Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակտիվ, դինամիկ քարոզարշավ

Մարտ 25,2009 00:00

\"\"ՀԱԿ-ը ըմբռնումով է մոտենում

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, թե Կոնգրեսն ափսոսում է ոչ միայն Կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության՝ միասնական ցուցակով հանդես գալու շուրջ բանակցությունների տապալման, այլ նաեւ՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ այդ կուսակցության ընդունած որոշման առնչությամբ: «Բոլոր դեպքերում մենք ըմբռնումով ենք մոտենում մեր գործընկերների որոշմանը»,- երեկ ասաց Ա. Մուսինյանը, հավելելով, որ երեկվա դրությամբ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, թեեւ չի բացառվում, որ ապագայում համագործակցություն կամ շփումներ լինեն:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ ՀԱԿ մամուլի խոսնակը նկատեց, թե՝ իշխանությունն ու հասարակությունն ընկալում են, որ այդ ընտրությունները բացառապես քաղաքական են, իսկ այդպիսի ընտրություններում, որպես կանոն, «իշխանությունը միշտ ջախջախիչ պարտություն է կրել»:

Ա. Մուսինյանը հավաստիացրեց, որ ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավը շատ դինամիկ ու ակտիվ է լինելու, որի ընթացքում տեղի են ունենալու նաեւ երթեր ու հանրահավաքներ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ քարոզարշավի որոշ դրվագների կմասնակցի, որոշներին՝ ոչ: Իսկ Դաշինքի հիմնական մրցակիցը, ըստ Արման Մուսինյանի, լինելու է ոչ թե կոնկրետ թեկնածուն կամ այս ու այն ուժի ներկայացրած ընտրացուցակը, այլ՝ իշխանությունը. «Մենք մրցակից թեկնածու չունենք, մեր մրցակիցը ավազակապետական իշխանությունն է, ցուցակները մեզ չեն հետաքրքրում»:

Հարցին, թե արդյոք Լեւոն Տեր- Պետրոսյանը պատրա՞ստ է աշխատել Երեւանի քաղաքապետի պաշտոնում՝ Արման Մուսինյանը պատասխանեց, որ երկրի առաջին նախագահը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի երկրում վերականգնվի սահմանադրական կարգը եւ երկիրն ազատվի ավազակապետական իշխանությունից: Նա կաշխատի քաղաքապետ այնքան ժամանակ, մինչեւ այդ հարցերը չլուծվեն:

Ա. Մուսինյանը նկատեց, որ այսօր ընդդիմությունը մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններին գնում է մեկ միասնական թիմով՝ մեկ ցուցակով, ինչն աննախադեպ է՝ 14 կուսակցությունների դաշինք, իսկ իշխանությունը՝ մի քանի թեկնածուով: «Եթե արդար ընտրություններ անցկացվեն՝ դա կլինի Հայաստան պետության հաղթանակը»,- հայտարարեց Մուսինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել