Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵՂ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Մարտ 25,2009 00:00

Նրանցից շատերը կրթություն են ստանում կա՛մ արտասահմանում, կա՛մ Հայաստանում գործող՝ արտասահմանյան բուհերի «մասնաճյուղերում»:

Հայերի մոտ դեռ սովետական ժամանակներից բարձրագույն կրթություն ստանալը մոլուցքի նման մի բան էր: Ամենացավալին այն է, որ հիմնականում ծնողներն ուշադրություն էլ չեն դարձնում՝ իրենց երեխան ունի՞ բուհում սովորելու պոտենցիալ, նրա համար հեռանկարայի՞ն է այդ ուսումը, թե՝ ոչ: Այդ մարդկանց միակ մտահոգությունն այն է, որ իրենց զավակին, ինչ գնով էլ լինի, «ընդունել տան» հայաստանյան ամենահեղինակավորը համարվող բուհերի նույնքան հեղինակավոր ֆակուլտետը: Տարբեր տարիների այդ բուհերն ու ֆակուլտետները մի թեթեւ փոփոխություն կրում են, ասենք, եթե 15-20 տարի առաջ «հիթ-շքերթի» վերին հորիզոնականներում բժշկականի բուժֆակն ու ԵՊՀ-ի արեւելագիտականն էին, ապա 90-ականների կեսերին, երբ «համակարգչային բումը» հասավ Հայաստան, դրանք իրենց տեղը զիջեցին ԵՊՀ-ի «կիրառականին» ու ՀՊՃՀ-ի «ինֆորմատիկային»: Հումանիտար թեւում հայտնվեց «միջազգային հարաբերությունները» եւ երկար ժամանակ զբաղեցնում էր ամենաբարձր դիրքերը: Ճիշտ է, իրավաբանականն ու տնտեսագիտականը (այդ թվում՝ տնտեսագիտական համալսարանի «յուղոտ» ֆակուտետները) միշտ էլ իրենց կայուն տեղն ունեցել են «հիթ-շքերթում»:

Այդ ուսանողների շարքերում են ՀՀ քաղաքական գործիչների, հայտնի գործարարների զավակները: Վերջին մի քանի տարիներին, երբ սկսվել է արտասահմանյան բուհերի «մասնաճյուղերի»՝ ՀՀ-ում հիմնադրման մրցավազքը, հայաստանյան էլիտայի մոտեցումներն էլ են փոխվել: Միտումներից մեկն այն է, որ մեծահարուստները կամ հասարակական-քաղաքական գործիչները փորձում են իրենց երեխաների մտահորիզոնը հնարավորության դեպքում ընդլայնել՝ նրանց ուղարկում են սովորելու արտասահմանյան հեղինակավոր բուհեր: Սա գնահատելի է. գոնե նրանց սերունդներն իրենց ծնողներից մի փոքր ավելի գիտակ եւ հեռանկարային կլինեն: «Վերնախավային» ներկայիս մյուս մոդան էլ այն է, որ նույն գործարարներն ու տարբեր գործիչներն իրենց երեխաներին հիմնականում ուղարկում են ՀՀ-ում գործող Ֆրանսիական համալսարան, Սլավոնական համալսարան, Եվրոպական ակադեմիա, Ամերիկյան համալսարան եւ այլն:

Օրինակ՝ Ֆրանսիական համալսարանում են սովորում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի որդին, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի դուստրը, ԿԳ ներկայիս նախարար Սպարտակ Սեյրանյանի որդին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի որդին, ՀՀ դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանի որդին եւ այլք: Այս շարքը կարելի է երկար շարունակել Բայց փորձենք շեշտը դնել ոչ թե կոնկրետ անձերի վրա, այլ պարզենք, թե մարդիկ, որոնք ամեն օր հեռուստաէկրաններից բոլորին փորձում են համոզել, թե ՀՀ-ում ամեն ինչ դեպի լավն է գնում, ինչո՞ւ են իրենց երեխաներին սովորելու ուղարկում արտերկիր: Կամ ինչո՞ւ են ՀՀ կրթադաշտի կառավարման հիմքերում կանգնածները իրենց զավակներին կրթության ուղարկում ոչ թե ՀՀ պետական, մի քանի տասնյակ տարիների ավանդույթ ունեցող բուհեր, այլ՝ նոր հիմնադրված, արեւմտյան ավանդույթները կրող կրթական հաստատություններ: Գուցե իրո՞ք ՀՀ պետական, բուհերում այսօր ինչ-որ բան այն չէ, կամ գուցե կա ա՞յլ պատճառ: Այս մասին «Առավոտը» զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի հետ: Պարոն Սուվարյանը նկատեց. «Երեւի թե այդ մարդիկ գտնում են, որ իրենց երեխաների համար Ֆրանսիական համալսարանն ավելի լավն է, քան մեկ այլ բուհ: Բայց ներկայումս հայրենական բուհերի հանդեպ ուղղված անհիմն մեղադրանքներով դրանց հեղինակազրկում են, այն դեպքում, երբ մեր կրթադաշտում արդեն խիստ մեծ է արտասահմանյան բուհերի թիվը: Ուստի պիտի քայլեր արվի պահպանելու մեր բարձր իմիջը, ոչ թե անընդհատ արտասահմանյան բուհերին տուրք տալ: Բայց մեր բուհում էլ են սովորում պաշտոնյաների, քաղաքական գործիչների զավակներ»: Պարոն Սուվարյանին խնդրեցինք անուններ տալ, նա պատասխանեց. «Շատ են այդպիսիք, բայց քանի որ այդ հարցերով չեմ զբաղվում, անուններ չեմ կարողանում մտաբերել»: Երբ պնդեցինք, որ պարոն Սուվարյանն, այնուամենայնիվ, անուններ նշի, մտաբերեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի որդուն: Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց. «Ես այդպիսի միտում չեմ նկատում, ընդհակառակը, եթե նայեք վիճակագրությանը, մեր բուհում եւ նախարարների, եւ պատգամավորների զավակներ են սովորում: Ավելին, Ֆրանսիական համալսարան ընդունված շատ ուսանողներ ցանկություն են հայտնում հետո հայտնվել ԵՊՀ-ում, եւ մենք ստիպված ենք այդ հոսքի դեմն առնել»: Հետո հավելեց. «Եթե ձեռքներս ծալած նստենք եւ չմտածենք կրթության որակի բարձրացման մասին, ապա կգա ժամանակ, երբ կմնա միայն ԵՊՀ անունով առասպելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել