Լրահոս
Օրվա լրահոսը

Ոճրագործն իրեն մեղավոր չի ուզում ճանաչել

Մարտ 25,2009 00:00

Կեղծ, հորինովի փաստեր՝ «կեղծ ցուցմունքների մասին»

Մեծարգո խմբագիր, Ձեր թերթի մարտի 21-ի համարում տպագրված «Իրեն մեղավոր չի ճանաչում» հոդվածը՝ «Ցմահ ազատազրկում՝ կեղծ ցուցմունքների հիման վրա» ենթավերնագրով, ցնցող ազդեցություն ունեցավ բոլոր նրանց վրա, ովքեր արդեն երեք տարի ապրում են ազնիվ ու առաքինի, ընտանիքին, ծնողներին, հարազատներին ու ընկերներին անմնացորդ նվիրված, իր անբիծ վարքագծով, աշխատասիրությամբ, օրինապաշտությամբ կոլեկտիվի սերն ու հարգանքը վայելած Արթուր Խալաթյանի դաժան սպանության ցավն ու այդ անմարդկային ոճրագործության չմարող արձագանքները։ Մեզ պարզապես ապշեցրեց ենթավերնագրի հավակնոտությունը, ոճրագործի անմեղ գառան դիմակով, հերոսի կեցվածքով նկարի տպագրությունը եւ թղթակցի ոչ պակաս հավակնոտ մեկնաբանությունները, որոնք այլ բնույթ կկրեին, եթե Ա. Գարեգինյանը ծանոթանար քաղաքում մեծ աղմուկ հանած այդ սպանության ողջ պատմությանը, գոնե քրգործին։

Հենց սկզբից ասենք, որ ցմահ դատապարտված հանցախմբի պարագլուխներից մեկի, երկու անգամ արդեն ավազակային հարձակման համար պատիժ կրած Հենրիկ Հովնիկյանի՝ ՀՀ նախագահին հասցեագրած նամակ-զառանցանքը ոտից գլուխ զրպարտություն է. հերթական անգամ աջ ու ձախ ցեխ ու մուր շպրտելու չարչրկված փորձ, որը սատանային ծախված ոճրագործի որդեգրած մարտավարությունն էր նաեւ երկար ամիսներ ձգված դատավարության ընթացքում, որին, ավաղ, չբարեհաճեցին մասնակցել լրատվամիջոցները, զգալու ու տեսնելու ցավի իրական ձայնը, տեսնելու մարդասպանների լկտի պահվածքը։ Մեկ-երկու առարկություն բերենք ապացուցելու համար, որ ցմահ ազատազրկվածի բոլոր փաստարկները պղպջակի նման հօդս են ցնդում։

Նախ՝ հանգուցյալ Ա. Խալաթյանի որդեկորույս ծնողները՝ տնտեսագետ հայրը եւ մանկավարժ մայրը թոշակառուներ են, իրենց համեստ, ազնիվ վաստակով ապրող մարդիկ, հետո՝ նրանց եւ ոչ մի հարազատ-բարեկամ բարձր պաշտոն չի վարում ոչ դատախազությունում, ոչ էլ ԱԱԾ-ում, նրանցից ոչ ոք ձեռնարկությունների սեփականատեր չէ եւ ոչ էլ՝ օլիգարխ։ Կարծում ենք, սրանք փաստեր են, որ կարելի էր առանց մեծ ջանքերի ստուգել։ Բնականաբար, Ա. Խալաթյանի հարազատ-բարեկամները չէին կարող ազդեցության լծակներ ունենալ, չէին կարող ճնշումներ գործադրել դատարանի վրա, որի կարիքը, հավատացե՛ք, բոլորովին էլ չկար։

Հետո՝ առեւանգման եւ շահադիտական դրդումներով ստոր ու դաժան սպանության համար մեղադրված հանցագործը ստում է նաեւ, թե, իբր, քրգործը կազմված է մեկ հոգու կեղծ ցուցմունքների հիման վրա։ Այստեղ են ասել՝ ճշմարտությունը մի երես ունի, սուտը՝ հազար ու մի, եւ նաեւ՝ լեզվի տակ ոսկոր չկա։

Մի՞թե ոճրագործը մոռացել է իր հանցակից «ախպերների»՝ Թաթուլ Միրզոյանի, իր զարմիկ Ռոբերտ Սարգսյանի, վերջինիս քեռու՝ Արամայիս Մկրտչյանի, նրա որդի Պատվական Մկրտչյանի, Ռոբերտի համադասարանցի Արամայիս Սահակյանի, նրա ընկերուհի Լիանա Միրումյանի նախաքննության ժամանակ եւ դատարանում տված ցուցմունքները։

Ահա այսպես, ՀՀ նախագահին հասցեագրված նամակ-զառանցանքի հեղինակը, կաշին փրկելու համար այնուհետեւ ցեխ ու մուր է թափում քննչական ողջ գործընթացի, դատական ողջ համակարգի վրա եւ որպես «հայրենիքը շատ սիրող», մատ է թափ տալիս ու սպառնում է արդարություն փնտրող ոչ ավել, ոչ պակաս… Մոզամբիկում, եթե, իհարկե, վճռաբեկ դատարանը չփոխի իր կարգավիճակը։

Թշվառ, խղճուկ արարած, երեւում է՝ լավ վարժապետ ունես։

Իսկ որ այդ վարժապետը Ռոբերտ Սարգսյանի հայրն է, արդեն գիտեն շատերը։ Մի քանի անգամ դատապարտված, նույնիսկ դատարանի դահլիճից փախած, տղայի ու բարեկամ Հենրիկի հետ երկու տարի Թուրքիայում թաքնված, հանցաշխարհին ծանոթ Զորիկ Սարգսյանն է, որն իր հերթական պատիժն էր կրում Կոշի գաղութում, բայց, չգիտես ինչ հրաշքով, ում ամենազոր աջակցությամբ վերջերս տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, մարդասպաններին շատ մոտ, ուղղորդելու նրանց հետագա անելիքները։

Բայց չէ՞ որ ուրիշները երազում են բանտից գաղութ գնալ, ավելի նորմալ պայմաններում կրել իրենց պատիժը։

Իրոք որ թշվառ, խղճուկ արարածներ։

Եղեռական մահով մեզանից հեռացած Արթուր Խալաթյանի՝ ամեն օր լաց ու արցունքի մեջ, մխացող վիշտն անթեղած ու լուռ իրենց խաչը կրող ծնողները, իրոք, հարուստ են, հարուստ են իրենց բազում ընկեր-բարեկամներով, որոնցից մի քանիսս էլ ահա ստորագրում ենք մեր այս ըմբոստացումը՝ ստորության, դաժանության, ստի ու կեղծիքի դեմ…

Ոչ մի ներում մարդասպանին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել