Երկուշաբթի օրը Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ստորագրված գազային պայմանագիրը բուռն արձագանքի է արժանացել Ռուսաստանում: gazeta.ru-ի տվյալներով, վարչապետ Վլադիմիր Պուտինը փաստաթուղթն անվանել է չմտածված եւ ոչ պրոֆեսիոնալ, սպառնալով, որ Ռուսաստանը կարող է նորից դադարեցնել գազի մատակարարումը: Ըստ Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի ստորագրած հռչակագրի՝ Եվրամիությունը պատրաստվում է արդիականացնել այդ երկրի գազատրանսպորտային համակարգը՝ դրա համար նախատեսելով $2,57 միլիարդ ներդրում: Ռուսաստանի մասնակցությունն այդ նախագծին չի նախատեսվում, ինչն առաջացրել է Պուտինի կոշտ հակազդեցությունը: ՌԴ վարչապետի կարծիքով, բրուսելյան համաձայնագրերը հաշվի չեն առնում հիմնական մատակարարի՝ Ռուսաստանի շահերը: «Մեզ հետ ոչ ոք չի խորհրդակցել: Արդյոք կկարողանա՞նք մենք ապագայում ապահովել նման ծավալներ: Արդյոք մենք այդպիսի ցանկություն ունե՞նք, թե՝ ոչ,- Սոչիում լրագրողին ասաց ՌԴ վարչապետը:- Եթե դա Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ եռանկյունում փոքրիկ տեխնիկական խոտան է, դա դեռ ոչինչ, բայց եթե Ռուսաստանի Դաշնության շահերի համակարգային անտեսման փորձ է, ապա դա, իհարկե, շատ վատ է»: Մոսկվան սպառնաց նորից թողնել Եվրոպան առանց գազի, ինչպես դա տեղի էր ունեցել հունվարին: Պուտինը խոստացավ, որ վերանայելու է իր հարաբերությունները Բրյուսելի հետ, իսկ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը ենթադրեց, որ գազի մատակարարման գործում մեծանալու է տեխնոլոգիական ռիսկի հնարավորությունը: