Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը երեկ հայտարարեց, որ ՌԴ-ին սպասում է ֆինանսական խնդիրների նոր ալիք, որը պայմանավորված կլինի տնտեսության ռեալ ոլորտում վարկերի չվերադարձմամբ եւ նավթի գների անկմամբ: Ըստ newsru.com-ի, Կուդրինը հայտարարել է, որ այն հույսերը, թե շուկան կարթնանա եւ կսկսի արտադրանքի սպառում, չեն արդարացել: «Որոշ բնագավառներում դժվարությունների հաղթահարումը կարող է տեւել 6 ամսից մինչեւ 1 տարի եւ դրանից հետո միայն կձեւավորվի առաջարկ, եւ կվերականգնվի վստահությունը շուկայի նկատմամբ»,- ասել է ֆինանսների նախարարը: Նա շեշտել է նաեւ, որ պետության կողմից պահանջարկն, ըստ էության, արհեստական ներարկում է, կաթիլային համակարգ, որը գործում է այնքան ժամանակ, մինչեւ հիվանդի մեջ չարթնանան իր սեփական ուժերը: Կուդրինը նաեւ կոչ արեց՝ ձեռնպահ մնալ այն բանկերի քննադատությունից, որոնք պահպանողական վարկային քաղաքականություն են վարում: «Մենք պետք է հիշենք, որ բանկերը, վարկ տալով, օգտագործում են ներդրողների միջոցները, հետեւաբար բանկային ռեսուրսների գինը չի կարող լինել գնաճից ցածր, հակառակ դեպքում՝ մարդիկ պարզապես փող չեն տանի բանկ, եւ երբ մենք ասում ենք՝՝ բանկե՛ր, ռիսկի դիմեք, պետք է հասկանաք, որ նրանք ռիսկի են ենթարկում մեր միջոցները»,- ասաց Կուդրինը: Թերթը հիշեցնում է, որ անցած տարվա սկզբին ՌԴ նախագահ Մեդվեդեւը քննադատեց բանկերին, որոնք, իրենց էգոիստական պահանջները դնելով, հրաժարվում են խոշոր վարկեր տրամադրել ձեռնարկություններին: ԶԼՄ-ներում արդեն նշվում է, որ նախագահի եւ ֆինանսների նախարարի միջեւ կան գաղափարական տարաձայնություններ: