գեղեցիկ վոկալ, բայց դեռ տեղ ունի հասնելու գործընկերոջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել