Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեհարդար հիմնարար գիտության հանդեպ՝ ԳԱԱ-ում

Մարտ 25,2009 00:00

Այդ հանցագործության մասին բազմիցս եմ գրել նաեւ երկրի ղեկավարներին: Գիրս անպատասխան է մնացել։

Ստիպված եմ եղելությունը պատմել բոլորին։ Ժամանակակից քիմիան ունի մի տեսություն, որը հաճախ ապակողմնորոշում է քիմիկոսին, քան կատարում ուղեցույցի դեր։ Պատճառը մեկն է. այդ «տեսություն» կոչվածը ատոմների խնամակցական ուժերը գնահատում է այնպիսի միավորներով, որը նույնն է, թե մարդու բոյը չափեին կիլոգրամներով, իսկ քաշը՝ մետրերով։ Քիմիայի այդ դարավոր բացը մենք վերացրել ենք։ Առաջարկել ենք մի մոտեցում, որում ռեակցիա տեղի ունենալ-չունենալու ուժերը գնահատվում են միայն լիցքային միավորներով, եւ քիմիայի տեսությունը դառնում է անվրեպ։ Ավելին՝ այդպիսի գիտելիքների յուրացման եւ խնդիրներ լուծելու համար բավական է միայն իմանալ բուհական մակարդակի քիմիա եւ դպրոցական թվաբանություն։ Փաստորեն, քիմիկոսը ունակ է դառնում հաշված րոպեներում բացահայտել եւ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք հայտնի տեսությամբ ոչ հնարավոր է բացահայտել, ոչ լուծել՝ երբեւէ։

Մոտեցումն ունի միայն մի թերացում, նաեւ ցույց է տալիս, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսները (եւ ոչ միայն նրանք) տարիներ շարունակ զբաղվել են ոչ թե նոր եւ մրցունակ գիտելիքներ որոնելով, այլ՝ հայտնիները տիրաժավորելով։ Մեր ինստիտուտում գործող բոլոր գիտական խորհուրդների նախագահը, ով նաեւ Հայաստանի ամենապաշտոնազարդ ակադեմիկոսն է, զգալով նոր տեսությունից իրեն սպառնացող վտանգը, իսպառ վերացրեց բոլոր տեսակի (այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների) գիտական քննարկումները, այսինքն՝ ստիպեց, որ մեր ինստիտուտի գիտական արեւը (գիտխորհուրդը) լույսի փոխարեն խավար ճառագի։ Եվ դա հասկանալի է, քանի որ կատարել քննարկումներ եւ շրջանցել մեր մոտեցումը՝ անհնար է։ Այսինքն՝ փոխանակ թողնվեր, որ անհատ քիմիկոսը ինքը համադրեր տեսության ու փորձերի արդյունքները եւ տեսներ, որ նոր մոտեցումը իրոք բացառություններ չունի, մեր «պարոն դատավորը» սկսեց հավաքագրել իր կողմից ընտրած «մասնագետների» բացահայտ տգետ կարծիքներ՝ մեր հոդվածների ու մոտեցման դեմ։ Այդպես՝ ինստիտուտում գերադասվեց կույր ու տգետ ձեւանալ, միայն թե կարելի լիներ զանգվածը չափել մետրերով, իսկ գիտելիքը՝ զբաղեցրած պաշտոնի բռի ուժով։ Առավել զարհուրելին այն է, որ երբ այդ մասին տեղեկացրի ԳԱԱ նախագահին, նա ոչ միայն չկանխեց այդ տգիտությունը, այլեւ պաշտպանեց վնասարարներին։ Դրանից հետո սկսվեց գիտելիք ունեցողների եւ խավարամոլների մի պատերազմ, որում տգիտության ուժերը գերազանցեցին մերին։ Մի պատճառով միայն։ Մենք փորձով ու գիտելիքով հաստատվող ապացույցներ էինք բերում, նրանք՝ տգիտության եւ պաշտոնների սրերի ճռճռոցներ։ Արդյունքում մեր ինստիտուտի տնօրենն ու գիտխորհրդի ակադեմիկոս նախագահը կարողացան «ոչ գիտական» համարել իմ լաբորատորիայի երկու դիսերտացիաներ, որոնց հեղինակների միակ մեղքը այն է, որ կատարել են այնպիսի բացահայտումներ, որոնց գիտագործնական արժանիքները համադրելի են Ն. Կոպեռնիկոսի եւ Դ. Մենդելեեւի հայտնագործությունների հետ։ Օրինակ, նրանցով հնարավոր է նույնիսկ իմանալ, թե գրականության մեջ հայտնված փորձնական տվյալներից որոնք են հավաստի, որոնք՝ կասկածելի կամ սխալ։ Այլ երկրներում այդպիսի գիտելիքներից «ոսկի կքամեին», իսկ մերոնք ողջակիզել են այն երիտասարդներին, ովքեր համարձակվել են Հայաստանին դարձնել քիմիական գիտության համաշխարհային լիդեր։ Ես այդ ցավից մղկտում եմ նաեւ այն պատճառով, որ քիմիայի այն գիտելիքները, որոնցով հոխորտում են մեր ընդդիմախոսները, իմ ունեցածի համեմատ մանկապարտեզային մակարդակի են։ Հիրավի, եթե գիտելիքների պակասը ես ունենայի, ապա նրանք ոչ թե փաստեր կկեղծեին, այլ բաց բանավեճում (գրատախտակի մոտ) ցույց կտային, որ սխալվողը ես եմ։ Իսկ դա բացառում են, քանի որ համազգային եւ պետական հանցանք գործողները քիմիայի տարրական գիտելիքների կարոտ մեր այն «դատավորներն» են, ովքեր իրենց հաշիվները վաղուց են փակել գիտության հետ (եթե երբեւէ այդպիսիք ունեցել են)։ Թե ինչո՞ւ է երկիրը այդ մասնագիտական հաշմանդամներին այդքան շատ ու կարեւոր գիտական պաշտոններ վստահել՝ մնում է առեղծված։ Ստիպված հարցս ուղղում եմ երկրի նախագահին, ինչպե՞ս կարելի է ՀՀ ԳԱԱ պահել, որի նախագահը համարձակվի ակադեմիայի քիմիայի բաժանմունքը դարձնել գիտության դեմ տարվող պայքարի մի այնպիսի դիվերսիոն կենտրոն, որի «խորհրդատուները» բացառապես լինեն քիմիայի տարրական գիտելիքների կարոտ մասնագետներ։ Այդքանից հետո մեր երկրի ղեկավարությունը զարմանում է, երբ երկրի «գիտության կովն ուտում է», բայց «կաթ չի տալիս»։ Իսկ ինչո՞ւ տա, եթե նրանք երկրի նախագահին ու վարչապետին կեղծիքներ են հղում, իսկ իրենք էլ դրանից գոհանում են։ Ես որպես այդ գիտելիքների պրոֆեսիոնալ, հավաստում եմ, թե հնարավոր է այդ գիտելիքից «ոսկի քամել», իսկ մեր սուտլիկ-որսկանական գիտելիքների տերերը առարկում են կեղծիքներով։

Իմ այս նամակի նպատակն է նաեւ իմանալ, թե մեր երկրի նախագահը ո՞ւմ երաշխավորն է. գիտելիք ունեցողի՞, թե՞ այն հանցագործ ակադեմիկոսների, ովքեր ոչ միայն չեն կանխել այդ աղետը, այլ նաեւ շարունակում են հովանավորել թերուսներին։ Եվ, ամենակարեւորը՝ ո՞վ պիտի պատասխան տա այն անմեղ զոհերի համար, ովքեր մորթոտվել են տգիտության ձեռքերով՝ գիտական մեծ հաջողությունների համար։ Էդ ի՞նչ մի «բարի նպատակով» է մեր երկրում գիտելիք ունեցողը պատժվում, իսկ տգիտությունը՝ հովանավորվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել