Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ

Մարտ 25,2009 00:00

\"\"«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովը փորձում է 10 զոհերի մահվան հանգամանքները պարզել՝ դժգոհելով նախաքննական մարմնից:

Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց հետեւանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստում հանձնաժողովականները երեկ հյուրընկալել էին մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի կիրառումից զոհված Տիգրան Խաչատրյանի ծնողներին: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքով՝ զոհվածի ծնողներին հրավիրելու նպատակն է նրանց հետ զրուցել եւ պարզել զոհվածի մահվան հանգամանքները: Նա հույս հայտնեց, որ Տիգրանի ծնողների տրամադրած տեղեկատվությունը կնպաստի հանձնաժողովի հետագա աշխատանքներին: Ծնողները նշեցին, որ հակասություններ են նկատել մեղադրական եզրակացությունում արձանագրված ժամերի հետ. խնդրեցին  հանձնաժողովի անդամներին՝ պարզելու, թե ո՞վ է սպանել իրենց տղային եւ ի՞նչ պայմաններում:

Հանձնաժողովը որոշեց հրավիրել եւ պարզաբանումներ ստանալ նաեւ Տիգրան Խաչատրյանի ընկերոջից, որը նրա հետ գտնվել է Մյասնիկյանի արձանի մոտ, պարզաբանումներ պահանջել նախաքննական մարմնից՝ ժամային հակասությունների վերաբերյալ, նաեւ պահանջել վարույթում գտնվող գործերը, իմանալու համար, թե յուրաքանչյուր գործով ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել: Մենք նիստի մանրամասներին հատուկ չենք անդրադառնա, քանի որ Տիգրանի եւ մարտի 1-ի մյուս զոհերի մահվան հանգամանքների մասին բազմիցս եղել են հրապարակումներ: Սակայն նիստի ողջ ընթացքում ե՛ւ հանձնաժողովականները, ե՛ւ լրագրողները սարսափելի ընկճված վիճակում էին, բոլորը կարծես հասկանում էին, որ որդեկորույս մարդկանց հրավիրել են՝ զուտ գործ անելու տպավորություն ստեղծելու համար, իսկ նրանց որդու մահվան իրական հանգամանքները մեկ այլ տեղում են թաքնված: Տիգրանի մայրը հանձնաժողովի անդամներին ուղղակի հարցրեց՝ ինչո՞ւ է սպանվել իր որդին, երբ այդ օրը նա պարզապես գնացել էր Մյասնիկյանի արձանի մոտ, տեսնելու, թե ինչ է կատարվում, եւ հետո նրան հայրը գտել է դիահերձարանում՝ սպանված եւ խոշտանգված: Հանձնաժողովն, իհարկե, պատասխաններ չուներ: Հանձնաժողովի անդամները պարզապես առաջարկեցին հրավիրել նաեւ Տիգրանի ընկերոջը կամ այն անձանց, ովքեր դեպքերի ժամանակ տեսել են տղային, գուցե ինչ-որ բան նրանց միջոցով կպարզվի: Սակայն Տիգրանի մայրը նկատեց. «Մեզ հարցաքննողները հարցնում են, թե նախագահական ընտրությունների ժամանակ ո՞ւմ է ընտրել մեր որդին, չեմ հասկանում՝ դա ի՞նչ կապ կարող էր ունենալ մեր տղայի սպանության հետ, այսքանից հետո դուք կարծում եք՝ իրականությունը տեսնողը այդքան ռի՞սկ կունենա եւ կասի՞, թե ինչ է տեսել իրականում»:

Մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանին նիստից հետո հարցրինք՝ զոհերի հարազատները մե՞ղք չեն, բերում են հանձնաժողով, հարցեր են տալիս, մարդկանց վիշտը նորից ու նորից փորփրում են, երբ կա նախաքննական մարմին, երբ կան հատուկ միջոցներից կոնկրետ կրակողները, կան հրաման տվողները, կան փամուշտները եւ հազար ու մի այլ ապացույցներ այն մասին, թե ովքեր, որտեղ, ինչպես եւ ինչով են կրակել: Ուրեմն, ինչո՞ւ է հանձնաժողովն ընկել ձեւական բաների ետեւից եւ փորձում հերթական ներկայացումը սարքել: Ի պատասխան այս դիտարկումների՝ պարոն Մինասյանն ասաց, որ նախ՝ զոհերի հարազատներն իրենք են ցանկացել հանդիպել հանձնաժողովի հետ. «Երկրորդ, եթե հատուկ քննչական ծառայությունը բոլոր հարցերի պատասխանները տված լիներ, իհարկե, այսօրվա այս վիճակում չէինք հայտնվի, եւ այն, որ բազմաթիվ բաց հարցեր են մնում թե ծնողների եւ թե մեզ համար, խոսում է հենց նախաքննության ոչ բավարար մակարդակի մասին: Եթե այդ մակարդակը բավարար լիներ, այսօր այդպիսի հարցեր չէին լինի: Եվ, վերջապես, երրորդը. «Չերյոմուխայից» զոհվածների մասով նաեւ հանձնաժողովի նիստի ժամանակ այդ հարցը բարձրացրեցինք, հանձնաժողովը ստիպված է գնալու այս մեթոդով, այսինքն՝ փորձելու ենք ինչ-որ բան պարզաբանել, իրավիճակը հստակեցնել: Կրկնում եմ, եթե մենք հատուկ քննչական նախաքննության արդյունքում ունենայինք բավարար հիմքեր, իհարկե, այդ ծանրաբեռնվածության տակ այլեւս չէինք մտնի: Այնպես որ, սա ավելորդ ներկայացման տպավորություն թող չթողնի, կա անկեղծություն, որ ուզում ենք բացահայտել»: Հանձնաժողովի աշխատանքներին ստեղծման օրվանից հետեւելով՝ եկել ենք այն եզրակացության, որ այս հանձնաժողովը գրեթե բոլոր դեպքերում դժգոհ է, բավարարված չէ այն աշխատանքից, որ կատարում է մարտի 1-ի գործով նախաքննական մարմինը, ուրեմն՝ ինչո՞ւ խորհրդարանական հանձնաժողովը չի վերցնում իր վրա պատասխանատվություն՝ դիմել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ տեղեկացնել, որ մեկ տարի շարունակ նախաքննական մարմինը ոչինչ չի անում հատկապես մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզաբանելու համար: Արծվիկ Մինասյանը մեր հարցը դիտարկեց երկու հարթությունում՝ իրավական եւ քաղաքական:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նախաքննական մարմնի իրավական գնահատականը տալիս է դատարանը եւ ոչ թե որեւէ հանձնաժողով, իսկ քաղաքական գնահատականը հանձնաժողովը տալու է եւ տալու է եզրակացության տեսքով. «Իսկ այս ընթացքում բազմաթիվ անգամ հանձնաժողովի տարբեր անդամների կողմից ասվել է, որ անբավարար է գնահատվում նախաքննական մարմնի աշխատանքը, այս աշխատելաոճը, այս ձեւը, եւ, դրանից զատ, այսօր այլ առաջարկությամբ հանդես գալը հանձնաժողովի այս պահի իրավասությունների մեջ չէ, բայց եզրակացության մեջ գնահատական կհնչի, համենաjնդեպս, ես հակված եմ գոնե այս մասով ոչ բավարար գնահատականի առաջարկ անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել