Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարտ 25,2009 00:00

\"\"Այսօր գյումրեցիները նշում են «ԳԱԼԱ»-ի փրկության տարեդարձը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ մարտի 25-ին, Գյումրիում գրանցվեց աննախադեպ մի պատմություն. երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայազգի ներկայացուցիչները, մոտ 25 միլիոն դրամի հանգանակություն կատարելով, Գյումրիի անկախ լրատվական ալիքը փրկեցին փակվելու վտանգից, իսկ ավելի ճիշտ՝ տեր կանգնեցին իրենց խոսքի ազատությանը: Հեռուստամարաթոն-դրամահավաքությանը մասնակցում էին ինչպես հասարակ քաղաքացիներ, թոշակառուներ, գործազուրկներ, այնպես էլ հայտնի գործարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, նույնիսկ նրանք, որոնք «ի պաշտոնե» ստիպված էին մասնակցել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ծավալված արշավանքին: Այսպիսով, ժողովուրդը փակեց հարկայինի օպերլիազորների՝ հեռուստաընկերության գլխին կոտրած պարտքը, իշխանություններին ցույց տալով, թե ինչ արժե խոսքի ազատությունը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության եւ Խոսքի ազատության պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությամբ, այսուհետեւ մարտի 25 -ը նշվելու է որպես Խոսքի ազատության տոն: «Մարտի 25-ին փակվեց այն տուգանային գումարը, որ կեղծ ու չապացուցված հիմքերով «նկարել» էին հարկայինի օպերլիազորները, եւ որ առանց վկաներին լսելու եւ ապացույցների ուսումնասիրման, «արտանկարել» էր դատարանը: Հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան, աշխատատեղերը, ազատ եւ միայն հանրությունից կախված հեռուստաընկերությունը եւ մեր բոլորի խոսքի, արտահայտման, կարծիքի, տեղեկատվության ազատությունը: Դժվար է գերագնահատել այն սխրանքը, ինչ գործեց հեռուստաընկերությունը հանրության աջակցությամբ: Դեռ մեկ տարի առաջ, արժանիորեն գնահատելով այդ հաղթանակը, մտահղացանք մարտի 25-ը Խոսքի ազատության տոն ունենալ եւ տոնել այդ օրը ամեն տարի»,- նշված է Լեւոն Բարսեղյանի տարածած հայտարարության մեջ:

Երեկ «Առավոտը» «ԳԱԼԱ»-ի հեռուստադիտողների օմբուդսմեն Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հեռուստաընկերությունը բավարարում գյումրեցի հեռուստադիտողների պահանջները, պատրա՞ստ է այն դառնալ հանրային: «Իմ տպավորությունն այն է, որ հասարակությունը լրագրողներից, ԶԼՄ-ներից ավելի շատ բան է ակնկալում, քան իրականում նրանք ունեն էդ հնարավորությունը, եւ քանի որ հիասթափություն կա իշխանության մյուս օղակներից, ժողովրդի միակ հույսը մնացել են լրատվական միջոցները եւ պատահական չէ՝ ցանկացած իրադարձության դեպքում ոչ թե ոստիկանություն, քաղաքապետարան կամ մարզպետարան են զանգում, կամ էլ այլ պաշտոնական մարմնի, այլ՝ լրագրողներին, հեռուստատեսություն: «ԳԱԼԱ»-ն, իր որդեգրած քաղաքականությամբ, սկզբունքներով ավելի մոտ եղավ ժողովրդին, քան մյուսները: Կարեւորն այն է, որ կարծես թե «ԳԱԼԱ»-ի տնօրինությունը եւ ստեղծագործական խումբը, այնուամենայնիվ, ինչ-որ բանի տեղ դնում են օմբուդսմենի դիտողությունները, առաջարկությունները, որոնք գալիս են հեռուստադիտողների առաջարկներից: Դա նկատվում է թե՛ «Լուրեր» լրատվականի բովանդակային փոփոխություններով, թե՛ ռեժիսուրայի փոփոխություններով: Եթե պատմական էքսկուրս կատարենք, «ԳԱԼԱ»-ն որոշակի պարտավորություն ունի ժողովրդի հանդեպ, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց ու փրկեց փակվելու վտանգից, հետեւաբար եւ փոխադարձ պարտավորություններ կան «ԳԱԼԱ»-ի ու ժողովրդի միջեւ: Հեռուստադիտողներն էսօր իրավական ուղղությամբ հաղորդաշարեր են ուզում, առաջարկում են ստեղծել «թեժ գծեր», իրենց իրավական գիտելիքները բարձրացնող ուսուցողական ծրագրեր հեռարձակել: Իսկ ընդհանուր առմամբ դժգոհում են, որ տնտեսական խորը վերլուծություններ չկան»,- ասում է Վ. Թումասյանը: Ըստ օմբուդսմենի, այստեղ լրագրողների մեղքը քիչ է, քանի որ Գյումրիում լրագրող աշխատելն այնքան էլ հեշտ չէ, գյումրեցի մասնագետները վախենում են կարծիք արտահայտելուց, հարկ եղած դեպքում՝ քննադատական խոսք հնչեցնելուց, որից էլ տուժում է լրագրողի աշխատանքը. «Քաղաքական առումով Գյումրին լճացած է, քաղաքական կյանքը տեղական ընտրություններից հետո այստեղ կանգ է առել, օրինակ՝ հեռուստադիտողները բողոքում են, թե ինչու ավագանու անդամները չկան եթերում, բայց հասկանալի է, որ էդ մարդիկ ցանկություն չունեն եթերում լինել, լրագրողը հո չպիտի գնա նրանց ոտքերը ընկնի, թե էկեք եթեր, հասկանալի է, թե մեր քաղաքում ովքեր են ավագանի ընտրվել: Իսկ տնտեսագետների առումով՝ հեռուստադիտողները ինձ դժգոհում են, թե որպես զրուցակիցներ լավ մասնագետներ չեն ընտրվում, բայց Գյումրին շշմելու վիճակի մեջ է, եթե Երեւանում քաղաքական գործիչները կամ տնտեսագետները իրենք են գնում մամուլի ակումբ ու ասուլիս հրավիրում, Գյումրիում ես նման բան չեմ տեսնում, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուրը մի աղբյուր գտել է սնվելու ու ուզում է շառից հեռու մնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել