Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՑՆԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ

Մարտ 25,2009 00:00

\"\"Բնական գազի թանկացմանը զուգահեռ, «գծատերերը» պատրաստվում են բարձրացնել ուղետոմսի արժեքը

Միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների սակագները ապրիլի 1-ից կբարձրանան: Սա գծատերերը պայմանավորում են բնական գազի թանկացմամբ: Նշենք, որ ավտոմեքենաների համար օգտագործվող վառելիքը եւս մատակարարում է «ՀայՌուսգազարդը», որն արդեն հայտարարել է գազի թանկացման մասին:

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 18-ին տրանսպրոտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե երթուղիները սպասարկող ընկերությունները ներկայացնեն սակագնի բարձրացման հիմնավորումներ, ապա դրանք կընդունվեն:

«Առավոտը» փորձեց երթուղիների շահագործմամբ զբաղվողներից ճշտել, թե սակագնի բարձրացման վերաբերյալ ունե՞ն արդյոք հիմնավորումներ եւ որքանո՞վ են պատրաստվում թանկացնել ուղեվարձը: Երեւան-Արմավիր երթուղագիծը սպասարկող «Երեւանի մերձքաղաքային ՈՒԱՏ» ընկերության տնօրեն Մուշեղ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սակագների բարձրացումն անհրաժեշտ է, սակայն հարց է՝ թույլ կտա՞ն, թե՝ չէ: Նրա խոսքերով. «Մենք հիմա էլ ենք վնասով աշխատում: Մեզ պետք է մի քիչ բարձրացնել երթուղայինի տոմսի գինը: Մենք դեմ ենք այդ բարձրացմանը, քանի որ ազդում է մեր աշխատանքի վրա, ժողովուրդը փող չունի, չի օգտվի մեր մեքենաներից, բայց պիտի մի քիչ թանկացնենք, քանի որ ծախսերի տակից չենք կարողանում դուրս գալ: Իսկ թե ինչքանով, պարզ կլինի գազի թանկացումից հետո: Գիտեք, ժողովուրդն այնքան զայրացած է, գնում են խանութ՝ ամեն ինչ թանկացել է, ձայն չեն կարողանում հանել, սակայն փոխադրման գնի մեջ եթե 50 դրամ ավելանում է, նրանք միանգամից վրդովվում են»:

Երեւան-Թալին եւ Թալին-Գյումրի երթուղագծերն էլ սպասարկող «Թալին ԱՏՃ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանն էլ ասաց, որ եթե գազը թանկանա, ստիպված կլինեն սակագինը բաձրացնել: Նրա ներկայացմամբ. «Օրինակ, Երեւան-Գյումրի միկրոավտոբուսը, որը սպասարկում է 1200 դրամով, անցնում է 120 կմ, իսկ Երեւան-Թալինը 500 դրամ է, որը 70 կմ է: Եթե գազը թանկացավ, մենք ընդհանրապես չենք կարողանա տեղավորվել»: «Թալին ԱՏՃ»-ն դեռ նախարարություն չի դիմել սակագինը բարձրացնելու առաջարկով, սակայն Ա. Մկրտչյանի խոսքերով. «Տեսնենք՝ ինչքան կթանկանա, հաշվարկներ կանենք, եթե կարողանանք տեղավորվել, ապա չենք թանկացնի, եթե ոչ՝ կդիմենք նախարարությանը»:

Երեւանից Արմավիրի մարզի գյուղեր եւ Էջմիածին ուղղություններով մեկնող երթուղագծերը սպասարկող «Էջմիածին ԲՈՒԱՏ»-ի տնօրեն Մանվել Վարդանյանը եւս հավաստիացրեց, որ ապրիլի 1-ից գազի թանկացումից հետո՝ տոմսը անպայման կթանկացնեն: Նրա խոսքերով. «Նախարարությունում գիտեն, թե ինչ է կատարվում: Գիտեն, որ ամեն ինչն էլ թանկացել է, իսկ մեր սակագինը կախված է գազի թանկացումից»: Ըստ Մ. Վարդանյանի՝ իրենք ներկայումս աշխատում են առանց շահույթի: Մեր հարցին, թե ուղետոմսի թանկացումը կնպաստի՞, որ ընկերության վիճակը բարելավվի, Մ. Վարդանյանը դժվարացավ պատասխանել:

Մեզ հետ զրույցում Երեւան-Գեղարքունիք, Երեւան-Ապարան երթուղիները սպասարկող «Վի-Առ» ընկերությունից Սմբատ Սահակյանն ասաց, որ իրենք էլ դեռեւս նախարարություն չեն դիմել, սակայն «թանկացումները կլինեն ինքնըստինքյան»: Ս. Սահակյանի ներկայացմամբ՝ թանկացել են նաեւ պահեստամասերը, իսկ դոլարի փոխարժեքի բարձրացմանը զուգահեռ՝ բարձրացել է մաքսազերծման գինը:

Երեւան-Կոշ-Կաքավաձոր գիծը սպասարկող «Խաչատուր եւ Դմիտրի» ընկերության տնօրեն Հակոբ Երիցյանի խոսքերով՝ ուղետոմսի թանկացման առնչությամբ իրենք դեռեւս ոչինչ չեն ձեռնարկել. «Ամեն ինչ կախված է գազի թանկացումից եւ նաեւ նրանից, թե մենք մրցույթն ինչ սակագնով ենք շահել եւ ինչքանի հնարավորություն ունենք բարձրացնելու: Եթե նախարարության հանձնաժողովը թույլ տա, մեր ծախսերին համարժեք կբարձրացնենք»:

Չնայած տրանսպորտի եւ կապի նախարարի՝ ուղետոմսի գինը բարձրացնելու «պատրաստակամությանը», նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը «Առավոտին» փոխանցեց, որ դեռեւս որեւէ ընկերություն սակագները բարձրացնելու առաջարկով իրենց դիմում չի ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել