Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 25,2009 00:00

«Իրեն կարելի է, մեզ չի կարելի՞…»

Գյուղի փողոցների անվանակոչություն՝ հարազատության սկզբունքով

Արմավիրի մարզի Շահումյան գյուղի ավագանին, գյուղապետ Հարություն Նավասարդյանի առաջարկով, 2006 թվականին որոշեց համայնքի 21 փողոցներից յոթն անվանակոչել համագյուղացիների անուններով: Առաջին հայացքից՝ գովելի, նույնիսկ՝ ընդօրինակելի նախաձեռնություն, որի նկատմամբ որեւէ դժգոհություն չպետք է լիներ, բայց, պարզվում է՝ համագյուղացիներին գյուղի փողոցների անուններում անմահացնելը ոչ բոլոր շահումյանցիներին է «շոյել»: Համայնքի ղեկավարն, օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը, կատարել է արժանի ժառանգորդի իր առաքելությունը՝ փողոցներից երկուսին տալով իր մերձավորների անունները:

Խախտելով քաղաքային եւ գյուղական ներբնակավայրերի անվանակոչման մասին կառավարության որոշման կետերից մեկը, համաձայն որի՝ «…անվանակոչումը կարող է կատարվել ականավոր որեւէ անհատի մահվանից առնվազն 10 տարի հետո», համայնքի ավագանին անվանակոչումն իրականացրել է նրանց մահվանից դեռ 10 տարի չանցած: Մասնավորապես՝ գործող գյուղապետի պապի՝ նախկին ԳԽ պատգամավոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս Լեւոն Նավասարդյանի անունով կենտրոնական փողոցն անվանակոչվել է նրա մահից ընդամենը 2 տարի անց, իսկ գյուղապետի մեկ այլ բարեկամի՝ Շահումյան համայնքի նախկին ղեկավար Մարտուն Գրիգորյանի անունով փողոց է անվանակոչվել մահվանից 4 տարի անց: Եթե նշված երկու դեպքերում, թեկուզ խախտումներով, գործ ունենք անվանակոչման հետ՝ անձանց մահվանից հետո, ապա Արծվիկի անվան փողոցի դեպքում պատկերն այլ է։ «Լավ է աչքով տեսնի, ականջով լսի, քան գնա անիմա» տրամաբանությամբ ավագանին գյուղի փողոցներից մեկն էլ կոչել է դեռ ողջ ու առողջ Արծվիկի անունով:

Մերձավորներից երկուսի նկատամբ իր «որդիական» պարտքը կատարելով, եւս 4-ին ետմահու, մեկին էլ դեռ կենդանի մեծարելու մասին որոշում կայացնելիս Շահումյանի ղեկավարությունը անտեսել է մի հանգամանք եւս. բացառությամբ պետական ու հասարակական գործիչ Լեւոն Նավասարդյանի, մնացած վեց անվանակոչվածներից որեւէ մեկը չի համապատասխանում կառավարության որոշմամբ ամրագրված՝ անվանակոչմանն արժանի անհատի նշանավոր լինելու չափանիշին:

Սերունդների հիշողությունում հավերժ մնալու եւ սեփական անունը մեծարելու մատչելի ձեւը ոգեւորել է շահումյանցիներին: Ոմանք նույնիսկ իրենց հոր կամ պապի անունը անմահացնելու առաջարկությամբ դիմել են գյուղապետին, բայց՝ մերժվել: «Ինչի՝ իրեն կարելի է, մեզ չի կարելի՞…»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը, ում կարծիքով հարգված տղա լինելն արդեն բավարար պայման է՝ սեփական անունով փողոց ունենալու համար:

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել