Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 25,2009 00:00

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԴԸ՝ ԿՈՂԲԻՑ

Սուրեն Աբովյանի՝ ակումբի Սուրիկի համար կարեւորը մնայուն գործ անելն է

Շարլ Բոդլերն ասում էր, որ մարդ մի օր էլ չի կարող առանց բանաստեղծության ապրել: Բոդլերի այս խոսքերը վերաբերում են նաեւ կողբեցի Սուրեն Աբովյանին: Իմ այն հարցին, թե ի՞նչն է ամենից շատ գնահատում, նա աներկբա պատասխանում է՝ արվեստը: Թերեւս արժե Սուրեն Աբովյանի անունը գրել Գինեսի ռեկորդների գրքում. 63 տարի անընդհատ մշակույթի բնագավառում ղեկավար է աշխատում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց ընդամենը մեկ տարի անց՝ 1946 թ. նոյեմբերի 15-ին, նա նշանակվել է հայրենի Կողբ գյուղի ակումբի վարիչ: Մինչ այդ, սակայն, հասցրել էր աշխատել Նոյեմբերյանի պետական թատրոնում որպես նկարիչ-կատարող (այդպես է այն ժամանակ կոչվել ձեւավորող նկարիչը):

1970 թվականին Կողբի մշակույթի տան տնօրեն Սուրեն Աբովյանը, օգտագործելով Լենինի ծննդյան 100-ամյակի առիթը, սկիզբ դրեց մի գործի, որն ամենեւին կապ չուներ պրոլետարիատի առաջնորդի եւ նրա գաղափարների հետ: Նա հիմնեց հայրենի գյուղի պատմության թանգարան եւ արդեն 39 տարի անփոփոխ ղեկավարն է: Հայաստանում եզակի գյուղական թանգարան է, ուր առկա է 1300 ցուցանմուշ: Հավաքածուն անընդհատ համալրվում է, շաբաթական մի ցուցանմուշով հարստանում: 81 տարեկան, սակայն երիտասարդական ավյունով լի Սուրենը անընդհատ հին իրերի, ցուցանմուշների որոնումների մեջ է, հաճախ այս նպատակով զանգում է համագյուղացիներին, հարցնում՝ ձեր տանը հին իրեր չկա՞ն: Կողբեցիները հաճախ իրենք են դրանք բերում, նվիրում թանգարանին ու նաեւ հպարտանում իրենց թանգարանով: Գյուղի մշակույթի տան երկրորդ հարկի մեծ սրահն արդեն նեղ է թանգարանի ամբողջ հարստությունը տեղավորելու համար: Ակումբի Սուրիկը (այսպես են նրան կոչում համագյուղացիները) անընդհատ կապի մեջ է իր անվանի համագյուղացիների հետ, որոնց ներկայացրել է թանգարանում՝ լուսանկարներով եւ կենսագրական նյութերով: Մշտական շփումների մեջ է համերկրացիների՝ մշակույթի հայտնի գործիչներ, նկարիչ Հենրիկ Մամյանի, երաժիշտ Սվետլանա Նավասարդյանի, երգչուհի Արաքս Դավթյանի, Լոս Անջելեսում բնակվող գիտնական Պավել Բարսեղյանի, ինչպես նաեւ հռչակավոր Էրմիտաժի տնօրեն Պիատրովսկու, նույն թանգարանի գիտաշխատող Անատոլի Լեոպոլդովիչի, Լուվրի թանգարանի գիտաշխատող Նազիկ Անջելյանի (ով եղել է Կողբի թանգարանում) եւ այլոց հետ: Նամակներ է գրում նրանց, խորհրդատվություն եւ Կողբի վերաբերյալ տեղեկություններ ստանում:

Սուրեն Աբովյանն իսկապես ոսկի ձեռքեր ունի, 9 գործիք է նվագում՝ զուռնա, կլառնետ, ակորդեոն, թառ, քյամանչա, ուդ, շվի, դաշնամուր եւ դհոլ: Զուռնա նվագելը սովորեցրել է հորեղբայրը՝ 1957 թվականին Մոսկվայում կայացած Երիտասարդության համաշխարհային փառատոնի ոսկե մեդալակիր Հովսեփ Աբովյանը, մնացածը՝ ինքնուս: 37 տարի Սուրենը «ծաղկացրել» է համագյուղացիների հարսանիքները, նաեւ անվճար նվագել սգո արարողություններում: Ընդհանրապես, երբ որեւէ կողբեցի կամ հարեւան գյուղերի բնակիչ է մահանում, նա թիթեղից հանգուցյալի անուն-ազգանունով ցուցանակ է պատրաստում, տեղադրում շիրիմին, մինչեւ որ հուշաքարը տեղադրեն: Արդեն կես դար մարդկանց նման ծառայություն է մատուցում, սակայն երբեք ոչ մեկից փող չի վերցրել: Ասում է, որ ճանապարհին ինչ թիթեղ գտնում՝ վերցնում է, ուղղում, ներկում: Սուրենը նաեւ ինքնուս քանդակագործ է ու նկարիչ, թանգարանի պատին համագյուղացի, Խորհրդային Միության հերոս Ջահան Ղարախանյանի յուղաներկ դիմանկարն է: Մեծ հայրենականում զոհված հերոսի վարպետ պատկերման համար նա 1978 թվականին Երեւանում, ինքնուս ստեղծագործողների մրցույթում ոսկե մեդալի է արժանացել: Կողբի պատմության թանգարանը իսկապես հարուստ է եւ տպավորիչ: Թանգարանի ամենահին նմուշը 2500 տարեկան սուրն է, որ գտնվել է գյուղի Տվարագեղցի եկեղեցու մերձակայքից: Նույն տեղանքից՝ քարե դագաղից հայտնաբերվել է մարդու քարե կիսանդրի: Կողբ գյուղի եւ հարակից շրջանների պատմության հետաքրքիր վկայություններ են մեկ դարից ավելի վաղեմության լուսանկարները, օրինակ՝ Ղազախի գավառի պրիստավ Վանո Յարալյանի հարսանիքի լուսանկարը, որը արվել է Թիֆլիսում, 1898թ.: Թանգարանի զարդն են գյուղի եկեղեցիների գեղեցիկ մանրակերտները, որոնք նույնպես Սուրեն Աբովյանի ձեռքի աշխատանքն են: Երբ արտասահմանից զբոսաշրջիկներ են գալիս Կողբ, անպայման նրանց այստեղ են առաջնորդում: Հայրենագիտական այս թանգարանը դարձել է դպրոցականների էքսկուրսիաների սիրված վայրը:

«Նոյեմբերյան քաղաքից 2 դասարան էր եկել: Եկել էին նաեւ Բերդավանից, Բագրատաշենից, մեր գյուղի դպրոցից, սահմանապահ զինվորներ են խումբ-խումբ գալիս»,- ասում է թանգարանի հիմնադիրն ու ղեկավարը, ում կյանքը հարազատ բնօրրանին եւ մարդկանց անմնացորդ ու անշահախնդիր նվիրումի հրաշալի օրինակ է:

– Ութ տասնամյակի բարձունքից երբ նայում ես, ո՞րն է կյանքի իմաստը:

– Հայրենի գյուղին, մարդկանց օգնելը, որեւէ մնայուն գործ անելը:

Արդեն մի շաբաթ Սուրեն Աբովյանը հիվանդ է, ասում է՝ սիրտն է ցավում: Նա, որ վերջին անգամ 45 տարի առաջ է հիվանդացել, հիմա ապավինել է բժիշկներին:

Հնամենի Կողբի մշակույթի պահապան ակումբի Սուրիկին մաղթենք շուտափույթ ապաքինում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել