Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅՔԱՅՈՒՄ

Մարտ 25,2009 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարում

3.

«Վատն է այն հեղափոխականը, որը պայքարի թեժ պահին կանգ է առնում՝ վկայակոչելով օրենքի անսասանությունը»

Թվում էր, թե «սովորական ազգի» մասին իր համոզմունքը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել էր ապացուցել իրական քաղաքականության մեջ՝ փաստացի արգելք դնելով հայ ժողովրդի հեղափոխության իրավունքի վրա: Դրանով իսկ նա ավելի հեռուն գնաց՝ իրեն ներկայացնելով որպես սովորական ազգի սովորական քաղաքական գործիչ, հայտարարելով՝ «Իսկ վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ հեղափոխություն: Միանգամից հարկ եմ համարում հայտարարել. Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այնուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները: Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը: Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից» (https://www.lragir.am):

Թերեւս կարելի է տարաբնույթ բացատրություններ տալ այս հայտարարությանը, կարելի է ըմբռնումով մոտենալ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգիծն անվերապահորեն պաշտպանող տպագիր մամուլին, սակայն անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ հասարակական-քաղաքական բարձր լարման պահերին Տեր-Պետրոսյանը նույնքան կարծրությամբ չէր մերժում հեղափոխությունը: Սակայն նրա արտաքին սառնասրտության տակ այլ պատճառ է թաքնված: Սառնասրտության պաղ դիմակի տակ նա հմտորեն քողարկում էր իր իրական զգացողությունն ու հոգեվիճակը. ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկյուղում է պատասխանատվություն ստանձնել հեղափոխության համար նաեւ այն պատճառով, որ մեկ տարի առաջ նա պարզապես ձախողել է այն: Հեղափոխության մերժման մասին հայտարարությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի ճանապարհից հեռացրեց այն հսկա ժայռաբեկորը, որը նրա ջանքերով էր դրվել: Ընդդիմության երբեմնի առաջնորդների նման, վկայակոչելով դեպի դրախտ տանող «սահմանադրական ճանապարհը», Տեր-Պետրոսյանն իրականում գնում է դեպի ընտրություններ: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասնակցությունը մարտավարական գրագետ քայլ էր, որը կարող էր եւ հեղափոխության նոր ազդակ ծառայել, եթե Տեր-Պետրոսյանն իրականում պատրաստ լիներ դրան, այլ ոչ թե երեւանցիներին ուղարկեր ընտրատեղամասեր քվեարկելու ՀԱԿ ցուցակի օգտին կամ ընտրական հանձնաժողովներին բացատրեր, որ չի կարելի կեղծել ընտրությունները: Սակայն հազիվ թե երկու շաբաթվա ընթացքում Տեր-Պետրոսյանը վերանայեր հեղափոխության մասին իր պատկերացումները: Մայիսի 31-ին Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության գործունեության երկրորդ շրջափուլն այսպես թե այնպես կավարտվի, սակայն ողջ հարցն այն է, թե կսկսվի՞, արյդոք, հաջորդ փուլը:

Մանավանդ որ, Հայաստանում «սահմանադրական ճանապարհը» վերածվել է այն ճակատագրական արտահայտության, որն արտաբերողները հայտնվում են փակ շրջանում:

21-րդ դարի քաղաքականության եւ քաղաքագիտության մեջ Լենինը հնամաշ է թվում եւ անընդունելի, սակայն նրա շատ դրույթներ շարունակում են արդիական մնալ եւ չհնանալ: Լենինը վստահ էր, որ «Վատն է այն հեղափոխականը, որը պայքարի թեժ պահին կանգ է առնում՝ վկայակոչելով օրենքի անսասանությունը»:

4.

«Դարաշրջանը կարելի է ավարտված համարել, երբ սպառվել են նրա բոլոր հիմնարար պատրանքները»

Հայաստանի նորագույն շրջանի պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ քաղաքական օրակարգում էին հայտնվում Լեւոն Տեր-Պետրոսյանի «մենք սովորական ազգ ենք» եւ Վազգեն Մանուկյանի «մենք համաշխարհային ազգ ենք» ձեւակերպումները, որոնք իրականում քաղաքական տարբեր ուղղություններ էին: Եթե Տեր-Պետրոսյանը ձգտում էր հայ ժողովրդին կանգնեցնել իրապաշտ քաղաքական գետնի վրա, կամա թե ակամա նրան հեռու պահելով մեծ ձգտումներից եւ նպատակներից, ապա Մանուկյանը տրամագծորեն հակառակն էր պնդում՝ մենք մեծ ձգտումներով եւ նպատակներով, նաեւ ռոմանտիկ ժողովուրդ ենք: Սակայն անողոք քաղաքականությունն ապացուցել է, որ քաղաքական խնդիրները չեն սահմանափակվում միայն ձեւակերպումներով ու բանաձեւերով, այլ հաստատվում կամ հերքվում են գործնական, առօրյա քաղաքականության մեջ՝ պայմանավորված հեղինակների վարքագծով: Նրանք երկուսն էլ՝ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե Վազգեն Մանուկյանն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ, ինչպես անվճռականության պատճառով ձախողել են իրենց վստահված հեղափոխությունը, այնպես էլ երկուսն էլ չեն կարողանում աշխատել միմյանց թիմում: Այն աստիճան, որ Վազգեն Մանուկյանը գերադասեց դառնալ Սերժ Սարգսյանի ստեղծած Հանրային խորհրդի համակարգողը, սակայն երկու անգամ փաստորեն հրաժարվեց դառնալ Տեր-Պետրոսյանի կառավարության ղեկավարը, նշանակվելով անիմաստ կառույցի ղեկավարը, որի գաղափարախոսն այն քաղաքական գործիչն է, որը տեւական ժամանակահատված հայաստանյան ընդդիմադիր դաշտին «վստահության հանրաքվեով» անուշաբեր թմբիր էր բերում:

Անշուշտ, հասարակական-քաղաքական գործընթացները եւ իրողություններն այնքան են ջարդել ու տրորել թե Վազգեն Մանուկյանին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ նեղացել-փոքրացել են նրանց խնդիրները, հնարավորությունները, ձգտումները: Ողջ խնդիրն այն է, որ քաղաքական այդօրինակ վարքագծի հետեւանքով նրանց երկուսի հետ փակվում է նաեւ Հայաստանի նորագույն պատմության այն էջը, որը բացեցին հենց նրանք՝ որպես հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ ոչ սովորական քաղաքական գործիչներ, որպես մեր ժողովրդի բարձր արժեքների եւ հզոր ձգտումների պատմական նվաճում, որը վատնեցինք խելահեղ ժամանակների հարահոսում՝ ի վերջո քայքայման հասցնելով մեր երկիրը:

Արթուր Միլլերն անթերի էր ձեւակերպել. «Դարաշրջանը կարելի է ավարտված համարել, երբ սպառվել են նրա բոլոր հիմնարար պատրանքները»:

5.

«Քաղաքականությունը նման է առասպելական սֆինքսին. նա լափում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում լուծել իր հանելուկները»

Հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջիկա հնարավոր զարգացումներն անկանխատեսելիության այնքան մեծ լիցք են պարունակում, որ կարող են կրակի կարոտ չոր վառոդի դեր խաղալ: Հայաստանում հանրային, քաղաքական կյանքը լիցքաթափված չէ, հեղափոխության ձգտումները չեն մարել, պետական հաստատություններն անզոր են դարձել լուծելու տարաբնույթ եւ հարաճուն բարդ խնդիրները: Բնության եւ քաղաքականության բոլոր օրենքների համաձայն մեծ էներգիան եւ բարձր լարումը կարող են մոխրացնել ամենքին եւ ամեն ինչ: Գործող իշխանության եւ ընդդիմության հետ չհամաձայնողների թիվը հաստատապես մեծանալու է, հուսահատության, անզորության, անարդարության, անպատժելիության, կեղեքումների համընդհանուր մթնոլորտում ստի, կեղծիքի, անամոթության մեջ հեծող Հայաստանը կարող է քայքայվել: Իշխանություններն ի զորու չեն վերահսկելու իրավիճակը, ըստ այդմ պարզ չէ, թե այսօր որտե՞ղ են այն մարդիկ, ովքեր այդեւայլ խնդիրները կարող են լուծել ինքնադատաստանի, հաշվեհարդարի, ահաբեկչության միջոցով: Հայաստանի ազգային անվտանգությունը բարդագույն իրավիճակում է, չի բացառվում, որ երկրում խնդիրների լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնի այդ մարմինը, երբ պետական, հասարակական, քաղաքական մյուս հաստատություններն անգործունակ դառնան: Սակայն մեր իսկ պատմությունից արդեն հայտնի է, թե ինչ է լինում այն երկրի հետ, ուր փաստացի իշխանությունը պատկանում է անվտանգության մարմիններին:

Ֆրանսիացի հրապարակախոս Անտուան դը Ռիվարոլը զգուշացնում էր. «Քաղաքականությունը նման է առասպելական սֆինքսին. նա լափում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում լուծել իր հանելուկները»:

Այդ սֆինքսն է լափում մեր երկիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել