Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց կառավարությանը

Մարտ 25,2009 00:00

\"\"$700 միլիոն ներդրումները թղթի վրա՞ են մնացել

Կարծում եմ՝ շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հայրենասիրական այն հանկարծակի պոռթկումները, որոնք դրսեւորվեցին հայազգի մի քանի գործարարների մոտ մեկ տարի առաջ՝ նախագահական երդումը տված Սերժ Սարգսյանի կոչով, այն է՝ հայրենիքը շենացնելու համար ներդրումներ կատարել։ Կոչին հաջորդեցին շուրջ մեկ տասնյակ հայ գործարարների (հիմնականում՝ ՌԴ-ից) հայտարարություններն առ այն, որ պատրաստ են Հայաստանում հարյուր-միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարել։ Գումարների ընդհանուր ծավալը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում էր շուրջ 700 մլն դոլար։

Այն օրերին՝ առավելապես «Հայլուր» եւ իշխանական քարոզչության մնացած հաստատությունները, ԶԼՄ-ներով լայնորեն տարփողում էին այդ «ներդրումամանիան»։ Եվ դա «հասկանալի» էր. չէ՞ որ նոր վարչակազմը հատկապես մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հասարակական վստահությանը գեթ փոքր չափով արժանանալու օրախնդիր անհրաժեշտությունն ուներ:

Անշուշտ, գտնվեցին մարդիկ, ովքեր թեկուզ սկզբնական շրջանում անկեղծորեն հավատացել են նոր վարչակազմ-նոր ներդրումներ-նոր հովեր եռամիասնությանը։ Սակայն, երբ առաջնորդվում ենք «հայեցի» տրամաբանությամբ, ապա ամեն ինչ «տեղն է ընկնում»։ Դիցուք՝ եթե այդ խոստացված բազմամիլիոն «ներարկումները» կատարվել են, ապա ի՞նչն է պատճառը, որ ցայսօր իշխանական՝ նմանապես եւ կոալիցիոն մյուս հեռուստաընկերությունները, թեկուզ շաբաթական մեկանգամյա հաճախականությամբ, չեն անդրադառնում այդ «ազգափրկիչ» նախաձեռնություններին։ Կամ՝ ինչպե՞ս պատահեց, որ առայսօր կապույտ էկրանից այդպես էլ ականատեսը չդարձանք այս ներդրումները ստացած ձեռնարկությունների ղեկավարներից եւ աշխատողներից մի քանիսի ջերմ, երախտիքով լի խոսքերին։ Այս հարցերը արդյոք վկայությունները չե՞ն, որ խոստացված ներդրումները, ցավոք սրտի, խոստումներից այն կողմ չեն անցել։ Ֆինանսատնտեսական ճգնաժամը պատրվակ բերող հնարավոր ընդդիմախոսներիս համար «այս գլխից» միանգամից փաստեմ, որ նախագահի կոչի եւ գործարարների դրական արձագանքի օրերին համաշխարհային ճգնաժամը «հորիզոնում» նույնիսկ չէր նշմարվում։ Իսկ եթե $700 միլիոնանոց այդ «փաթեթը» այդպես էլ չի իրագործվել, ապա այդ դեպքում ի՞նչ կնշանակեին Սերժ Սարգսյանի կոչը եւ հայտնի գործարարների հավաստիացումները:

Արդ՝ վերոգրյալը հաշվի առնելով, ինչպես նաեւ առաջնորդվելով տեղեկատվություն ստանալու իմ քաղաքացիական իրավունքով, ՀՀ կառավարությանը հրապարակայնորեն ուղղում եմ հետեւյալ հարցադրումը.

2008 թվականին մի քանի հայազգի գործարարներ, անսալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոչը, իրենց պատրաստակամությունը հայտնեցին Հայաստանում մեծածավալ ներդրումներ կատարելու, կատարեցի՞ն խոստացածը, թե՝ ոչ: Եթե՝ այո, ապա կխնդրեի համառոտ, թվերի տեսքով ներկայացնել ներդրումների՝ այս պահի ընթացքն ու սպասվելիք արդյունքները, իսկ եթե՝ ոչ, ապա խնդրում եմ պարզաբանել նման խոշոր ներդրումների չիրականացման պատճառները։

Մնամ՝ ՀՀ կառավարության պատասխանին սպասող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել