Լրահոս
Օրվա լրահոսը

Կատուն, մութը, վերելակը «սրտաճաք» են անում

Մարտ 25,2009 00:00

Հոգեբանների կարծիքով, ֆոբիաների հիմքը մահվան վախն է

«Ես մահու չափ վախենում եմ տանը մենակ մնալուց: Դեռ դպրոցական տարիներին դասից ոչ թե գնում էի մեր, այլ ուղիղ հարեւանի տուն, մինչեւ ծնողներիցս մեկը աշխատանքից վերադառնար: Հիմա էլ, եթե գիտեմ, որ տանը մարդ չկա, միայնակ ներս չեմ մտնում, ընկերուհիս կամ հարեւանուհիս պետք է հետս գան: Գիշերներն էլ սենյակիս լամպը միշտ վառ է, դուռը՝ բաց: Պետք է զգամ, որ կողքի սենյակում մարդ կա, որ մենակ չեմ: Երբ փոքր էի, մերոնք մտածում էին, թե կմեծանամ՝ կանցնի, բայց ես այդ վախը չեմ կարողանում հաղթահարել: Երեւի սարսափից կմեռնեմ, եթե մի վայրկյան տանը մենակ մնամ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 21-ամյա Աստղիկը: Նրա նման շատ մարդիկ կան, որոնք ունեն սեւեռուն վախեր: Նման երեւույթը կոչվում է ֆոբիա:

30-ամյա Արսենի ֆոբիան էլ մետրոյից է: «Վերջին անգամ մետրո նստել եմ 8 տարեկանում: Մի անգամ, երբ հորս հետ մոտեցանք անցակետին, եւ ժետոնը գցեցի, որ անցնեմ, այդ սարքն ուժեղ հարվածեց ոտքերիս: Դրանից հետո այլեւս երբեք չօգտվեցի մետրոյից: Արդեն գիտակից տարիքում մի քանի անգամ փորձել եմ այդ վախը հաղթահարել, մտել եմ մետրո, մոտեցել այդ սարքին, նույնիսկ ժետոնն եմ գցել, բայց չեմ կարողացել անցնել: Այն վայրկյանին, որ արդեն պետք է անցնեմ, սիրտս սկսում է ահավոր արագ զարկել, նույնիսկ գլխապտույտ եմ ունենում եւ ստիպված եմ լինում դուրս գալ այնտեղից: Գիտակցում եմ, որ անգամ ծիծաղելի է նման բանից վախենալը, բայց չեմ կարողանում այդ զգացումը հաղթահարել»,- պատմեց Արսենը:

«Ամբողջ կյանքում խուսափել եմ կատուներից: Չգիտեմ, դա վախ է, թե զզվանք, բայց ես սարսափելի վատ եմ ինձ զգում, երբ նույնիսկ հեռվից կատու եմ տեսնում: Ես կենդանիներ շատ եմ սիրում, տանը եւ թութակ եմ պահում, եւ շուն: Բայց կատուներին ատելով ատում եմ: Հակառակի նման մեր բակում դրանք շատ են: Երբ տնից պետք է դուրս գամ, պարտադիր ստուգում եմ՝ մուտքի մոտ կատու կա, թե ոչ: Եթե հանկարծ լինի, այնքան կսպասեմ, մինչեւ հեռանա կամ տնեցիներից մեկը գա դուրս քշի: Մի անգամ չգիտեմ ինչպես էր պատահել, չէի նկատել եւ մի կատու եկավ քսվեց ոտքերիս: Չեք պատկերացնի, թե ինձ հետ ինչ կատարվեց: Քիչ մնաց ուշաթափվեի: Դրանից հետո մոտ մեկ շաբաթ տնից դուրս չեկա»,- պատմեց 40-ամյա տիկին Անահիտը:

Մասնագետների ներկայացմամբ, ֆոբիաները սովորական վախից տարբերվում են նրանով, որ վախը կարող է լինել օբյեկտիվ եւ որոշ դեպքերում՝ դրական, զգուշացնող ֆունկցիա կատարել, իսկ ֆոբիան կպչուն, հիվանդագին վախն է եւ օբյեկտիվ հիմք չունի: Այն խանգարում է մարդկանց հանգիստ ապրել: Բացի այդ, կան ֆոբիաներ, որոնք շատ են ազդում մարդու բնականոն կյանքի, աշխատունակության վրա:

«Օրինակ, մարդը վախենում է մթից, բայց կարողանում է հաղթահարել այն եւ գիշերը մթության մեջ մի սենյակից մյուսն անցնել, իսկ ֆոբիայի դեպքում դա անհնար է: Ֆոբիայով տառապող մարդը կարող է շատ լավ հասկանալ, որ վերելակ նստելիս իր հետ ոչ մի վատ բան չի կատարվի, որ դրանում սարսափելի ոչինչ չկա, բայց, դա գիտակցելով հանդերձ, չկարողանա անել եւ ամեն օր ստիպված լինի 10-15 հարկ ոտքով բարձրանալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Նարե Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ տեսակետ կա, որ բոլոր ֆոբիաների հիմքը մահվան վախն է: Իսկ տարածված ֆոբիաներից են վախը փակ տարածությունից՝ վերելակ, ինքնաթիռ, թունել, բաց տարածությունից, բարձրությունից, բժշկական կաբինետներից, կենդանիներից, միջատներից եւ այլն:

«Որպես կանոն, մանկությունն է հիմք հանդիսանում ֆոբիաների համար: Օրինակ, մանկության տարիներին տեղի ունեցած ինչ-որ իրադարձություն կարող է տպավորվել երեւակայության մեջ, սակայն միայն տարիներ հետո արտահայտվել: Բայց հնարավոր է նաեւ, որ մարդը մեծ տարիքում ինչ-որ ավտովթարի ականատես լինի, եւ նրա մոտ առաջանա ֆոբիա՝ փողոցն անցնելու նկատմամբ»,- նշում է Ն. Գրիգորյանը:

Հոգեբանի խոսքերով, այս խնդրի լուծման ամենաառաջին մեթոդը մարդուն իր սեւեռուն վախի հետ առճակատելն է, այդ վախին դեմ առ դեմ հանդիպելու ընդունակություն առաջացնելը եւ ապացուցելը, որ իրականում վտանգավոր ոչինչ չկա. «Ասենք, եթե մարդը վախենում է վերելակ նստելուց, պետք է հնարավորություն ստեղծել, որ նա մի քանի անգամ անընդմեջ նստի այդ վերելակը եւ համոզվի, որ դրանից ոչինչ չի լինում: Խնդրի ամենաարդյունավետ լուծումը հոգեվերլուծությունն է: Ճիշտ է, այն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց շատ խորքային է ուսումնասիրում եւ լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել